Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կհամագործակցեն Գեղարքունիքի մարզպետարանը և «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը

15.03.2019

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության համայնքային զարգացման և աղետների ռիսկեր կառավարման ուղղության պատասխանատու Զառա Աղանյանին: Հանդիպման սկզբում Աղանյանը մարզպետին ներկայացրեց «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության շրջանակներն ու նպատակները, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու մարզերում ու Երեւանում իրականացվող ծրագրերի բովանդակությունը, առաջիկա անելիքները: «Մեր հիմնական շահառուները սոցիալապես անապահով խմբերն են, միայնակ ծերերը, սահմանամերձ կամ փախստականներով բնակեցված համայնքների բնակիչները: Գեղարքունիքի մարզում էլ մեր կազմակերպությունն իրականացնում է սոցիալական բնույթի ծրագրեր՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկատերերի, բնակչության ակտիվ հատվածի հետ: Այս տարի մենք Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի շարքում ավելացնելու ենք նոր ծրագրեր սահմանամերձ ու փախստականներով բնակեցված համայնքներում՝ նպատակ ունենալով նպաստել տեղի բնակչության համար կենսական նշանակության խնդիրների լուծմանը: Դրա համար որոշել ենք աջակցություն ցուցաբերել համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին՝ կատարելով այն անհրաժեշտ ներդրումը, որը պահանջվում է համայնքապետարանից տվյալ ծրագրի իրականացման համար: Բայց մինչ այդ մենք պետք է ունենանք լավ ծրագրի գաղափարը և այն թիմը, որի հետ պետք է համագործակցենք: Ներկայացված ծրագրերը պետք է լինեն տնտեսապես հիմնավորված ու արդարացված: Կարծում եմ, որ մեր աջակցությունը մեծապես կխթանի սուբվենցիոն ծրագրերի ցանկի ընդարձակմանը, խոցելի համայնքներում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Բայց մեր աջակցության ծրագրերի ներդրումը պահանջում է սերտ ու մշտական համագործակցություն Գեղարքունիքի մարզպետարանի հետ: Ցանկալի է, որ այն ընթանա գրավոր պայմանավորվածության արդյունքնում»,-ներկայացրեց Զառա Աղանյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը, ողջունելով «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցչի առաջարկը, հավաստեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստ է լայն համագործակցության ու պահանջվող աջակցության ցուցաբերման: «Նախորդ տարի մեր մարզում իրականացվեց սուբվենցիոն 43 ծրագիր, որն ամենամեծ ցուցանիշն էր Հայաստանի մարզերի մեջ: Այս տարի արդեն կառավարության հաստատմանն ենք ներկայացրել 100-ից ավելի սուբվենցիոն ծրագիր: Եթե ձեր կազմակերպությունն էլ ցուցաբերի պահանջվող աջակցությունը, ապա մենք կունենանք շատ ավելի լավ արդյունքներ, շատ ավելի տեսանելի աշխատանք, ինչը կբերի խոցելի համայնքների բնակչության կարիքների բարելավման, նոր աշխատատեղերի ստեղծման, աղքատության կրճատման: Մենք առաջիկայում կստորագրենք համագործակցության հուշագիրը, սակայն այս պահից սկսած կարող ենք միասին աշխատել առաջ քաշված ցանկացած հարցի ուղղությամբ՝ համատեղելով մեր գործունեությունը նույն նպատակների շուրջ»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59