Նորություններ
Ծանրամարտի մարզադահլիճներն ունեն վերանորոգման և գույքի ձեռքբերման խնդիր
28.02.2019
Փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Լճափ, Հայրավանք, Մարտունի, Վերին Գետաշեն համայնքներում ծանրամարտի մարզիչ- մանկավարժներին: Վերջիններս մարզպետին ներկայացրին իրենց ընդհանուր գործուներության վերաբերյալ տեղեկատվություն, նշելով, որ թեև մարզում ծանրամարտի խմբակներ հաճախում է մոտ 247 ծանրորդ, սակայն մարզադահլիճները զուրկ են մարզումների համար անհրաժեշտ պայմաններից և հնարավորություններից:
« Սևան քաղաքում ծանրամարտ մարզաձևի հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն կա: Այս պահին մեր խմբակում ընդգրկված են ավելի քան 80 մարզիկներ, սակայն տարածքի փոքր լինելու հետևանքով, նրանք միաժամանակ չեն կարողանում մարզվել: Մենք տարածքի խնդիր ունենք»,- նշեց ՀՀ վաստակավոր մարզիչ, Սևան քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Յուրի Սարգսյանը:
«Մարտունի և Վերին Գետաշեն համայնքներում ունենք մարզադահլիճի վերանորոգման, շենքի հատակի ամրացման, ինչպես նաև գույքի ձեռքբերման անհրաժեշտություն, սակայն չկան համապատասխան միջոցներ, այդ խնդիրները կարգավորելու համար»,- նշեց Մարտունի քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Ատոմ Մնացականյանը:
Գեղարքունիքի մարզում ծանրամարտ մարզաձևի մասսայականացման համար մարզիչներն առաջարկեցին մարզում ստեղծել ծանրամարտի կոնֆեդերացիա, որի համար, ինչպես որոշվեց, հարկավոր է նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր և դրանց տալ իրավական կարգավիճակ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն առաջարկեց ծանրամարտի կոնֆեդերացիա հիմնելու համար համապատասխան գրություն պատրաստել և ներկայացնել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն, որպեսզի հնարավոր լինի շարունակել աշխատանքները: Մարզպետը խոստացավ նաև աջակցել թիմերին՝ առաջիկայում կայանալիք ծանրամարտի մարզային առաջնության անցկացման հարցերում: