Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի քաղաքում կկառուցվի արդիականացված գրադարան

22.02.2019

Փետրվարի 22-ին Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում կայացավ «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնած «Լուսե տանիք» ծրագրի նախագծի ներկայացումը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունու կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի, « Երեւան իմ սեր», «Իմ քայլը» հիմնադրամների ներկայացուցիչներ, ընթերցասերներ: Ինչպես բացման խոսքում ներկայացրեց «Արտիսիմո» ՀԿ համահիմնադիր Էկա Հորստկան, «Լուսե տանիքը» Մարտունի քաղաքի հանրային գրադարանի վերակառուցման եւ արդիականացման ծրագիրն է, որի արդյունքում կստեղծվի ժամանակակից գրադարան՝ համակարգչային, աուդիո, ստեղծագործական, ժամանցային սենյակներով, որոնք հասանելի կլինեն նաեւ տարբեր կարողություններով անձանց ու գրավիչ՝ զբոսաշրջիկների համար: «Նախագիծը հետեւելու է հնի պահպանման ու նորի ստեղծման սկզբունքին եւ նպատակ ունի՝ բարձրացնել անձի մշակութային գիտակցությունը: Մարտունու համայնքապետարանի գործակցության եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ « ՔՀ Կամուրջ» ծրագրի տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցության շնորհիվ «Լուսե տանիքը» կնպաստի տեղի բնակչության հատկապես խոցելի մասի եւ կանանց զբաղվածության հարցի լուծմանը: Նախագծի իրականացման շուրջ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել «Երեւան իմ սեր» եւ «Իմ քայլը» հիմնադրամները: Մեր նախագծի իրականացման արդյունքում Մարտունի քաղաքը կունենա ամենաժամանակակից պայմաններով հագեցած գրադարան»,-ներկայացրեց Էկա Հորստկան:
Ճարտարապետ Հակոբ Մանսուրյանը ներկայացրեց «Լուսե տանիք» ծրագրի նախագիծը, որի իրականացմամբ Մարտունի քաղաքի մշակութային կյանքը ձեռք է բերում նոր թարմություն ու աշխուժություն, նոր ճանաչում ու զարգացման հնարավորություններ:
«Այս նույն շենքի տարածքում, որտեղ գտնվում ենք մենք, նախագծի իրականացման արդյունքում ունենալու ենք արդիականացված գրադարան՝ ընդհանուր, գիտական, մանկական, արտասահմանյան գրականության բաժիններով, ձայնադարանով ու ընթերցասրահով: Բազմաֆունկցիոնալ դահլիճը կծառայի իբրեւ համերգային եւ խորհրդակցությունների դահլիճ, կինոսրահ, ցուցասրահ, տարաբնույթ միջոցառումների անցկացման սրահ: Ստեղծագործական սենյակում կգործեն կիրառական արվեստի, նկարչական, թատերական, գրական, լրագրական, օտար լեզուների ուսուցման խմբակներ: Ժամանցային սենյակը կունենա սրճարանային կառուցվածք, որտեղ կկազմակերպվեն ճանաչողական եւ ժամանցային միջոցառումներ »,-ներկայացրեց Հակոբ Մանսուրյանը:
Այնուհետ Մարտունու քաղաքապետարանի եւ «Արտիսմո» ՀԿ -ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր «Լուսե տանիք» նախագծի իրականացման շուրջ:
« Մենք համատեղ ուժերով կանենք հնարավորը, որպեսզի Մարտունին դառնա ավելի գեղեցիկ, բարետես, մշակութային արժեքները պահպանող ու զարգացնող քաղաք: Հավատում եմ, որ մի գեղեցիկ օր էլ մենք կստորագրենք շինարարության ավարտի մասին փաստաթուղթը»,-նշեց քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:
Ողջունելով «Լուսե տանիք» ծրագիր-նախագիծը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր պատրաստակամությունը՝ նախագծի իրականացման հետ կապված խնդիրներում: «Ես շատ նպատակներ ու երազանքներ ունեմ՝ կապված մարզի զարգացման ու առաջընթացի հետ: Այսօրվա նախագիծը եւս ընդգրկվում է այդ նպատակների շրջանակներում, եւ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստ է ամենալայն աջակցության ցուցաբերմանը եւ համագործակված աշխատանքին, ու մենք ջանք ու եռանդ չենք խնայի, որպեսզի կյանքի կոչվի այս ծրագիրը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Միջոցառման մասնակիցներին իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին «Լապտերներ» նախագծի երաժիշտները: Ցուցադրվեցին նաև «Լապտերների» և Մարտունու արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքները:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12