Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դդմաշենում հիմնվում է ինտենսիվ մեծածավալ այգի

25.02.2019

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Դդմաշեն համայնքի վարչական տարածք՝ ինտենսիվ այգու հիմնման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղում ներկայացրեց ինտենիսվ այգու հիմնման ծրագիրն իրականացնող «Գրին Ֆարմեր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Կոծինյանը, ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թվականի ապրիլ ամսից: 30 հեկտարի վրա անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ, տեղադրվել հակակարկտային ցանցեր: Ծառատունկը կիրականացվի այս տարվա ապրիլ ամսին:Ծառատնկման աշխատանքների ավարտից հետո ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված ներդրումը կազմելու է շուրջ 2 միլիարդ դրամ:
« Նախատեսված է տնկել ու խնամել 110 հազար խնձորի ծառ՝ 3 տեսակով: Ինտենսիվ այգուն կից հիմնվում է սառնարանային տնտեսություն, որը հնարավորություն կտա 12-14 ամիս ժամկետով պահպանել մոտ 4 հազար տոննա բերք: Սառնարանային տնտեսության ստեղծման նախագծի իրականացման համար կներդրվի 2,2 միլիարդ դրամ: Ինտենսիվ այգու շինարարությունն իրականացրել է «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ն՝ ապահովելով մոտ 50-60 աշխատատեղ: Ինտենսիվ այգու գործարկման դեպքում այստեղ կունենանք 100 մշտական եւ 250 ժամանակավոր աշխատատեղ: Բնական է, որ աշխատանքներում հիմնականում կընդգրկվեն տեղի բնակիչները:Պտղի ստացումն ակնկալում ենք առաջիկա 3-4 տարվա ընթացքում: Կառուցել ենք նաեւ գրասենյակային շենք, անգար՝ գյուղմեքենաների կայանման համար, իսկ ոռոգման ջրի ապահովման համար իրականացնում ենք խորքային հորի կառուցման աշխատանքներ:Ինտենսիվ այգու յուրաքանչյուր 1 հեկտարից ակնկալում ենք մինչեւ 40-50 տոննա բերք: Ապագայում ծրագրում ենք նույն տարածքում հիմնել եւս 30-40 հեկտար ինտենսիվ այգի, որի շինարարությունը, ամենայն հավանականությամբ, կիրականացնենք 2020-2021 թվականների ընթացքում: Փորձնական կարգով մի հատվածում օգտագործել ենք նաեւ Վանաձորում արտադրված հակակարտային ցանցերը: Եթե արդյունքները լինեն գոhացնող, ապա հերթական այգիների հիմնման համար կօգտագործենք տեղական արտադրության հակակարկտային ցանցերը»,-ներկայացրեց Ռոբերտ Կոծինյանը:
Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը ինտենսիվ այգու ստեղծման ծրագիրը հույժ կարեւոր ու արդյունավետ համարեց Դդմաշենի բնակչության կենսապահովման, համայնքի գյուղատնտեսության զարգացման, գործազրկության վերացման եւ մի շարք այլ տեսանկյուններից: «ինտենսիվ այգին մեծ քանակի աշխատատեղեր է ապահովում մեր համայնքի բնակիչների համար, ովքեր զբաղված կլինեն ինչպես շինարարության,այնպես էլ այգեգործական աշխատանքներում: Ունենալու ենք մշտական կամ ժամանակավոր մի քանի հարյուր աշխատատեղ, լուծում է ստանում հողերի մշակության կամ օգտագործման խնդիրը, այդ հողերի մշակության ու օգտագործման արդյունքում ավելանում են համայնքի բյուջեի մուտքերը, կրճատվում է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը:Ծրագրից ակնկալվող օգուտների թիվը կարելի է շատ երկար թվարկել»,-նշեց Ավետիս Ավետիսյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, հավանություն տալով ծրագրի մեկնարկին ու ընթացքին, կատարված հսկայածավալ աշխատանքներին, հավաստիացրեց, որ կառավարության կողմից խրախուսվելու է ծրագրի հետագա ընթացքը, իսկ Գեղարքունիքի մարզպետարանը ցուցաբերելու է պահանջվող աջակցությունը ի հայտ եկած հարցերում: «Նման ծավալի ներդրումները, ինչ խոսք, ոչ միայն զարգացման կայուն երաշխիքներ են ստեղծում մարզի գյուղատնտեսության զարգացման համար, այլ նաեւ մեզ մատուցում են արդիականացված ու մրցակցային գյուղատնտեսություն, որն իր հերթին ապահովելու է կայուն աշխատատեղեր, զարգացող արտադրություն, աղքատության հաղթահարում: Այս ծրագրի հաջող ընթացքն ու հետագա շարունակությունը խթան կհանդիսանան, որ մարզի մյուս համայնքներում էլ կատարվեն համապատասխան ներդրումներ ինչպես պտղաբուծության, այնպես էլ գյուղատնտեսության ու արդյունաբերության մի շարք ճյուղերում: Բոլոր ներդրումները մեր կողմից կլինեն օրենքով պաշտպանված եւ խրախուսվող»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12