Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին մարզում զբոսաշրջության զարգացման հեռանկարները

18.02.2019

Փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ-ի «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանին և նույն ծրագրի «Երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ներկայացուցիչ Արեգ Սինանյանին: Հանդիպման հիմնական թեման մարզի զբոսաշրջության ոլորտում ՄԱԶԾ «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում»ծրագրի կողմից առաջ քաշված որոշակի նորարարական գաղափարների և ծրագրերի կյանքի կոչումն էր, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի համայնքների հետ համագործակցության շրջանակների ընդլայնումը: Ծրագրի համակարգող Արման Վալեսյանը ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու անելիքները, որտեղ ընդգրկված է Գեղարքունիքի մարզը: Ըստ ներկայացվածի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է ՝ համայնքներ հետ միասին լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման և խթանման համար:
Ծրագրի պատասխանատուները մարզպետին ներկայացրին մարզում իրենց կողմից ընտրված այն ծրագրերը, որոնցում նախատեսել են ներդրումներ կատարել և դրանք հրապուրիչ դարձնել զբոսաշրջության համար: « Գավառի պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում ստեղծել ենք տուրիզմի զարգացման կենտրոն, որտեղ «Սերվիս» բաժինն ավարտած ակտիվ երիտասարդների առաջարկությամբ այժմ Գեղարքունիքի մարզում կյանքի ենք կոչում զբոսաշրջության զարգացման տարաբնույթ ծրագրեր: Այս պահին ծրագրեր ենք իրականացնում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Կարմիրգյուղ, Կալավան գյուղերում և Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ու Գավառի պետական համալսարանում: Կալավան գյուղում ներդրումներ ենք կատարում արկածային և գիտահետազոտական տուրիզմի կենտրոնի կառուցման ուղղությամբ: Այստեղ ակնկալում ենք համագործակցություն Կալավան տանող ճանապարհի հիմնանորոգման կամ բարեկարգման ուղղությամբ: Դրախտիկ գյուղում հիմնում ենք ձիարշավարան, համայնքապատկան հյուրանոց և էկոարահետ, որը 16 կիլոմետր երկարությամբ ու լեռնային ճանապարհով Դրախտիկը կապելու է Կալավան բնակավայրի հետ: Հեռանկարային ծրագրում կարող ենք ընդգրկել Մարտունի քաղաքում ստեղծված ձիաբուծարանը, որի նախաձեռնող Տիգրան Բաղիշջանյանը զգալի հաջողություններ է արձանագրել ձիարշավային տուրիզմի զարգացման ոլորտում: Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում նախատեսել ենք ներդրումներ կատարել պանրի մառանի կառուցման ուղղությամբ, որտեղ զբոսաշրջիկները կարող են համտեսել գինու և կոնյակի մեջ հասունացրած, հորած և պարմեզան տիպի պինդ պանիրներ: Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկայում ներդրումներ ենք կատարում գորգերի թանգարան ստեղծելու ուղղությամբ: Այստեղ արդեն ավարտվել են տանիքի նորոգման աշխատանքները, ձեռնարկելու ենք ներքին հարդարման աշխատանքներ: Գավառի պետական համալսարանում հիմնել ենք Գեղարքունիքի մարզի տուրիզմի զարգացման կենտրոն: ՀՀ ԳԱԱ առաջարկությամբ մտադիր ենք Վարդենիսի տարածքում աջակցել գեոտուրիզմի զարգացման ծրագրի կյանքի կոչմանը»,-ներկայացրեց Արման Վալեսյանը:
«Երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ներկայացուցիչ Արեգ Սինանյանը մարզպետարանի աջակցությունը խնդրեց Բերդկունք համայնքի վարչական տարածքում գտնվող պատմական բերդի մուտքի բացման հարցում:
Մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր պատրաստակամությունը ծրագրերին աջակցելու հետ կապված հարցերում: «Ուրախ եմ, որ Գեղարքունիքի մարզը ևս ընդգրկված է ձեր ծրագրերում: Մենք ձգտում ենք, որ մեր մարզում հնարավորինս արագ և արդյունավետորեն զարգացնենք տուրիզմը իր բազմազան ուղղություններով: Ձեր կողմից ներկայացվող ծրագրերը բավական հետաքրքիր են: Մարզպետարանում աշխատանքային խումբ է ձևավորվել, որն զբաղվում է գործարար համաժողովի աշխատանքների նախապատրաստմամբ և համակարգմամբ և ոչ միայն: Սակայն աշխատանքների ընդգրկուն ծավալը պահանջում է առավել սերտ համագործակցություն պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, գործարարների, միջազգային կառույցների հետ: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի գործարկումով մեր մարզը տարանցիկ մարզի կարգավիճակ է ձեռք բերել, մի հանգամանք, որը կարող է զարկ տալ տուրիզմի ամենատարբեր ուղղություններին, ուստի ցանկալի է նախաձեռնություններ հանդես բերել նաև այս ուղղությամբ: Ես լուրջ ակնկալիքներ ունեմ մեր համագործակցությունից»,- շեշտեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ներկայացված ծրագրերից ընդգրկել մարզում առաջիկայում կայանալիք « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի քննարկմանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12