Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

25.03.2019

Մարտի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում առանձին-առանձին քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների շուրջ իրականացված աշխատանքները,  կրկին արձանագրվեցին այն հանձնարարականները, որոնք լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք ունեն:
Այնուհետև Գնել Սանոսյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի համայնքներից սուբվենցիոն նպատակով ներկայացրած ծրագրերին, նշելով, որ դրանց քանակական առումով մարզը հանրապետությունում առաջատարն է, ու պետք է անենք հնարավորը, որպեսզի ներկայացրած բոլոր ծրագրերը ֆինանսավորվեն և կյանքի կոչվեն: «Մարզի 46 համայնքներից ներկայացրել ենք 108 սուբվենցիոն ծրագիր, դեռևս 2-ն էլ քննարկման փուլում են: Քանի որ ծրագրային և ֆինասական ներդրումների առումով առաջինն ենք հանրապետությունում, ցանկանում եմ շնորհավորել բոլորիս և շնորհակալություն հայտնել համայնքների ղեկավարներին, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնին, ՏԻՄ, քաղաքաշինության և ֆինանսական վարչություններին, ովքեր իրենց մասնակցությունն են ցուցաբերել սուբվենցիոն ծրագրերի ստեղծման, դրանց ներկայացման հարցում: Կարևորելով մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանի և բաժնի աշխատակիցների կատարած աշխատանքը՝ հարկ եմ համարել նրանց ներկայացնել պարգևատրման: Միաժամանակ հորդորում եմ ձեզ՝ ուշադրության կենտրոնում պահել սուբվենցիոն ծրագրերի ընթացքը և շարունակական աջակցությունը, որպեսզի կյանքի կոչվեն ներկայացված բոլոր ծրագրերը» ,- նշեց Գնել Սանոսյանը:
Այնուհետև ամփոփվեց մարտի 23-ին կայացած համապետական շաբաթօրյակի ընթացքում մարզի համայնքներում իրականացված աշխատանքների արդյունքները: Համապետական շաբաթօրյակի մարզային հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը մանրամասնորեն ներկայացրեց շաբաթօրյակի ընթացքում իրականացված աշխատանքների ընդհանուր պատկերը: « Մարզի մի շարք համայնքների ղեկավարներ ցուցաբերել են անպատասխանատու վերաբերմունք, իսկ մարզպետարանից համայնքներ գործուղված աշխատակիցները իրականացրել են ոչ բավարար վերահսկողություն»,- նշեց մարզպետի տեղակալը:
Մարզպետ Գնել Սանոսյանը եւս իր դժգոհությունը հայտնեց մարզում համապետական շաբաթօրյակի ընթացքում իրականացված աշխատանքներից: «Շաբաթօրյակի աշխատանքները գնահատում եմ խիստ անբավարար: Իհարկե կային համայնքներ, որոնք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին շաբաթօրյակի ընթացքում, այդ նույնը կարող եմ ասել նաև մարզպետարանի աշխատակիցների համար, սակայն աշխատանքներում թերացող անձինք կենթարկվեն կարգապահական տույժի: Ես հորդորում եմ՝ հետևություն անել այս ամենից և ձևական ընթացք չտալ համապետական շաբաթօրյակին, իսկ ապրիլ ամսին նախատեսվող հերթական միջոցառմանը ցուցաբերել ակտիվ մասնակցություն», - ներկայացրեց մարզպետը:
Գնել Սանոսյանը հանձնարարեց պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ աշխատանքներ տանել համայնքապետարանների հետ, որպեսզի կանոնակարգվի աղբահանությունը և այդ ուղղությամբ վարձավճարների հավաքագրումը:Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետը հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ մշակել կանոնակարգ՝ մարզպետարանում քաղաքացիների մուտքի և ելքի ապահովման համար, ուսումնասիրել սուբվենցիոն ծրագրեր չներկայացրած համայնքների ֆինանսական վիճակը և ներկայացնել տեղեկատվություն, խիստ վերահսկողություն իրականացնել մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվելիք հրատապ ծրագրերի ընթացքի, մարզի դպրոցներում խմբակների գործունեության ձևաչափերի ուղղությամբ: Մարտունի և Ճամբարակ համայնքներում ջրամատակարարման ու ջրահեռացման խնդիրների կարգավորման նպատակով մարզպետն առաջարկեց առանձին խորհրդակցություն հրավիրել համայնքապետերի ու «Վեոլիա ջուր» ընկերության մասնակցությամբ: Գնել Սանոսյանն առաջարկեց նաեւ խիստ հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների կանխման ուղղությամբ:
«Շուտով կճշտվի «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի ժամանակացույցը, ուստի հորդորում եմ, որ յուրաքանչյուրդ ձեր լիազորությունների շրջանակներում ցուցաբերեք բավարար մասնակցություն և աջակցություն, որպեսզի այն մարզում անցկացվի բարձր մակարդակով և տեսանելի արդյունք ապահովի»,-ասաց Գեղարքունիքի մարզպետը:
Գնել Սանոսյանը զրույց ունեցավ նաև Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների տարածքային պատասխանատուների հետ՝ հորդորելով նրանց՝ բարձրացնել աշխատանքային կատարողական կարգապահությունը և առաջնորդվել միայն մարզպետարանի ներքին կարգապահական կանոններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39