Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական կազմակերպության միջոցներով կշարունակվեն առողջապահական համակարգի նորացման ծրագրերը

05.02.2019


Փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ներկայացուցիչներ Ժան-Կլոդ Ռոսեին և Դանիել Պերոյին:Ինչպես հանդիպման սկզբում նշեցին ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի դեպարտամենտալ խորհրդի միջև հաստատված համագործակցության շրջանակներում նախորդ տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզի առողջապահության առաջնային օղակում իրականացվել են վերանորոգման, տեխնիկական վերազինման ու մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, որոնք պետք է շարունակվեն նաև առաջիկա տարիների ընթացքում:«Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտում մեր համագործակցությունը որպեսզի ունենա իր շարունակությունը, նախ կարևոր է, որպեսզի մինչև այս տարվա մարտ ամսի կեսերը մենք կարողանանք ավարտել 2018 թվականի ընթացքում սկսված, բայց տարբեր պատճառներով անավարտ մնացած ծրագրերը Վարդենիսի տարածաշրջանի համայնքներում: Մենք շտապ կարգով ու համատեղ կընտրենք այն բնակավայրերի առողջության առաջնային պահպանման շենքերի ցանկը, որտեղ պետք է իրականացնենք ու ավարտին հասցնենք նախորդ տարվանից կիսատ մնացած ծրագրերը, այնուհետ պետք է համատեղ կազմենք ու հաստատենք առողջապահական ոլորտի 2019-2021 թվականների ծրագրերը»,-ներկայացրեց Ժան-Կլոդ Ռոսեն:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր աջակցությունը համագործակցության ծրագրերի իրականացման ընթացքին ու հետագա շարունակությանը:«Մենք կցուցաբերենք բավարար աջակցություն, որպեսզի նախատեսված ժամկետներում ավարտվեն նախորդ տարվանից անավարտ մնացած աշխատանքները և կազմվեն առաջիկա երեք տարիների համագործակցության ծրագրերը մարզի առողջապահական ոլորտում: Շինարարական աշխատանքների վերահսկողությունը միշտ կգտնվի մարզպետարանի ուշադրության կենտրոնում»,-վստահեցրեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ֆրանսիական կողմի ներկայացուցիչները մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի հետ համատեղ շրջայցեր կկատարեն Վարդենիսի տարածքի համայնքներում՝ ծրագրերի իրականացման առաջնահերթությունները հստակեցնելու և աշխատանքները ձեռնարկելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59