Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ՀՕՖ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկեց համագործակցության հարցեր

30.01.2019

Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայ Օգնության Ֆոնդի» Հայաստանյան գրասենյակի տնօրեն Բագրատ Սարգսյանին եւ նույն կազմակերպության տնօրենի տեղակալ, կրթագիտական ծրագրերի ղեկավար Էդիկ Կարապետյանին: Հանդիպմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը եւ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանը: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց «Հայ Օգնության Ֆոնդի» Հայաստանյան գրասենյակի տնօրեն Բագրատ Սարգսյանը, կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում գործունեություն է ծավալում երեք ուղղությամբ՝ աջակցության ծրագրեր իրականացնելով Գավառի մանկատանը, Գավառի պետական համալսարանում եւ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում: «Գավառի մանկատան սաների համար մենք իրականացնում ենք աջակցության ծրագրեր, որպեսզի ապահովենք նրանց կրթությունը եւ օգնենք նրանց՝ հետկրթական կյանքում իրենց տեղը գտնելու համար: Գավառի պետական համալսարանի 80 երեխաների համար ապահովում ենք կրթավճարի մուծումը, իսկ շուտով այստեղ ֆինանսապես աջակցելու ենք նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացների կազմակերպմանը, որն իրականացնելու ենք Գյումրիի տեխնոպարկի հետ համագործակցությամբ: Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում մեր կազմակերպությունը վերջին 15 տարիներին իրականացրել է հիմնանորոգման ու տեխնիկական վերազինման բազմաթիվ ծրագրեր, ինչի շնորհիվ հատուկ կարիքավոր երեխաների կրթությունը ժամականակակից չափորոշիչներին համապատասխանեցվել է մոտ 90 տոկոսով: Սփյուռքահայ մեր հայրենակից բարերարները հետայսու էլ պատրաստ են յուրաքանչյուր տարում աջակցության նոր ծրագրեր իրականացնելու այս դպրոցում, սակայն այժմ որոշակի խնդիրներ են ծագել հաստատության հետագա գործունեության ծավալման առումով»,-ներկայացրեց Բագրատ Սարգսյանը: Ըստ տնօրենի՝ մի կողմից վերջին տարիներին զանազան պատճառներով պակասել է դպրոց հաճախող աշակերտների թիվը, իսկ մյուս կողմից էլ, համաձայն գործող կարգի եւ նախատեսված ծրագրի, այս հաստատությունը պետք է վերակազմակերպվի մանկավարժահոգեբանական կենտրոնի, որի դեպքում հարցականի տակ կդրվի հատուկ դպրոցում այնքան մեծ ջանքերով ստեղծված հնարավորությունների արդյունավետ օգտագործումը: Հարցի լուծման ճիշտ ճանապարհը ՀՕՖ-ի ներկայացուցիչները տեսնում են դպրոցում ավագ դասարանների բացման եւ դրանց բազայի վրա արհեստագործական խմբակների ստեղծման միջոցով նոր աշակերտներ ներգրավելու մեջ: «Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում կան հատուկ կարիքավոր հարյուրավոր երեխաներ, սակայն նրանց քիչ մասն են հաճախում Գավառի թիվ 1 հատուկ դպրոց, մնացած դեպքերում ծնողները գերադասում են իրենց երեխաներին դպրոց չտանել: Թեեւ մարզի որոշ դպրոցներում ներդրված է ներառական կրթություն, սակայն պետք է համոզված ասել, որ ոչ մի դպրոցում չկան հատուկ կարիքավոր երեխաների կրթության համար այնպիսի պայմաններ ու հնարավորություններ, ինչպիսիք որ առկա են Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում:Ավագ դասարանների բացման եւ դրանց բազայի վրա արհեստագործական տարբեր խմբերի ստեղծման դեպքում, համոզված ենք, այստեղ կհաճախեն թե՛ Գավառի մանկատան սաները, թե՛ մարզի տարբեր համայնքների հատուկ կարիքավոր կամ մասնագիտություններ ձեռք բերել ցանկացող երեխաներ: Դպրոցն ունի ննջարանային մասնաշենք, որի հնարավորություններից կարող են օգտվել հեռավոր բնակավայրերից ժամանած երեխաները: Համատեղ ուժերով մենք պետք է բացատրական աշխատանք տանենք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Մեր կազմակերպությունը պետք է հոգա արհեստագործական կրթության բազայի ստեղծումը, իսկ պետությունը՝ կրթական ծրագրերի ֆինանսավորումը»,-նշեց Բագրատ Սարգսյանը:

Գնել Սանոսյանն իր հերթին կարեւորեց Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում առկա միջոցների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը, արհեստագործական խմբակների ներդրումը, հատուկ կարիքավոր երեխաների ամբողջական ներգրավումը հանրակրթության մեջ, ՀՕՖ-ի հետ անհրաժեշտ համագործակցության հաստատումը: «Բարձրացված խնդիրները մենք կքննարկենք ՀՀ ԿԳ նախարարության եւ շահագրգիռ այլ կառույցների հետ: Կանենք հնարավորը, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք գտնել ամենաարդյունավետ լուծումները եւ դրանք ուղղել հատուկ կարիքավոր երեխաների կրթության ապահովմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39