Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Կարճաղբյուր, Վարդենիս, Գեղամասար և Զոլաքար համայնքներ

20.03.2019

Մարտի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Կարճաղբյուր, Վարդենիս, Գեղամասար և Զոլաքար համայնքներ:
Կարճաղբյուրում մարզպետն այցելեց Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան, որտեղ ծանոթացավ աշխատանքների ընթացքին, Սևանի էնդեմ ձկնատեսակների պահպանության ու վերարտադրության, ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներին: Ինչպես ներկայացրեց գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, տեղում բուծվում է Սևանի էնդեմ ձկնատեսակներից երկուսը՝ գեղարքունին և ամառային իշխանը: Տարեկան թողունակությունը կազմում է 3 միլիոն մանրաձուկ, որի 20 տոկոսը, ըստ ծրագրով նախատեսված պարտավորվածության, բաց է թողնվում Սևանա լիճ, իսկ մնացած մասը տեղափոխվում է Սևանա լճում տեղադրված ցանցավանդակային տնտեսություններ՝ աճեցման նպատակով:
«Սևանի իշխանի պաշարների պահպանության, վերարտադրության և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում 2018 թվականի արտադրական ցիկլում ստացել ենք շուրջ 570 հազար հատ գեղարքունի և 120 հազար 800 հատ ամառային տեսակի իշխանի 1 տարեկան մանրաձուկ, որոնք, 40-150 գրամ քաշով տեղափոխվելու են Սևանա լճում տեղադրված ցանցավանդակային տնտեսություններ: Մեր գործարանի և ցանցավանդակային տնտեսության սեփականության իրավունքը պատկանում է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին», որն իր հերթին հաշվետու է պետությանը: Իր գործունեության ընթացքում հիմնադրամի կողմից աճեցվել ու Սևանա լիճ կամ Սևան թափվող գետեր է բաց թողնվել 1 միլիոն 500 հազար իշխանի մանրաձուկ: Սևանի էնդեմ ձկնատեսակների բնական վերարտադրության ապահովումը, որը պետք է զուգակցենք արհեստական վերարտադրության հետ, կարող է հաջողված համարվել, եթե համատեղ ուժերով կարողանանք ապահովել գետային ավազանների պահպանությունը»,-ներկայացրեց տնօրենը:
Գնել Սանոսյանը հայտնեց իր աջակցությունը ծրագրի հետագա ընթացքին, ոլորտում առկա որոշակի խնդիրների կարգավորմանը: «Անչափ կարևոր ու պահանջված եմ համարում արդի չափորոշիչներին համապատասխան ու նման հզորության ձկնաբուծական այս գործարանի աշխատանքը, որն ապահովելու է Սևանի էնդեմ ձկնատեսակների պահպանությունն ու վերարտադրությունը, լուծում բնապահպանական որոշակի խնդիրներ, կարգավորում պարենային անվտանգությունը, ստեղծում հարյուրավոր կայուն աշխատատեղեր: Ես հույս ունեմ, որ այս հիմնարկում ընթացող կառուցվածքային փոփոխությունները կբերեն դրական արդյունքների, իսկ մենք կլինենք աջակիցը այդ կենսական կարևոր ծրագրի»,-նշեց մարզպետը:

Գնել Սանոսյանի այցի հերթական կանգառը Վարդենիս քաղաքում գործող «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողներ» ՀԿ-ի կողմից ստեղծված «Մանկան զարգացման կենտրոն»-ում ու նրան կից գործող սոցիալական ձեռնարկությունում էր: Ինչպես ներկայացրեց ՀԿ-ի նախագահ Մելանյա Եփրեմյանը, կենտրոն հաճախում են Վարդենիսի և տարածաշրջանի համայնքների հարյուրից ավելի երեխաներ: Կենտրոնում տեղադրված են վերականգնողական սարքավորումներ, երեխաների հետ աշխատում են հատուկ մասնագետները: Կենտրոնին կից ստեղծված սոցիալական ձեռնարկությունում բացվել է կարի արտադրամաս, որտեղ աշխատում են կենտրոն հաճախող երեխաների մայրերը, ովքեր միաժամանակ գտնվում են իրենց երեխաների կողքին: « Ձեռնարկությունում գործող կարի ու գորգագործական արտադրամասերի զարգացման միջոցով ծրագրել ենք հոգալ կենտրոնի պահպանման կարիքները: Մենք շենքային պայմանների բարելավման և բակի բարեկարգման խնդիրներ ունենք»,-ներկայացրեց Մելանյա Եփրեմյանը:
«Ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների զբաղվածության կենտրոն, որի գործունեությունը միայն պետք է քաջալերել և աջակցել ամեն մի խնդրում: Ես կարևորում եմ նաև այն քայլը, որ աշխատանք գտնելու հնարավորություն են ունենում կենտրոն հաճախող երեխաների ծնողները»,-նշեց Գնել Սանոսյանը:
Վարդենիսի համայնքապետարանում մարզպետը հանդիպեց համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, մարզամշակութային կազմակերպությունների ղեկավարների, վերջերս հանրապետական ստուգատեսներում աչքի ընկած և մրցանակների արժանացած պատանի մարզիկների, մշակութային խմբերում ընդգրկված երեխաների հետ: Մարզպետը շնորհավորեց հաջողություններ գրանցած մարզական թիմերին ու պարի խմբին: «Մեր երեխաները գենետիկորեն ուժեղ են, ցանկացած մարզաձևում: Մեզ մնում է նրանց մարզման համար ստեղծել բավարար պայմաններ, որպեսզի ավելի ծանրակշիռ հաջողություններնի ականատես լինենք»,-ասաց մարզպետը:
Գնել Սանոսյանը հրահանգեց համայնքի ավագանու և աշխատակազմի անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններին՝ ամեն կերպ նպաստել տեղական բյուջեի սեփական եկամուտների ամբողջական հավաքագրմանը: «Մենք այս տարի Վարդենիսից ևս ՀՀ կառավարություն ենք ներկայացրել բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր, որոնք կյանքի կոչելու համար անհրաժեշտ է համայնքի բյուջեի սեփական եկամուտների ամբողջական հավաքագրում:Որքան շատ լինեն տեղական բյուջեի միջոցները, Վարդենիսում հնարավոր կլինի սոցիալ-տնտեսական զարգացման բազմաբնույթ ծրագրեր կյանքի կոչել»,-շեշտեց մարզպետը:
Գեղամասար համայնքի միջնակարգ դպրոցում Գնել Սանոսյանը հանդիպեց համայնքի ղեկավարին, համայնքապետրանի աշխատակազմի, համայնքի ավագանու անդամներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին, դպրոցի մանկավարժական կոլեկտիվին: Դպրոցի տնօրենը ներկայացրեց դպրոցաշինական որոշակի խնդիրներ՝ կապված ջրամատակարարման ու ջրահեռացման, մարզադահլիճի հատակի նորոգման հետ: Մարզպետը տեղում հանձնարարեց՝ դպրոցի տնտեսված միջոցների հաշվին ձեռնարկել պահանջվող քայլեր: «Դուք ձեր գործը տանում եք նվիրումով ու պատվով: Անշուշտ, թե շենքային պայմանները, թե ձեզ վճարվող աշխատավարձը բավարար չեն, սակայն մենք կփորձենք քայլ առ քայլ կարգավորել այդ հարցերը, ինչպես օրինակ աշխատավարձի 10 տոկոսի բարձրացումն էր ձեր համակարգում»,-մանկավարժներին դիմեց Գնել Սանոսյանը: Ապա մարզպետը հորդորեց հանդիպման մասնակիցներին՝ աշխատանքներին մոտենալ բարձր պատասխանատվությամբ, ոչ մի կերպ չթերանալ տեղական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի լուծում տալ բնակավայրերում կուտակված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին: « Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հողն անմշակ չեն թողնում, բերք ու բարիք են ստեղծում, սակայն նրանք պետք է կատարեն նաև իրենց հարկային պարտավորությունները, որպեսզի համայնքն էլ իր հերթին հնարավորություն ունենա ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել կառավարություն, բավարար միջոցներ գտնի ճանապարհների, ջրատարների, մանկապարտեզների, դպրոցների կառուցման կամ հիմնանորոգման համար: Ստիպված եմ զգուշացնել, որ հարկային պարտավորություններից խուսափող անձանց այս գարնանը կարգելվի հողի մշակությամբ զբաղվելը, մինչև որ նա չմարի կուտակված պարտքերը: Ավելին, նա կզրկվի վարձակալի իրավունքներից: Այս տարվա կարևորագույն ծրագրերից մեկը կլինի պետական միջոցներով Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհի Արեգունի-Ծափաթաղ 12,5 կիլոմետր հատվածի հիմանորոգումը»,-նշեց Գնել Սանոսյանը:Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր հերթին նշեց, որ այս գարնանը կլուծվեն բոլոր այն վարձակալական պայմանագրերը, որոնց տետերը խուսափում են օրենքով սահմանված կարգով վարձավճարներ մուծելուց: Մարզպետը պատասխանեց նաև բնակիչներչին հուզող բազմաբնույթ հարցերին:
Գնել Սանոսյանը Զոլաքար համայնք կատարած այցի արդյունքում կարգավորեց Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում հիմնավերակառուցման աշխատանքների պատճառով ի հայտ եկած խնդիրը՝ կապված դասապրոցեսի կազմակերպման հետ: Փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում որոշվեց, որ թիվ 1 միջնակարգ դպրոցի մի մասնաշենքում, մինչ ուսումնական տարվա ավարտը, համապատասխան տարածք է տրամադրվում թիվ 2 միջնակարգ դպրոցին՝ դասապրոցեսն ամբողջությամբ կազմակերպելու համար:
«Բավականին հագեցած աշխատանքային այց ստացվեց: Մենք ծանոթացանք մի շարք հիմնախնդիրների, որոնց մի մասին տեղում լուծում տվեցինք, իսկ մնացած հարցերը կկարգավորենք աստիճանաբար: Նման այցերը մեզ հնարավորություն են տալիս՝ ավելի մոտիկից տեսնել հիմնախնդիրները, թերացումները, ինչու ոչ, նաև ձեռքբերումները, կատարված աշխատանքի արդյունավետությունը: Նման այցերը մեր կողմից կլինեն հաճախակի»,-այցի արդյունքներն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21