Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Նորատուս համայնքում

06.02.2019

Փետրվարի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Նորատուս համայնքում ծանոթացավ համայնքի մանկապարտեզների, հանրակրթական դպրոցների եւ բուժամբուլատորիայի աշխատանքներին, այցելեց գյուղմթերքների վերամշակման կիսակառույց շինության տարածք և համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը գտնվում է հիմնանորոգման ընթացքում: Մարզպետին ուղեկցում էր մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:
Ինչպես տեղում ներկայացրեց Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը, բարերար ու ձեռնարկատեր Ռադիկ Վանունցի միջոցներով նախաձեռնած կառույցը հավակնում է դառնալ գյուղմթերքների վերամշակման գործարան, որը կարող է ապահովել մինչեւ 300 աշխատատեղ: Շինարարությունը ժամանակավորապես կանգ է առել ֆինանսական անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով: «Կարծում եմ, որ սեփականատերը կարձագանքի մարզի գործարարների մասնակցությամբ կազմակերպվելիք տնտեսական համաժողովի մեր հրավերին, ու մենք, այլ գործարարների հետ համագործակցությամբ կարող ենք լուծում տալ խնդրին, նպաստել, որպեսզի կյանքի կոչվի այս կարեւոր ձեռնարկը»,-նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանն այնուհետև եղավ Նորատուսի մշակույթի տանը, որտեղ ժամանակավորապես տեղավորված է նաեւ համայնքապետարանի աշխատակազմը: Համայնքի ղեկավարը մարզպետին տեղեկացրեց, որ նույն բարերար Ռադիկ Վանունցի միջոցներով ամբողջությամբ հիմնանորոգվել ու կահավորվել է մշակույթի տան դահլիճը, աշխատասենյակները և խմբասենյակները:
Այնուհետ մարզպետն այցելեց Նորատուսի թիվ 1 եւ թիվ 2 մանկապարտեզներ, զրուցեց տնօրենների եւ դաստիարակների հետ: Նախակրթական երկու հաստատություններում էլ ստեղծված են ժամանակակից պայմաններ՝ նախադպրոցական կրթությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Թիվ 1 մանկապարտեզը հիմնանորոգվել է պետական, իսկ թիվ 2 –ը ՝ տեղական բյուջեի միջոցների հաշվին, 2012-2016 թվականների ընթացքում: Երկու մանկապարտեզներն էլ գործում են շուրջտարյա, անվճար հիմունքներով,որտեղ, միասին վերցրած, հաճախում են 135 երեխա: «Նորատուսում չկա մի երեխա, որ դուրս մնացած լինի նախադպրոցական կրթությունից»,-հավաստեց համայնքի ղեկավարը:
Նորատուսի բուժամբուլատորիայում Գնել Սանոսյանը բուժանձնակազմի հետ զրուցեց աշխատանքների ընթացքի մասին: Արվեստի դպրոցում մարզպետը ծանոթացավ խմբակների գործունեությանը եւ շենքային ոչ բարվոք պայմաններին: Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ Նորատուսի արվեստի ու մարզական խմբակներում ընդգրկված են 305 երեխա: Թիվ 1 միջնակարգ դպրոցում Գնել Սանոսյանը շրջեց դասասենյակներում, զրուցեց մանկավարժների եւ աշակերտների հետ, պատասխանեց մանկավարժների կողմից բարձրացված հարցերին:
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մարզպետը դիտարկեց հիմնանորոգման աշխատանքների ընթփացքը:
«Կարճ դադարից հետո մենք սկսում ենք մեր համայնքային շրջայցերը՝ իրավիճակը տեղում գնահատելու, խնդիրներն արձանագրելու եւ դրանց համար լուծումներ գտնելու նպատակով: Նորատուսում մենք տեսանք բավականին արդյունավետ ու կազմակերպված աշխատանք, շոշափելի ձեռքբերումներ, տարբեր ոլորտներում իրականացվող հետաքրքիր ձեռնարկներ: Լավ հիմքերի վրա է դրված թե նախադպրոցական, թե դպրոցական ու գեղագիտական կրթությունը: Շատ կարեւոր է, որ համատեղ ուժերով կարողանանք առաջ տանել ու ավարտին հասցնել գյուղմթերքների վերամշակման գործարանի կառուցումն ու շահագործումը, որը կապահովի հարյուրավոր մշտական աշխատատեղեր: Ուրախալի է, որ ավարտին է հասցվում Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնանորոգումը, որով ոչ միայն վերականգնվում է Միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշալիքներից մեկը, այլ նաեւ պատմական հուշարձաններով ու խաչքարերով հարուստ այս գյուղը ստանում է տուրիզմի զարգացման եւս մեկ կարեւոր այցեքարտ»,- այցի տպավորություններն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:57:57