Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց մարզի հուշարձանների պահպանության խնդիրը

14.03.2019

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Պատմաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ տնօրեն Արա Թարվերդյանին, տնօրենի տեղակալ Կարեն Փահլեվանյանին և ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Գոռ Գասպարյանին: Արա Թարվերդյանը մտահոգություն հայտնեց մարզի մի շարք համայնքներում տիրող անտարբեր վերաբերմունքի մասին, որն առնչվում է հուշարձանների պահպանության, դրանց հանրահռչակման եւ մի շարք այլ խնդիրների: «Մենք խնդիր ունենք մարզի համայնքների ղեկավարների հետ, ովքեր բավարար չափով իրազեկված չեն իրենց համայնքի վարչական տարածքում գտնվող հուշարձանների պահպանության օրենսդրության մասին: Բնակիչները խաչքարերի վրա մոմ են վառում, հաճախ նաև դրանք տեղահանում և տուն են տանում: Լուրջ խնդիր ունենք նաև համայնքների ղեկավարների կողմից պատմական հուշարձանների մերձակա տարածքներում շինթույլտվություն տրամադրելու վերաբերյալ, հաշվի չառնելով, որ այդ տարածքը համայնքային սեփականություն չի հանդիսանում: Խնդրում և ակնկալում ենք Ձեր աջակցությունը համայնքների ղեկավարների իրազեկվածության բարձրացման և պատմական հուշարձանների տարածքները հսկողության տակ պահելու հարցում»,- ասաց Արա Թարվերդյանը:
«Պատմաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ի տնօրենը առաջարկեց նաև համագործակցություն ստեղծել իրենց ենթակայության մարզային կառույցի և մարզպետարանի միջև, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ տեղեկատվությամբ բարձրացնել համայնքների ղեկավարների իրազեկվածության մակարդակը:
«Ես շատ կարևորում եմ մշակութային արժեքների պահպանության հարցը և մտահոգված եմ դրանց շուրջ ստեղծված ամենաչնչին խնդիրներով: Ողջունում այն նախաձեռնությունը, որը դուք պլանավորել եք կյանքի կոչել: Մենք՝ համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել մեծ հաջողությունների: Առաջարկում եմ օրերս կայանալիք մարզի խորհրդի նիստի ընթացքում համայնքների ղեկավարների առջև բարձրացնել այդ խնդիրը: Համայնքներ կուղարկենք նաև անհրաժեշտ շրջաբերականներ և կաշխատենք աջակցել ձեզ»,- նշեց Գնել Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզպետը առաջարկեց համագործակցություն ծավալել նաև մարզի պատմամշակութային հուշարձանները տուրիստական գրավչությունների ցանկում ընդգրկելու, դրանք գովազդելու և հանրային ճանաչման արժանացնելու ուղղությամբ :


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28