Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանում
01.03.2019
Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշխատանքային և կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: «Այսօր մենք առաջնահերթության կարգով անդրադանալու ենք Գեղարքունիքի մարզում ապրիլի 19-ին կայանալիք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի, մարտի 23-ին կայանալիք «Մաքուր Հայաստան » համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներին և մարզի համայնքներից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Նշված բոլոր միջոցառումները մարզում լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով հարկավոր է իրականացնել թիմային աշխատանք և աջակցել համայնքների ղեկավարներին ՝ հատկապես սուբվենցիոն ծրագրերի ներկայացման հարցում: Կան համայնքների ղեկավարներ, ովքեր պասիվ վարքագիծ են դրսևորում սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելու հարցում, սակայն կան նաև ակտիվ մասնակցություն ցուցաբերող համայնքների ղեկավարներ, ովքեր մի քանի ծրագրեր են ներկայացնում: Մենք պետք է հասնենք նրան, որ բոլոր համայնքները այս և ներդրումային ծրագրերի ներկայացման հարցում մասնակցություն դրսևորեն և պետք է ձգտենք, որպեսզի ծրագրերի ներկայացման առումով առաջատարը լինենք: Որոշ համայնքների ղեկավարներ պասիվություն են ցուցաբերում նաև գործարար համաժողովին ծրագրեր ներկայացնելու առումով: Չնայած դրան, մենք արդեն ընդունել ենք բավականաչափ ծրագրեր.այս օրերին մի շարք գործարարներ հետաքրքրված են նաև ազոտական պարարտանյութի գործարան և ջերմոցային տնտեսություն հիմնելու գաղափարներով: Պետք է աշխատենք, որպեսզի ներկայացված ծրագրերն ամբողջովին լինեն իրատեսական և արդյունք ապահովեն: Անկախ եղանակային պայմաններից, մենք պետք է ակտիվ մասնակցություն ունենանք նաև համապետական շաբաթօրյակին: Միջոցառման իրանացման հարցում մեզ հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությունը», -նշեց Գնել Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզպետը ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց մարզպետարանում պաշտոնական գրությունների ստացման և դրանց՝ ժամանակին առաքման, մարզպետարանում աշխատանքային կարգապահական ներքին կանոնների պահպանման, հանրակրթական դպրոցների շենքերի սեփականության վկայականների ձեռքբերման, լավագույն մանկավարժներին խրախուսելու, դպրոցներում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում աշխատող խոհարարների բժշկական զննության անցկացման, դպրոցական բուֆետներում վաճառվող սնունդը պաշտոնապես հաստատված ցանկին համապատասխանեցնելու և այլ բնույթի հարցեր, որոնց վերաբերյալ տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Քննարկվեց նաև մարզի Կարճաղբյուր համայնքի և Ազգային պարկի միջև սահմանների հստակեցման, Ակունք համայնքում հողի սեփականության իրավունքի վկայականների բացակայության, համայնքներում աղբահանության կազմակերպման մասին:
Գնել Սանոսյանը հանձնարարեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին՝ վարչության իրավասությունների և լիազորությունների շրջանակներում աջակցել, որպեսզի մարզից գյուղմթերքը, իրացման նպատակով, տեղափոխվի Արցախ: Խոսվեց նաև գազալցակայաններում սանհանգույցների ստեղծման, Սևանի դիահերձարանի պարսպապատման և այլ թեմաների մասին: