Նորություններ
Մարզպետարանում քննարկվեց Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման հետ կապված հարցեր
06.03.2019
Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին: Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը և «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սհոյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման հետ կապված որոշակի հարցեր: «Արգիճիի և Աստղաձորի ջրամբարներն ընդգրկված են 22 միջին և փոքր ջրամբարների կառուցման ցանկում: Դրանց կառուցումը մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգի զարգացմանը, բնապահպանական մի շարք խնդիրների կարգավորմանը, էլեկտրաէներգիայի խնայողությանը: Արգիճիի ջրամբարը կարող է ամբարել մինչեւ 9, Աստղաձորի ջրամբարը՝ մինչեւ 1-1,5 միլիոն խորանարդ մետր ջուր: Դա հնարավորություն կտա ինքնահոս ոռոգման ջրով ապահովել 12 բնակավայրեր, ավելացնել ոռոգելի տարածքները մոտ 1000 հեկտարով, զարգացնել գյուղատնտեսությունը, խնայել մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա՝ տարեկան մինչև 3,5 միլիոն կիլովատ ժամի չափով,իսկ Սեւանա լճից ոռոգման ջուր մղող 6 պոմպակայանների աշխատանքը կդադարեցվի: Ջրամբարները նպաստավոր կլինեն նաև ձկնաբուծության զարգացման ու Սևան թափվող գետերում ամռան ամիսներին ջրի մշտական հոսք ապահովելու համար»,-ներկայացրեց Յուրի Ջավադյանը:
Ըստ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի՝ Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման նախագծերն արդեն պատրաստ են ու սպասում են պահանջվող ներդրումներին: Երկու ջրամբարների կառուցման համար պահանջվելու է 7-7,5 միլիոն դոլար:
Մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար ինքն արդեն ունեցել է մի շարք հանդիպումներ Գեղարքունիքի մարզը ներկայացնող գործարարների հետ՝ նրանց ներկայացնելով ծրագրի իրականացման կենսական նշանակությունը: «Մենք պետք է շարունակենք աշխատել այն գործարարների կամ ներդրողների հետ, ովքեր հետաքրքրություն կցուցաբերեն ջրամբարների կառուցման ծրագրի նկատմամբ: Ամեն կերպ ձգտում ենք շահագրգռել նրանց, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի: Ես հավատացած եմ, որ այստեղ պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կունենա իր կարևոր դերը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: