Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ՝ 16.01. -31.01.2019թ աշխատանքային օրերի ամփոփ պատկերը

01.02.2019

Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը զեկուցեց 2019 թվականի ձմեռային զորակոչի աշխատանքների ընթացքի մասին, հավաստելով, որ մեկնարկած զորակոչն ընթանում է մշակված կանոնակարգին համապատասխան, առանց խոչընդոտների, միաժամանակ առկա է անհրաժեշտ մարդկային ռեսուրսը՝ մարզին տրված պլանային առաջադրանքի կատարման համար: Ամփոփելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ: Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչություն: Ըստ վարչության պետի զեկուցման՝ վարչության բոլոր ստորաբաժանումները կատարում են շուրջօրյա ծառայություն, հիմնականում ապահովված են տեխնիկական միջոցներով ու կադրերով, իսկ աշխատանքային որոշ պայմանների բարելավման նպատակով վարչական շենքում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Մարզպետը ծանոթացավ նաեւ համակարգի համար առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներին, զրուցեց սպայական անձնակազմի եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ:
Հունվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Կամրջակ» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիա Գորիսին և «Ագրոբիզնես» ՍՊԸ տնօրեն Արմեն Ստեփանյանին:
Ինչպես նշեցին կազմակերպությունների ղեկավարները, իրենք համատեղ նախատեսել են մարզում կյանքի կոչել մի ծրագիր, որի հիմքում ընկած է կարիքավոր ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գաղափարը: Ծրագրի պատասխանատուները նպատակ ունեն՝ մարզպետարանի աջակցությամբ ձեռք բերել մարզի կարիքավոր ընտանիքների ցանկ, որի հիման վրա էլ այս գարնանը անվճար հիմունքներով նրանց կտրամադրվի նախատեսված 130-140 տոննա կարտոֆիլի սերմացուն:
Գնել Սանոսյանը ողջունեց ներկայացրած գաղափարը և պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել և հետևողական լինել դրա կյանքի կոչմանը՝ սկսած ցուցակագրումից մինչև բերքահավաք և դրա իրացում:
Հունվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լսեց Վարդենիսի քաղաքապետարանում ավագանու անդամների և համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների մասնակցությամբ Վարդենիսի քաղաքապետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանի ներկայացրած հաշվետվությունը, որը վերաբերում էր 2018 թվականին տեղական բյուջեի ծախսային մասի, համայնքում կատարած աշխատանքների, գրանցած հաջողությունների, ձեռքբերումների և աշխատանքային բացթողումների վերաբերյալ: Խոսվեց համայնքում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը ակտիվացնելու, 2019 թվականին այն համայնքային առավել հրատապ և առաջնահերթ խնդիրների կարգավորմանն ուղղելու մասին: Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ նաև Վարդենիսի թիվ 2, 3 և 4 հիմնական և միջնակարգ դպրոցների տնօրենների և համայնքի ավագանու անդամների հետ: Այդ ընթացքում քննարկվեց նշված դպրոցներում հրատապ համարվող ջեռուցման խնդիրները: Նշվեց, որ դասասենյակներում լուրջ դժվարություններ են ստեղծվում հեղուկ վառելանյութով ջեռուցման ընթացքում:
Գնել Սանոսյանը խոստացավ համապատասխան մասնագետներ գործուղել նշված դպրոցներ, որոնք կկատարեն համապատասխան դիտարկումներ և կգտնեն անհրաժեշտ լուծումներ: Հունվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Ինչպես հանդիպման սկզբում նշեց Անատոլի Գոգոտինը, միայն Սոթքի ոսկու հանքավայրում 2019 թվականի հունվարի դրությամբ աշխատում են 752 հոգի, ովքեր հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի համայնքների բնակիչներ են: Նրանց միջին աշխատավարձը կազմում է ավելի քան 307 հազար դրամ: «Մենք պատրաստ ենք առաջիկա ամիսների ընթացքում եւս ավելացնել աշխատատեղերը Սոթքի հանքավայրում, շարունակել համայնքներում սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերը»,-նշեց Անատոլի Գոգոտինը:
Մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով ընկերության դերն ու նշանակությունը մարզի տնտեսական կյանքում, նշեց այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է ծավալվի համագործակցությունը երկու կողմերի միջեւ: «Առաջին հերթին մենք պետք է համատեղ ուժերով լուրջ ուշադրություն սեւեռենք բնապահպանական խնդիրներին՝ անելով հնարավորը, որպեսզի հանքավայրի շահագործումից չտուժի շրջակա միջավայրը: Երկրորդ հերթին մենք պետք է շեշտը դնենք աշխատատեղերի ավելացման վրա, որպեսզի Վարդենիսի տարածքի բնակավայրերում կարողանանք նվազեցնել աղքատությունն ու գործազրկությունը եւ դժգոհությունների այն ալիքը, որն առկա է հանքի շահագործման նկատմամբ: Համագործակցության երրորդ ուղղությունը վերաբերում է համայնքներում սոցիալ-տնտեսական նշանականության ծրագրերի աջակցությանը: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը հաջող ընթացք կունենա նշված երեք ուղղություններում»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հունվարի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա գործունեության ընդհանուր պատկերը, արձանագրված ձեռբերումները եւ առաջնահերթ անելիքները: «Իմ պաշտոնավարման 100 օրը կարելի է համարել աշխատանքային ծանրաբեռնված շրջան, որը համընկավ աշխատանքային տարվա փակման, համապետական ընտրությունների անցկացման եւ հերթական տարվա մեկնարկի հետ: Հաշվետու ժամանակահատվածում մարզպետարանը գործել է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով: Բավական է ասել, որ այդ ընթացքում մարզպետարան է մուտքագրվել 3820 փաստաթուղթ, որից 2030 գրության պատասխանվել է, մնացածների պատասխանը գտնվում է ընթացքի մեջ: Ստացվում է, որ մենք օրական գործ ենք ունեցել 38-40 գրության հետ: Մարզպետի կողմից արձակվել է 136 կարգադրություն, 98 որոշում: Այդ ընթացքում ունեցել եմ համայնքային 40 այցելություն, ինչի արդյունաքում մեզ հաջողվել է գրեթե ամբողջությամբ բոլոր համայնքներում գույքագրել առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները: Իսկ այժմ մենք գտնվում ենք դրանց լուծման մեկնարկային փուլում»,-ներկայացրեց Գնել Սանոսյանը: Այնուհետ մարզպետն անդրադարձավ առանձին ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին կամ իրավիճակին: Մարզպետը միաժամանակ հույս հայտնեց, որ 2019 թվականին Գեղարքունիքի մարզում կարձանագրվեն նկատելի ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում, կնկատվի եւ մասնավոր ներդրումների հոսք, տնտեսական վերելք, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի եւ կենսապայմանների բարելավում:
« Մենք քայլ առ քայլ լուծում կտանք մեր կողմից արձանագրված բոլոր հիմնահարցերին: Մեր ժողովրդից խնդրում եմ մի քիչ համբերություն դրսեւորել, որպեսզի կարողանանք միջոցներ ու ժամանակ գտնել՝ տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրների ծանրագույն բեռը հիմնավորապես թոթափելու համար»,- ասուլիսը եզրափակեց մարզպետ Գնել Սանոսյանը: Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց եւ վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի իրավաբանական բաժնի վարիչ Նորիկ Ղազարյանին: Ինչպես նշեց մարզպետը, Նորիկ Ղազարյանը վաստակած հանգստի է ճանապարվում՝ կապված կենսաթոշակային տարիքի լրանալու հետ:
Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2019 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստն անդրադարձավ օրակարգային երեք հարցի: Նիստի աշխատանքներն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը՝ ադրադառնալով օրակարգային բոլոր հարցերին: «Մեր աշխատանքը համատեղ է, ուստի մենք կարող ենք հաջողություն գրանցել միայն համատեղ աշխատանքում: Ես շատ եմ կարեւորում մարզի գործարարների մասնակցությամբ հրավիրվող համաժողովը, որին պետք է նախապատրաստվենք ամենայն լրջությամբ: Դրա համար կոչ եմ անում համայնքների ղեկավարներին՝ մանրամասնորեն վեր հանել տվյալ համայնքի զարգացման առաջնահերթ ուղղությունները, առկա հնարավորությունները, հեռանկարային ծրագրերը, ցուցակագրել մասնագետներին, գույքագրել հիմնախնդիրները, մշտական կապ պահպանել արտերկրում իրենց համայնքը ներկայացնող գործարարների հետ, ցուցաբերել բավարար ակտիվություն: Ինչ վերաբերում է տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարմանը, ապա այն ոչ միայն պիտի կատարվի ամբողջությամբ, օրենքի պահանջին համապատասխան, այլ նաեւ ձեր գործունեությունը, բյուջետային ծախսերը պետք է լինեն թափանցիկ եւ հրապարակային: Աշխատեք օրենքով ու կհամոզվեք, որ ձեր գործը շատ է հեշտանալու »,-շեշտեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների տնօրենների եւ աշխատակիցների հետ: Հանդիպման սկզբում մարզպետը լսեց տնօրենների եւ աշխատակիցների դիտարկումները համակարգում առկա հիմնախնդիրների, աշխատանքային պայմանների, ակնկալվող փոփոխությունների շուրջ: Մարզպետն, անդրադառնալով բարձրացրած խնդիրներին, նշեց, որ այժմ պետական կառավարման համակարգը կանգնած է կառուցվածքային փոփոխությունների շեմին, որի ներդրման արդյունքում պետք է լուծում ստանան կուտակված բոլոր հիմնահարցերը, այդ թվում՝ սոցիալական արդարության հաստատման խնդիրը: Միաժամանակ Գնել Սանոսյանը հորդորեց ու հանձնարարեց խորհրդակցության մասնակիցներին՝ հրաժարվել համակարգում նկատված աշխատանքային նախկին արատավոր մեթոդներից: «Մենք կանենք հնարավորը, որպեսզի ձեզ համար ստեղծվեն աշխատանքային բավարար ու լավագույն պայմաններ: Սակայն ինձ զարմացնում ու զայրացնում է այն փաստը, որ այստեղ նստածներից ոմանք դեռ համարձակվում են աշխատել այն նույն արատավոր մեթոդներով, ինչպես որ աշխատում էին հեղափոխությունից առաջ: Լավ հիշեք, որ ամեն մի խախտման ու կամայականության հետեւից կգա օրենքը: Ուստի հորդորում ու հանձնարարում եմ ձեզ՝ գործել միայն ու միայն օրինականության սահմաններում, առանց պաշտոնական դիրքի չարաշահման ու կամայականությունների դրսեւորման: Լավ հիշեք, որ ոչ մի նման փաստ մեր ուշադրությունից դուրս չի մնա»,-շեշտեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հունվարի 25-ին Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի պետական համալսարանը եւ Luseen Technologies ընկերությունն քառակողմ հուշագիր ստորագրեցին, որի շրջանակում Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:
Ծրագրի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի տարեկան աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գեւորգ Գալստյանը: Հաշվետու զեկուցումն ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արտավազդ Դավթյանը: Զեկուցման ընդունումից հետո փրկարարական վարչության հաշվետվության կատարած տարեկան աշխատանքների շուրջ իր տպավորությունը եւ գնահատականը ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Ինձ գոհացնում է մեր մարզի փրկարարների աշխատանքը բոլոր ուղղություններում, քանի որ մեր տեսադաշտում են փրկարարական անձնուրաց աշխատանքների բազմաթիվ օրինակներ: Այս ոլորտը ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաեւ նվիրվածություն է պահանջում, ինչը նկատելի է մեր փրկարարների մոտ: Գոհ եմ նաեւ մեր համագործակցության մակարդակից: Միաժամանակ ցանկանում եմ, որ դուք քիչ ահազանգեր ունենաք, իսկ ձեր առօրյան անցնի միայն խաղաղ պայմաններում ու մասնագիտական վարժանքների մեջ»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի տարեկան գործունեությունը գնահատվեց լավ:
2018 թվականին կատարված փրկարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրվեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության 16 աշխատակիցներ:
Հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստը քննության առավ 2019 թվականի ձմեռային զորակոչի հետ կապված ընթացիկ հարցեր:
Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայ Օգնության Ֆոնդի» Հայաստանյան գրասենյակի տնօրեն Բագրատ Սարգսյանին եւ նույն կազմակերպության տնօրենի տեղակալ, կրթագիտական ծրագրերի ղեկավար Էդիկ Կարապետյանին: Գեղարքունիքի մարզպետը ՀՕՖ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկեց համագործակցության հետ հարցեր:
Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանին եւ ծրագրի այլ բաղադրիչների համակարգողներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մարզի հանրակրթական դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման եւ Գեղարքունիքի մարզում տեխնոպարկի ստեղծման հետ կապված խնդիրները: Գնել Սանոսյանը, կարեւորելով ՏՏ ոլորտի զարգացման ապահովումը, հայտնեց իր պատրաստակամությունը համագործակցության հետ կապված բոլոր հարցերում:
Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական բոլոր դպրոցների տնօրենների հետ: Քննարկվեց դպրոցներում առկա թերացումների և բացթողումների հետ կապված հարցեր, որոնց վերացման ուղղությամբ մարզպետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Խոսվեց դպրոցներում հավաքարարների եւ տնտեսվարների կրճատված հաստիքների վերականգնման, տնօրենների եւ փոխտնօրենների աշխատավարձերի բարձրացման, որոշ դպրոցներում՝ սանհանգույցների կառուցման, շենքային պայմաների բարելավման , ջեռուցման համար անհրաժեշտ պայմանների ապահովման և այլ թեմաների մասին:
Բարձրացված հարցերի շուրջ անհրաժեշտ պարզաբանումներով եւ հանձնարարականներով հանդես եկավ մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06