Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւանի բժշկական կենտրոնում այսուհետ կիրականացվի համակարգչային շերտագրություն

18.03.2019

Սեւանի բժշկական կենտրոնի շենքում 2019 թվականի մարտի 18-ին բացվեց համակարգչային շերտագրության ծառայություն, որն իր նշանակությամբ առաջինն է Գեղարքունիքի մարզում: Համակարգչային շերտագրության ծառայության կաբինետի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը, Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունների տնօրեններ, պաշտոնական այլ անձինք:
«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը տեղեկացրեց, որ համակարգչային շերտագրության սարքը ձեռք է բերվել եւ տեղադրվել է իրենց կազմակերպության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Սեւանի բժշկական կենտրոնի համագործակցության արդյունքում: Այն ճապոնական արտադրության լավագույն ու ամենաժամանակակից սարքավորումներից մեկն է, որը հնարավորություն է տալիս տեղում ախտորոշել այնպիսի բարդ հիվանդություններ, ինչպիսիք են ինսուլտները, գլխուղեղի ուռուցքները, գանգուղեղային վնասվածքները, թոքերում նորագոյացությունները եւ վնասվածքները, այլ կարգի նորագոյացություններն ու խնդիրները: «Նման հզորության ու նշանակության սարքավորում գործում է Հանրապետության 3 բժշկական կենտրոններում: Մենք սպասարկումն այստեղ մայրաքաղաքի բուժհաստատություններում գործող գների համեմատ իրականացնելու ենք 20 տոկոս զեղչով: Բացի այդ, ծառայությունից օգտվելու դեպքում բնակիչները կխնայեն այն գումարները, որոնք հարկադրված կլինեին ծախսել մայրաքաղաք հասնելու համար: Ծառայությունը կգործի ամենօրյա աշխատանքային ռեժիմով, կսպասարկի նաեւ արտակարգ դեպքերը աշխատանքային ժամերից դուրս: Այստեղ կգործի նաեւ պետպատվերը: Հետազոտությունների պատասխանները քաղաքացիներին տրվելու է տեղում, կոմպատկտ դիսկերի կամ ժապավենների տեսքով, իսկ գրավոր եզրակացությունները՝ 8-12 ժամվա ընթացքում: Ծառայությունը սպասարկում է բարձրակարգ բուժանձնակազմը, որն անցել է համապատասխան վերապատրաստում»,-ներկայացրեց Հարություն Մանգոյանը:
Գեղարքունիքի մարզում համակարգչային շերտագրության ծառայության ներդրման շուրջ իր տպավորություններով կիսվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մեր մասնավոր գործընկերների ներգրավմամբ եւ աջակցությամբ մարզերի բժշկական կենտրոններում այսօր լուծվում է տեխնիկական հագեցվածության խնդիրը, որի վառ վկայությոնը՝ այս շերտագրող սարքի տեղադրումն է Գեղարքունիքի մարզում: Ուրախալի է նաև այն փաստը, որ ծառայությունը մատուցելու են բարձրորակ մասնագետ կադրեր: Համակարչային շերտագրության ծառայության ներդրումը Գեղարքունիքի մարզում նկատելի առաջընթաց քայլ է մարզերում առողջապահության զարգացման մակարդակը բարձրացնելու տեսանկյունից: Մենք ձգտելու ենք նման քայլերով մարզերի բուժսպասարկման մակարդակը բարձրացնել ու մոտեցնել մայրաքաղաքի բուժհաստատություններում առկա մակարդակին ու հնարավորություններին»,- նշեց նախարարը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր խոսքում նշեց, որ համակարգչային շերտագրության ծառայությունից կարող են օգտվել ոչ միայն Սեւանի տարածաշրջանի, այլ նաեւ Գեղարքունիքի մարզի ողջ բնակիչները: « Շնորհավորում եմ Գեղարքունիքի մարզի բնակիչներին, ովքեր այսուհետ կարող են օգտվել այս շատ կարեւոր ծառայությունից՝ առանց մայրաքաղաք հասնելու եւ ավելորդ ծախսեր անելու: Համակարգչային շերտագրության ծառայության բացումը մեր մարզում պետական ու մասնավոր հատվածների համագործակցության ցայտուն օրինակ է, որը կարելի է զարգացնել ու խորացնել , ինչն իր հերթին զարկ կտա մարզի առողջապահական համակարգի արդիականացմանն ու զարգացմանը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06