Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Աստղաձորում անցկացրեց հանրային քննարկում

01.03.2019

Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Աստղաձորում բնակչության հետ անցկացրեց հանրային քննարկում՝ համայնքում մի շարք հրատապ լուծում պահանջող ծրագրերի իրականացման առաջնահերթությունները որոշելու նպատակով:
«Հրատապ ծրագրերի իրականացման առաջնահերթությունները որոշելու համար ես կարևորում եմ գյուղի հանրության կարծիքը, որը ցանկալի է լսել ոչ թե աշխատասենյակում, այլ տվյալ համայնքում: Հիմա մեր պետությունն այն վիճակում չէ, որ կարողանա միանգամից լուծում տալ տարիների ընթացքում կուտակված բոլոր հիմնախնդիրներին, սակայն դրանց մի մասի կարգավորման համար ունի որոշակի հնարավորություններ: Համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է հրատապ լուծում պահանջող հարցերի շարք, որոնց առաջնահերթությունները մենք պետք է որոշենք՝ հիմնվելով ձեր կարծիքների վրա: Մենք պատրաստ ենք լսել ձեր առաջարկությունները, որից հետո կկայացնենք համապատասխան որոշում»,-հանրությանը դիմեց Գնել Սանոսյանը:
Համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ Աստղաձորի բնակչության համար կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, սակայն այժմ, ելնելով տեղական բյուջեի միջոցների ու կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի հնարավորություններից, հրատապ է համարվում երեք հարց՝ համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի կիսատ մնացած հատվածի ասֆալտապատումը՝ ջրահեռացման համակարգի եւ խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցմամբ, գյուղի Ներքին թաղամասում խմելու ջրի խորքային հորի և ջրատարի ներքին ցանցի կառուցումը և կոմբայնի ձեռքբերումը: Բնակիչները ևս, արձագանքելով համայնքի ղեկավարի խոսքին, Աստղաձորի համար առաջնահերթ համարեցին բարձրացված երեք խնդիրները:
«Այս տարի սուբվենցիոն ծրագրերի ներդրման կարգում նորամուծություն է արվել, համաձայն որի կառավարությունը մայրաքաղաքից 100 կիլոմետր հեռավորությամբ գտնվող, ինչպես նաեւ սահմանամերձ ու բարձրլեռնային համայնքներում ավելացնում է պետության կողմից հատկացվող գումարի չափը մինչեւ տվյալ ծրագրի արժեքի 70 տոկոսի չափով:Եվ քանի որ Աստղաձորը երկու դեպքում էլ տեղավորվում է այդ նորամուծության մեջ, ապա դա նշանակում է, որ որոշ ծրագրերի իրականացման հնարավորություն մենք ունենալու ենք:Միանշանակ է, որ առաջին ընդունվող ծրագիրը կլինի Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը, որտեղ միանգամից կիրականացվի նաեւ խմելու ջրատարի ներքին ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցումը: Ինչ վերաբերում է կոմբայնի ձեռքբերման եւ Ներքին թաղամասի խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագրերի միջեւ ընտրություն կատարելուն, ապա ես նախապատվությունը կտայի երկրորդին, քանի որ կոմբայնի բացը կարելի է լրացնել մարզի այլ համայնքներից, ինչն անհնար է խմելու ջրի պարագայում: Բացի այդ, կոմբայնը կարելի է ձեռք բերել լիզինգային կարգով, ինչը նկատելիորեն կթեթևացնի տեղական բյուջեի վրա ավելորդ բեռ դնելու հավանականությունը, իսկ այդ ուղղությամբ տնտեսված միջոցները կարող են ուղղվել շատ ավելի կենսական հարցերի լուծմանը»,-իր կարծիքը հայտնեց մարզպետը:
Բնակիչները բարձրացրին նաեւ ոռոգման ջրի մատակարարման համակարգի հզորացման, դպրոցի եւ մանկապարտեզի նոր շենքերի կառուցման խնդիրները:
Մարզպետը հավաստիացրեց, որ բարձրացված բոլոր հարցերը գույքագրված են մարզպետարանում ու ներկայացված են կառավարության ուշադրությանը, որոնց կարգավորման համար, սակայն, պահանջվում է մեծ միջոցներ ու որոշակի ժամանակ:Ընդ որում, հոգսերի մի մասն իր վրա կվերցնի պետությունը, մի մասը՝ համայնքը եւ մասնավոր հատվածը: «Աստղաձորի ոռոգման համակարգի հզորացման ծրագիրը պահանջում է լուրջ միջոցներ, որոնք այս պահին չունենք: Հարցը կարող է արմատապես կարգավորվել Աստղաձորի ջրամբարի կառուցմամբ, որի իրականացման ծրագիրը տեղ է գտել կառավարության կողմից կառուցման ենթակա 22 փոքր ու մեծ ջրամբարների ցանկում: Ընդ որում, ջրամբարի կառուցման մեջ կարող են ներգրավվել նաեւ մասնավոր ներդրումներ: Այս տարի «Գեղարքունիք» ՋՕԸ-ի հետ համատեղ կանենք հնարավորը, որպեսզի ոռոգման շրջանն Աստղաձորում ընթանա առանց խնդիրների ու դժգոհությունների, մինչեւ որ կգտնենք հարցի լուծման բոլոր անհրաժեշտ միջոցները: Դպրոցի եւ մանկապարտեզի կառուցման խնդիրները եւս կպահենք մեր ուշադրության կենտրոնում ու առաջին հնարավորության դեպքում կյանքի կկոչենք այդ հույժ կարեւոր ծրագրերը»,-հանրային քննարկումը եզրափակեց մարզպետը:
Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ հանրային նման քննարկումներ ինքը ծրագրել է անցկացնել հաճախակի, մարզի ամենատարբեր համայնքներում, որտեղ կպահանջվի դրա անհրաժեշտությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27