Նորություններ
Արտանիշում բացվեց կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
19.03.2019
Մարտի 18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ բնակավայրում հանդիասավոր կերպով տեղի ունեցավ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը,Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի մյուս բնակավայրերի՝ Ջիլի, Արտանիշի, Դրախտիկի, Ծափաթաղի, Աղբերքի ղեկավարները, մարզային փրկարարական վարչության աշխատակիցները և այլ հյուրեր:
Հայաստանում կան համայնքներ, որոնք, ըստ սահմանված չվացուցակի, գտնվում են սպասարկվող հրշեջ-փրկարարական ջոկատներից մինչև 48 կմ հեռավորության վրա: ՀՓՋ-ների մարտական հաշվարկներն օբեյկտիվ պատճառներով երբեմն կանչի վայր են հասնում զգալի ուշացումով: Ուստի՝ արտակարգ դեպք առաջանալու պարագայում առավել արդյունավետ է դիտարկվում հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեությունը և կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի առկայությունը, որի շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազեցվում մարդկային կորուստները, ինչպես նաև՝ բնակչությանն ու պետությանը պատճառված վնասի չափերը:
Կառավարության հայեցակարգի համաձայն՝ վերլուծվել և սահմանվել են ՀՀ հեռավոր այն մարզերը, որտեղ նպատակահարմար է հիմնել կամավորական հենակետեր: Նախատեսվում է 2019-21 թվականների ընթացքում հիմնել 27 հրշեջ-փրկարարական հենակետեր, որոնք կսպասարկեն 186 համայնք:
ԱԻ նախարարության կողմից Արտանիշի հենակետին հատկացվել է ЗИЛ-130 АБ 40 հրշեջ-փրկարարական մեքենա՝ հրդեհաշիջման իր գույք-տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև՝ 2 վարորդի հաստիք: Հենակետում ներգրավված կլինեն 48 կամավոր հրշեջ-փրկարարներ՝ համայնքի բոլոր բնակավայրերից: ԱԻ Փրկարար ծառայության կողմից իրականացվում է հրշեջ-փրկարարական հենակետերի կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստություն, այնուհետև պարբերաբար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ:
Աղբյուրը՝ http://mes.am/