Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառի Հացառատ թաղամասի չգործող մանկապարտեզ և նորակառույց դպրոցի շինհրապարակ

14.03.2019

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի չգործող մանկապարտեզ և նորակառույց դպրոցի շինհրապարակ: Ինչպես տեղում ներկայացրին թաղամասի բնակիչները, մանկապարտեզն իր գործունեությունը դադարեցրել է 2008 թվականից, որից հետո շենքն անբավարար պահպանության հետևանքով տարիների ընթացքում դարձել է օգտագործման համար ոչ պիտանի: «Ժամանակին մեր թաղամասի մանկապարտեզն ունեցել է 4 խումբ՝ 120 սաներով: Թաղամասն աճող է, մանկապարտեզի վերագործարկումը՝ պահանջված: Հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու դեպքում շենքը լիարժեքորեն կարող է ծառայել իր նպատակներին»,-ներկայացրին թաղամասի բնակիչները:
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի ներկայացմամբ՝ խնդիրը կառավարության առջև բարձրացվել է դեռևս անցած տարվա ընթացքում, որի լուծման համար կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում նախորդ տարեվերջին հատկացվել է 25,2 միլիոն դրամ: Հիմնանորոգման աշխատանքների համար 2,8 միլին դրամի համաֆինանսավորում էլ հատկացրել է Գավառի համայնքապետարանը:
Տեղում դիտարկելով շենքի վիճակը՝ մարզպետն արտահայտեց իր նախնական կարծիքը հօգուտ մեկ մասնաշենքի ամբողջական հիմնանորոգման տարբերակի: «Մեր տրամադրության տակ գտնվող միջոցները ավելի սուղ են, քան պահանջվում է շենքի ամբողջական հիմնանորոգման համար: Եթե հիմնանորոգում ենք մեկ մասնաշենքը, ապա այդ դեպքում մանկապարտեզը կարող է գործել երկու խմբի համար, մոտ 60 տեղով:Դա կլինի ավելի արդյունավետ տարբերակ, մինչև որ հետագայում համապատասխան միջոցներ կարողանանք գտնել՝ հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտելու համար: Կարծում եմ, որ համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը կյանքի կկոչվի առաջիկա ամիսների ընթացքում»,-նշեց Գնել Սանոսյանը:
Մարզպետի այցի հաջորդ կանգառը Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցի շինհրապարակում էր, որտեղ մարզի ղեկավարը ծանոթացավ նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղում ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող « Ագաթ -777» ՍՊԸ աշխղեկ Կոլյա Մարտիրոսյանը, դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերից և շահագործման պատրաստ կլինի 2020 թվականի ուսումնական տարվա սկզբից: « Նորակառույց դպրոցի շինարարության համար հատկացվել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ: Ավարտել ենք հողային ու հիմքի կառուցման աշխատանքները, լուծել ենք բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, տարածքի ջրերի մակարդակն իջեցնելու համար կառուցել դրենաժային համակարգ, արդեն բարձրանում են առաջին հարկի պատերը, տեղադրում ենք առաջին հարկի մոնոլիտ ծածկը: Մինչև տարեվերջ կավարտենք ընդհանուր աշխատանքների մոտ 70 տոկոսը: իսկ մնացած գործերը կավարտենք 2020 թվականի ընթացքում»,-ներկայացրեց աշխղեկը:
Գնել Սանոսյանը շրջեց շինարարության տարբեր հատվածներում՝ դիտարկելով աշխատանքների որակը եւ ընթացքը, զրուցեց շինարարների հետ: «Ուրախացնող է այն, ինչ տեսանք տեղում՝ թե մինչ այժմ կատարված աշխատանքների, թե շինարարության որակի պահպանման առումով: Ինչպես ցույց տվեցին դիտարկումները, ամեն ինչ արված է բարեխղճորեն, մասնագիտական բավարար լուծումներով: Արդի չափորոշիչներին համապատասխան և 525 տեղանոց դպրոցական շենքն անգնահատելի նվեր կլինի Գավառի Հացառատ թաղամասի բնակչության համար»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06