Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Շողակաթ և Ճամբարակ համայնքներ

05.03.2019

Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Շողակաթ համայնքի Դրախտիկ , Շողակաթ և Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրեր: Դրախտիկում մարզպետն այցելեց տեղի միջնակարգ դպրոց, որտեղ դիտարկեց նոր պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղում ներկայացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Դրախտիկի դպրոցի գործող 12 դասասենյակների նոր դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքները մեկնարկել են այս տարվա փետրվարի երկրորդ տասնօրյակից և ավարտվել մարտի սկզբին: Տեղադրվել է 34 եվրոպատուհան և 10 դուռ: Շինանյութի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար Շողակաթի համայնքապետարանը հատկացրել է 1 միլիոն 485 հազար դրամ, իսկ Դրախտիկի դպրոցի տնտեսված միջոցներից ՝ 960 հազար դրամ: Դպրոցը շինարարական աշխատանքներում ներդրել է նաև «Բարի գործեր» ծրագրից շահած 1,5 միլիոն դրամը: «Կատարված աշխատանքներից հետո արդեն դասասենյակներում հնարավոր է դարձել պահպանել տաք ջերմաստիճան: Հուսով ենք , որ մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը կունենանք շատ ավելի բարվոք շենքային պայմաններ»,-ներկայացրեց Դրախտիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքոխյանը: Ինչպես հավաստիացրեց Շողակաթ համայնքի ղեկավարը, մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում կլուծվի դպրոցի գազաֆիկացման խնդիրը, եւ նոր ուսումնական տարվանից դպրոցը կջեռուցվի բնական գազով: Գազաֆիկացման բոլոր ծախսերն իր վրա է վերցնելու Շողակաթի համայնքապետարանը:
Մարզպետը շրջեց դասասենյակներում, ծանոթացավ ուսումնական պարապմունքների ընթացքին, զրուցեց մանկավարժների հետ: «Տարիների բացթողումների արդյունքում դուք այժմ ունեք շենքային ամենաանբավարար պայմանները: Մենք պետք է հնարավորինս արագ կարողանանք շտկել այս անբարեկարգ պայմանները և միաժամանակ կարգավորենք աշխատավարձերի բարձացման խնդիրը, որպեսզի դուք աշխատեք բարվոք պայմաններում ու արժանապատվորեն հոգաք ձեր ամենօրյա կարիքները: Խնդրանքս այն է, որ դուք համբերեք, մեզ բավարար ժամանակ տաք, որպեսզի մենք քայլ առ քայլ հասնենք մեր նպատակների իրականացմանը: Ուզում եմ վստահեցնել, որ Դրախտիկի դպրոցի արդիականացման ծրագիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, և առաջին հնարավորության դեպքում մենք կհասնենք իրավիճակի շտկմանը»,-մանկավարժական կոլեկտիվին դիմեց Գնել Սանոսյանը:
Ըստ մարզպետի՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցի շենքի արդիականացման ծրագրի իրականացման համար կպահանջվի մինչև 60 միլիոն դրամ:
Այցի հաջորդ կանգառը Շողակաթ համայնքի համանուն բնակավայրում էր, որտեղ մարզպետը ծանոթացավ արեւային ֆոտովոլտային նորակառույց էլեկտրակայանների գործունեությանը: ինչպես տեղում ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ 2019 թվականի մարտի դրությամբ Շողակաթում գործում է արեւային ֆոտովոլտային 2 կայան՝ 3 մեգավատ ընդհանուր հզորությամբ: Դրանք արդեն 4 ամիս է, ինչ միացված են ընդհանուր ցանցին: Այդ կայանների գործունեության համար մեր կողմից հատկացվել է 6 հեկտար անօգտագործելի հողատարածք, իսկ շինարարության համար ներդրվել է 1,8 միլիարդ դրամ: Շինարարության ընթացքում Շողակաթում բացվել է 125 ժամանակավոր , իսկ արդեն գործող կայաններում՝ 11 հիմնական աշխատատեղ: Կայաններից մեկում տեղադրվել է 6200, մյուսում՝ 3200 արևային հայելիներ: «Արևային ֆոտովոլտային կայանների ցանցը մեր համայնքում կտրուկ կընդլայնվի ՝ 3 մեգավատից հասնելով 13 մեգավատի: Ներդրումները կկազմեն 5-5,5 միլիարդ դրամ: Կկառուցվի ևս 3 կայան՝ 1-ը՝ 2, մյուս երկուսը՝ 4-ական մեգավատ հզորության: Այս դեպքում մենք կունենանք 220 ժամանակավոր և մինչև 25 մշտական աշխատատեղ»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը:
Խրախուսելով այլընտրանքային էներգիայի արտադրության ուղղությամբ Շողակաթում իրականացված ծրագրերը՝ մարզպետը միաժամանակ հավաստեց, որ նման ծրագրեր մարզի ղեկավարությունն այս պահին քննարկում է տարբեր ներդրողների հետ, ու հեռու չեն այն ժամանակները, երբ մարզի շատ համայնքներում կգործեն արևային ֆոտովոլտային խոշոր կամ փոքր շատ կայաններ:
Ճամբարակ համայնքի Դպրաբակ գյուղում Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի, համայնքապետարանի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ՝ տեղում քննարկելով անտառպահպանության ու բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի հետ կապված որոշակի խնդիրներ: Բնակիչների հավաստմամբ վարչական ղեկավարները և Ճամբարակի անտառտնտեսության աշխատակիցները, վերջերս ՀՀ ընդերքի և բնապահպանական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտերի հիման վրա իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել Ճամբարակի անտառտնտեսության անտառապահների նկատմամբ: Որպես բնությանը պատճառված վնասի վերականգնման չափ է սահմանվել 85 միլիոն դրամը: «Մեզ, որպես անտառին մոտիկ գտնվող ու ձմռանը վառելիքի այլ աղբյուրներ չունեցող բնակավայրերի, կառավարության կողմից թույլատրվում է յուրաքանչյուր ընտանիքին տարեկան անվճար հատկացնել 8 խորանարդ մետր ջախ կամ թափոն: Մեր անտառտնտեսությունից օգտվող ընտանիքների թիվը հասնում է մինչեւ 700-ի,որոնց կարիքները բավարարելու համար տարեկան անհրաժեշտ է հատկացնել մինչև 5 հազար խորանարդ մետր թափոն: Ջախի կամ թափոնների նման քանակություն հիմա դժվար է գտնել մեր անտառներում, քանի որ հատումների ծավալները վերջին տարիներին հասցվել են նվազագույնի, ուստի բնակիչները ստիպված են եղել գնալ առանց թույլտվության հատումների, ինչի պատճառով տուժել են անտառապահները: Բացի այդ, բնապահպաններն ակտավորել են մի քանի տարվա վաղեմությամբ հատված ծառերը: Մենք բողոքում ենք այդ անարդարության դեմ ու կառավարությունից ակնկալում արդար մոտեցում»,,-իրենց խնդրանքը ներկայացրին ճամբարակցիները:
«Անտառը ոչ միայն պետական ռեսուրս է, այլ նաեւ մարդու կենսական պահանջների համար չափազանց կարևոր ռեսուրս: Նրա պահպանման ու վերարտադրության համար մենք պետք է անենք ամենահնարավորն ու առավելագույնը, որպեսզի գալիք սերունդները ևս կարողանան օգտվել բնության այդ բարիքից: Եթե Ճամբարակի անտառները հատվեն նման տեմպերով, ապա մի քանի տարի անց բոլորս ծանր փաստի առաջ կկանգնենք: Դուք պետք է կտրուկ փոխեք ձեր վերաբերմունքը անտառի հանդեպ՝ պայքարելով անտառպահպանության ու անտառվերականգնման համար: Փորձեք ապրուստ ստեղծելու համար այլ միջոցներ գտնել, իսկ անտառը դարձնել զբոսաշրջային ու բնապահպանական գրավչությունների, այլ հետաքրքրությունների, այլ ոչ թե անխնա սպառման կամ անօրինական ճանապարհով եկամուտ ստանալու աղբյուր: Մենք համարժեք քայլեր կձեռնարկենք, որպեսզի տարածքի բնակչության համար գտնենք ջեռուցման ապահովման աղբյուրներ բնապահպանական ծրագրերի ներդրման միջոցով: Ինչ վերաբերում է անտառապահների նկատմամբ հարուցված քրեական գործերին, ապա մենք չենք կարող միջամտել նախաքննության ընթացքին, սակայն պատկան մարմինների հետ կարող ենք ունենալ անհարժեշտ ու շահագրգիռ քննարկումներ,որպեսզի մոտեցումները լինեն արդարացված, արդարացի ու միայն օրենքի շրջանակներում»,-նշեց մարզպետը: Գնել Սանոսյանը Ճամբարակի համայնքապետի ու բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկեց աշխատանքային և հրատապ նշանակության այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59