Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանում քննարկվեց դպրոց հաճախելուց խուսափող երեխաների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդիրը

21.02.2019

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և մարզպետարանի կրթության բաժնի նախաձեռնությամբ քննարկվեց դպրոց հաճախելուց խուսափող երեխաների հաճախելիությունն ապահովելու խնդիրը: Քննարկմանը մասնակցեցին Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանը, նույն դպրոցի մանկավարժներ, ՀՀ Ոստիկանության Գավառի բաժանմունքի աշխատակիցներ, Գավառի քաղաքապետարանի եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի տարածքային գրասենյակի ներկայացուցիչներ, դպրոց հաճախելուց խուսափող երկու եղբայրների մայրը: Քննարկումը կազմակերպվել էր Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենի գրության հիման վրա, որում նա տեղեկացնում է դպրոցի երեք աշակերտների կողմից դպրոց հաճախելուց խուսափելու փաստի մասին: «Մենք անընդհատ աշխատում ենք այդ երեխաների ու նրանց ծնողների հետ, ոչ միայն զգուշացնում, այլ նաև օժանդակում ենք ամեն մի խնդրում, սակայն դժվար է լինում ապահովել նրանց մշտական հաճախելիությունը դպրոց»,-ներկայացրեց Արաքսյա Վարդանյանը:
«Մենք այս ընտանիքին ցուցաբերում ենք սոցիալական աջակցություն, բարելավել ենք կենցաղային ու բնակարանային պայմանները, ապահովել գրենական պիտույքներով, սակայն ընտանիքի երկու տղաները խուսափում են դպրոց գնալուց, քանի որ զբաղված են վճարովի աշխատանք կատարելով»,-ներկայացրեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության սոցիալական աշխատողը:
Ոստիկանության աշխատակիցները ևս հավաստեցին, որ իրենք մշտական ուշադրության կենտրոնում են պահում դպրոց հաճախելուց խուսափող երեխաների վարքն ու գործողությունները, տանում են համապատասխան բացատրական աշխատանք, սակայն առայժմ արդյունքը բավարար չէ:
Դպրոցից խուսափող տղաների մայրը երեխաների վարքագիծը պատճառաբանեց ընտանիքի սոցիալական ծանր վիճակով, սակայն խոստացավ՝ անձամբ նրանց դպրոց տանել ու հետևել նրանց վարքագծին:
«Նման դեպքեր մենք հայտնաբերել ենք նաև մարզի մյուս տարածքներում: Փորձում ենք մեր բաժնի իրավասությունների շրջանակներում անել հնարավորը, որպեսզի նման երեխաներին դպրոց ուղարկենք»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 18:59:19