Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդաձորցի փոքրիկները վերջապես կհաճախեն մանկապարտեզ

19.02.2019

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում շահագործման հանձնվեց նորակառույց մանկապարտեզի շենքը: 80 սանի համար նախատեսված կառույցը գործելու է երկու խմբով, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին խաղասենյակ, ննջարան, խոհանոց և սանհանգույց: Բացի այդ, գործելու է նաև ընդհանուր խոհանոց և սանհանգույց: Նորակառույցն ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, կահավորված եվրոպական չափանիշներին համապատասխան: Մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականին՝ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի ֆինանսավորմամբ և Վարդաձոր համայնքի համաֆինանսավորմամբ: Մի շարք աշխատանքներում իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև վարդաձորցի գործարարները: Շինարարական աշխատանքներն իրականացնող «Նիգ Դավ Գրուպ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ մանկապարտեզի ամբողջ շինմոնտաժային աշխատանքների համար ծախսվել է մոտ 169 միլիոն դրամ:
Վարդաձորի նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 19-ին: Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքի բնակիչներ, ծնողներ, հյուրեր: Հանդիսությունը մեկնարկեց մանկապարտեզի սաների և համայնքի դպրոցականների գրական-երաժշտական կատարումներով: Մանկապարտեզի բացման առթիվ վարդաձորցիներին շնորհավորեց և իր ողջույնի խոսքը հղեց մարզպետ Գնել Սանոսյանը՝ կարևորելով նման կառույցի դերն ու նշանակությունը համայնքի մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հարցում:
«Մանկապարտեզի կառուցումը Վարդաձոր համայնքի կյանքում շատ կարևոր խնդիր լուծեց, որի համար բոլորս ենք ուրախ: Վերջապես այս համայնքի փոքրիկները մինչև նախակրթարան գնալը կհաճախեն մանկապարտեզ, կստանան այն դաստիարակությունը, որը կարևոր և պարտադիր պահանջ է յուրաքանչյուր երեխայի համար: Այսօր մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մենք փայլուն սերունդ ունենք, և շատ կարևոր է, որպեսզի նրանք կրթվեն ու դաստիարակվեն ժամանակակից պահանջներին համահունչ: Ես ուրախ եմ , որ այստեղ իրենց նախադպրոցական կրթությունը կստանան համայնքի 3-4 տարեկան 80 երեխաներ, և, բացի դա, մանկապարտեզը լուծում է նաև 15 աշխատատեղի խնդիր համայնքում, ինչը ուրախալի փաստ է: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում նրանց, ում աջակցությամբ այս շենքը կառուցվել է: Գոհ եմ նաև շինարարական աշխատանքների որակից»,- իր խոսքում նշեց մարզպետը: Գնել Սանոսյանը հավելեց նաև, որ այս պահին քննարկման փուլում են մարզի մի շարք համայնքների մանկապարտեզների հիմնանորոգման կամ կառուցման ուղղությամբ նախատեսվող ծրագրերը, և մինչև մայիս ամիս դրանք կներկայացվեն ՀՀ կառավարություն:
Վարդաձորի նորակառույց մանկապարտեզի բացման առթիվ համայնքի բնակիչներին շնորհավորեցին և ներդրողների հասցեին շնորհակալական խոսքեր հնչեցրին նաև Վարդաձոր համայնքի ղեկավարը, համայնքի դպրոցի և մանկապարտեզի տնօրենները: Իրենց երախտագիտությունն ու ոգևորությունն արտահայտեցին նաև մանկապարտեզ հաճախող փոքրիկների ծնողները: «Մենք շատ երկար ենք սպասել այս օրվան և մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ում ջանքերով և աջակցությամբ մեր համայնքը վերջապես ունեցավ մանկապարտեզ: Երեխաների համար շատ դժվար է տնից միանգամից դպրոց հաճախելը: Մանկապարտեզն այսուհետ կլրացնի այդ բացը, որն առկա էր երկար տարիների ընթացքում»,- հավաստեցին նրանք:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 18:59:19