Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

21.02.2019

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավարը մարզպետին ներկայացրեց կազմակերպության աջակցությամբ մարզում իրականացվող սոցիալական և երիտասարդական ծրագրերի ընթացքը, դրանց ուղղությամբ նախատեսվող զարգացումներն ու հեռանկարները:
Ներկայացնելով կազմակերպության հովանավորությամբ մարզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին 7 օրյա հանգստի ճամբարներ ուղարկելու ծրագրի վերաբերյալ մանրամասներ՝ Վարազդատ Սարգսյանը նշեց, որ կազմակերպությունն ամեն տարի հովանավորում է մարզի ավելի քան 400 երեխայի: Սակայն եթե մարզպետարանի աջակցությամբ հնարավոր լինի հոգալ ճամբար մեկնողների տրանսպորտային ծախսերը, «Վորլդ Վիժն»-ը այդ միջոցները կուղղի ևս 70 երեխայի ճամբար ուղարկելու գործընթացին: Գնել Սանոսյանը պատրաստակամություն հայտնեց՝ լուծել ճամբար մեկնողների և նրանց վերադարձի հետ կապված փոխադրման խնդիրները, որպեսզի մարզից առավել մեծ թվով կարիքավոր երեխաներ կարողանան հանգստանալ հանրապետության տարբեր ճամբարներում:
Այնուհետև խոսվեց կազմակերպության կողմից ռոբոտաշինության լաբորատորիաների գործունեության մասին: Տեղեկացվեց, որ մարզի 29 դպրոցներում դրանք հիմնվել են «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության հովանավորությամբ, որտեղ հաճախում են 900 դպրոցականներ: Այս ուղղությամբ Գեղարքունիքի մարզպետը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավարը պայմանավորվեցին՝ հունիս ամսվա ընթացքում անցկացնել էքսպո-ցուցահանդես, որտեղ դպրոցականներին հնարավորություն կտրվի ցուցադրել իրենց աշխատանքները :
Վարազդատ Սարգսյանը խոսեց նաև բարեգործական կազմակերպության կողմից մարզում երիտասարդական ֆորում անցկացնելու, արհեստագործական տարբեր խմբակներ հիմնելու, համայնքային սոցիալական ծառայության ինստիտուտի կայացման, որոշ դպրոցներում երկարօրյա ցերեկային կենտրոնների գործունեության, սոցիալական նշանակության ծրագրերի ընթացքի և դրանց արդյունքների, շահառու ընտանիքներում աղքատության հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների, Ճամբարակ համայնքում վերականգնողական կենտրոն հիմնելու, տուրիզմի զարգացման նպատակով նախաձեռնած ծրագրերի ներդրման և այլ խնդիրների մասին:
Գնել Սանոսյանը կարևորեց կազմակերպության աջակցությամբ մարզի 26 դպրոցներում իրականացվող ցերեկային երկարօրյա կենտրոնների գործունեության ծրագիրը, որի շնորհիվ կազմակերպությունը հոգում է տարրական և միջին խմբերում հաճախող մոտ 436 դպրոցականների դասերի նախապատրաստման և սննդի կազմակերպման խնդիրները:
«Այսօր լուրջ ուշադրություն է դարձվում պետություն, մասնավոր հատված և հասարակական կազմակերպություն համագործակցությամբ կյանքի կոչվող ձեռնարկներին: Ես ևս կարևորում եմ այդ համագործակցությունը և իմ լիազորությունների շրջանակներում կանեմ հնարավորը, որպեսզի և՛ եղած ծրագրերով, և՛ նախատեսվող գաղափարներով հանդերձ մենք խորացնենք ու ընդլայնենք մեր համագործակցությունը»,- նշեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավարին առաջարկեց՝ հետաքրքիր և արդյունավետ նախաձեռնություններով և ծրագրերով հանդերձ, մասնակցել մարզում ապրիլի 19-ին կայանալիք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովին :
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետարանի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 18:59:19