Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ քննարկեց աշխատանքային առաջնահերթ նշանակության հարցեր

31.01.2019

Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական բոլոր դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը ներկաներին իրազեկեց, որ վարչությունում արդեն ավարտվել են ֆինանսական հաշվարկները, որոնց արդյունքում բոլոր դպրոցներում տեղի են ունեցել ֆինանսական վերաբաշխումներ, եւ այն դպրոցները, որոնք ներկա դրությամբ ունեն մնացորդներ, կարող են վճարել աշխատավարձերը:
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը խոսեց «Մալբերի-2» համակարգին անցնելու հանձնարարականի կատարման ընթացքի, աշխատանքային կատարողական կարգապահության բարձարացման, առարկայական օլիմպիադաների անցկացման եւ կազմակերպչական այլ հարցերի շուրջ՝ հրահանգելով տնօրեններին՝ կրթական գործը կազմակերպել առանց բացթողումների, օրենքի տառին եւ ոգուն համապատասխան: Վարչության պետը շեշտեց, որ իրենց կողմից կազմակերպված այցերի ընթացքում արդեն արձանագրվել են զանազան թերացումներ ու բացթողումներ, որոնց վերացման ուղղությամբ մարզպետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Այնուհետ մարզպետ Գնել Սանոսյանի առաջարկով կրթության ոլորտում առկա խնդիրների շուրջ հարցեր բարձրացրին դպրոցների տնօրենները: Բարձրացված հարցերը վերաբերում էին դպրոցներում հավաքարարների եւ տնտեսվարների կրճատված հաստիքների վերականգնմանը, տնօրենների եւ փոխտնօրենների աշխատավարձերի բարձրացմանը, որոշ դպրոցներում՝ սանհանգույցների կառուցմանը, շենքային պայմաների բարելավմանը, ջեռուցման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը:
Բարձրացված հարցերի շուրջ անհրաժեշտ պարզաբանումներով եւ հանձնարարականներով հանդես եկավ մարզպետ Գնել Սանոսյանը: «Մենք քաջատեղյակ ենք ձեր կողմից բարձրացված բոլոր խնդիրներին: Հավաքարարների եւ տնտեսվարի հաստիքների կրճատումը խնդիր է ոչ միայն մեր մարզում,այլ նաեւ ողջ հանրապետությունում: Գտնում եմ, որ դպրոցներն ունեն այդ հաստիքների վերականգնման կարիքը, իսկ մենք կփորձենք քննարկումների արդյունքում ու ժամանակի ընթացքում լուծել խնդիրը:Որոշ դպրոցներում ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է, իսկ տնօրենների եւ փոխտնօրենների աշխատավարձը մնացել է նույնը:Ես միտված եմ աշխատավարձի բարձրացում կատարելուն: Կարծում եմ, որ քննարկումների արդյունքում մենք կհասնենք ցանկալի արդյունքի: Եվ ընդհանրապես, աշխատավարձերը բարձրացնելու մեր ցանկությունները եւ հնարավորությունները պետք է համատեղվեն, որպեսզի կարողանանք հասնել մեր հիմնական ու ցանկալի արդյունքին: Ես կասկած չունեմ, որ ձեզանից շատերը կրթության գործի հմուտ կազմակերպիչներ են, ովքեր ամենայն պատասխանատվությամբ են մոտենում իրենց պարտականությունների կատարմանը: Սակայն մեր դիտարկումները փաստում են, որ որոշ տնօրեններ մեր երկրում կատարված հեղափոխությունից հետո էլ շարունակում են աշխատել արատավոր մեթոդներով կամ հին ոճով: Ես խնդրում ու պահանջում եմ՝ վերջ տալ այդ մեթոդներին, որոնք եղել են նախկինում ու դեռ շարունակում են պահպանվել: Հակառակ դեպքում նրանց հետեւից կգա օրենքը: Հանձնարարում եմ՝ վերափոխվել ու աշխատել օրենքի տառին համապատասխան: Ուսումնասիրությունները մեզ համոզում են, որ որոշ տնօրեններ ջանք չեն թափում՝ դասասենյակներում բավարար ջերմաստիճան ապահովելու, շենքերի պահպանությունը պատշաճ կարգով կազմակերպելու, գրագետ գործավարություն իրականացնելու, իրենց իրավասության շրջանակներում զանազան այլ հարցեր կարգավորելու համար: Շատ խնդիրներ ունենք՝ կապված դպրոցական շենքերի արդիականացման հետ: Այստեղ ստեղծված ծանր իրավիճակը շտկելու համար մեզ մեծ միջոցներ ու ժամանակ է հարկավոր: Իսկ մինչ այդ մենք պետք է խնայված միջոցները ծախսենք արդյունավետ ու նպատակային՝ լուծում տալով դպրոցաշինական առաջնահերթ խնդիրներին: Մի շարք դպրոցներում ունենք կոնֆլիկտային իրավիճակներ ուսուցիչների միջեւ, մի շարք դպրոցներում էլ՝ տնօրենների հետ մոտիկ ազգակցական կապեր ունեցող մարդկանց աշխատանքում ընդգրկելու փաստեր, որոնց վերացման համար հարկավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ»,-ներկաներին հրահանգեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Խորհրդակցության ավարտին մարզպետը դպրոցների տնօրեններին մաղթեց հաջողություններով լի աշխատանքային եւ ուսումնական տարի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06