Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ամփոփեց աշխատանքային գործունեության 100 օրը

23.01.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հունվարի 23-ին մարզպետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա գործունեության ընդհանուր պատկերը, արձանագրված ձեռբերումները եւ առաջնահերթ անելիքները: «Իմ պաշտոնավարման 100 օրը կարելի է համարել աշխատանքային ծանրաբեռնված շրջան, որը համընկավ աշխատանքային տարվա փակման, համապետական ընտրությունների անցկացման եւ հերթական տարվա մեկնարկի հետ: Պետք է շեշտել, որ ՀՀ ԱԺ ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ բացառիկ էին թափանցիկության, արդարության ու ազատ կամարտահայտման տեսանկյունից, որի ժամանակ ինչպես մեր Հանրապետությունում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում չգրանցվեցին լուրջ միջադեպեր կամ խախտումներ: Հաշվետու ժամանակահատվածում մարզպետարանը գործել է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով: Բավական է ասել, որ այդ ընթացքում մարզպետարան է մուտքագրվել 3820 փաստաթուղթ, որից 2030 գրության պատասխանվել է, մնացածների պատասխանը գտնվում է ընթացքի մեջ: Ստացվում է, որ մենք օրական գործ ենք ունեցել 38-40 գրության հետ: Մարզպետի կողմից արձակվել է 136 կարգադրություն, 98 որոշում: Այդ ընթացքում ունեցել եմ համայնքային 40 այցելություն, ինչի արդյունաքում մեզ հաջողվել է գրեթե ամբողջությամբ բոլոր համայնքներում գույքագրել առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները: Իսկ այժմ մենք գտնվում ենք դրանց լուծման մեկնարկային փուլում»,-ներկայացրեց Գնել Սանոսյանը: Այնուհետ մարզպետն անդրադարձավ առանձին ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին կամ իրավիճակին:
Ֆինանսական ոլորտում 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մարզի 21 հանրակրթական ուսումնական հաստատություններում կատարվել է հաստատված նախահաշիվների փոփոխություններ և 86մլն. 187 հազ.դրամ հատկացվել է ընթացիկ վերանորոգման և գույքի ձեռք բերման նպատակով:
Առողջապահության ոլորտում շահագործվել է Սեւանի արդիականացված բժշկական կենտրոնի շենքը, շտապօգնության ծառայությունները համալրվել են նորագույն շտապօգնության ավտոմեքենաներով: Հաշվետու ժամանակահատվածում մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 770 երեխա: Մարզի առողջապահական հաստատությունների կողմից կազմակերպվել եւ անցկացվել է 9 «Բաց դռների օր»:
Սոցիալական ապահովության ոլորտում ավելի քան 197 կարիքավոր ընտանիքներ մարզպետի կողմից ստացել են դրամական օգնություն: Օգնություն է ցուցաբերվել նաեւ բազմազավակ, զոհված կամ վիրավոր ազատամարտիկների, Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքներին, որի ընդհանուր գումարը կազմել է 16 միլիոն 266 հազար դրամ:
Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում շահագործման է հանձնվել Գավառ քաղաքի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի եւ Մարտունի քաղաքի ավագ դպրոցի նորակառույց ու արդիականացված շենքերը, որոնց բացմանն անձամբ մասնակցել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կազմակերպված մի շարք մշակութային միջոցառումներին և փառատոներին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել մարզի կրթական ու մշակութային հասատատությանների սաները: Մարզի դպրոցականները ակտիվ մասնակություն են ցուցաբերել նաև մարզական տարբեր ստուգատեսերի և մրցումների ժամանակ: Ուսումնական 21 հաստատություններում տնտեսված միջոցների հաշվին, 86 միլիոն դրամի շրջանակներում իրականացվել կամ ընթացքի մեջ են գտնվում հիմնանորոգման կամ գույքի ձեռքբերման աշխատանքները: «Կրթական համակարգում այս պահի դրությամբ ունենք 1 միլիարդ 461 հազար դրամի տնտեսում, որն առաջիկայում ուղղելու ենք հիմնանորոգման, գույքի ձեռքբերման ծրագրերի իրականացմանը, առանձին դպրոցներում՝ նաեւ աշխատավարձերի բարձրացմանը»,-հավաստեց մարզպետը:
Գյուղատնտեսության ոլորտում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում առկա գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման աշխատանքները կազմակերպելու համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով:Մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքի և Վահան բնակավայրի հողօգտագործողներին փաստացի ցանված աշնանացանի համար, 49.17 հեկտարի հաշվով տրվել է սուբսիդիա 2մլն 950 հազ. 200 դրամի չափով, որը բաժին է հասել 45 շահառուների: Ավարտվել են անասնահամաճարակների եւ մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումները:
Բնապահպանության ոլորտում պարբերաբար իրականացվել են շրջայցեր՝ մարզի տարածքում բնապահպանության օրենսդրության դրվածքը ուսումնասիրելու նպատակով: Այս ընթացքում կոնկրետ դեպքերով կատարվել են չորս այցելություններ, որոնք վերաբերվում են մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքից և Սևան համայնքի Ցամաքաբերդ բնակավայրից սևահողի ապօրինի հանմանը, Չկալովկա համայնքի մայրուղուն հարող տարածքում քանդման աշխատանքներին և Գանձակ համայնքով հոսող գետի հունի քանդմանը: Առաջին 2 դեպքերով զբաղվում են իրավապահ մարմինները, մյուս 2 դեպքերով կազմվել են արձանագրություններ:
Սևանա լճում սիգ ձկնատեսակի ձվադրման հետ կապված /20.12.2018թ. - 20.01.2019թ./ որսի արգելքի խստացման ժամանակահատվածի քննարկման վերաբերյալ քառակողմ միջոցառումների ծրագիրը քննարկվել է մարզպետարանում: Ըստ հաստատված ծրագրի՝ իրականացվել են համատեղ նախատեսված միջոցառումները և յուրաքանչյուր տասնօրյակը մեկ ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները: Մարզպետարանի աշխատակիցները մասնակցել են «Սևան» ազգային պարկի և ոստիկանության հետ համատեղ իրականացված շրջայցերին, կանխարգելիչ գործողություններին: Հողաշիանարարության և հողօգտագործման ոլորտում օրենքով սահմանված կարգով Գեղամասար և Ծաղկաշեն համայնքներում փոխվել են բջջային կայանների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային նշանակությունները:
Քաղաքաշինության ոլորտում 2018թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով ավարտվել են Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար հատկացվել է 42,9 մլն. դրամ: Շարունակվել են Զոլաքարի համայնքի N 2 միջնակարգ դպրոցի հիմնավերակառուցման և Սևան քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները՝ որոնց համար համապատասխանաբար հատկացվել է 147,3 մլն. և 157, մլն. դրամ: Սկսվել են Ն.Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման եւ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, որոնց համար հատկացվել է 49,1 մլն. դրամ: ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով վերականգնվել է Վ.Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի՝ քամուց տուժած երկու մասնաշենքերի տանիքները, որոնց համար ծախսվել է 14,6 մլն. դրամ: ՀՀ կառավարություն են ներկայացվել թվով 18 հրատապ լուծում պահանջող ծրագրեր, որոնցից երկուսը (Գանձակ համայնքի խորքային հորի հորատում և Ծաղկաշեն համայնքի խորքային հորի պոմպի ձեռքբերում) ավարտվել են, իսկ մնացած ծրագրերի համար շուտով կհայտարարվի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթներ: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ շարունակվել են Գավառի N 2 հիմնական դպրոցի շենքի շինարարական աշխատանքները: «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի /IFAD/ միջոցով ավարտվել են՝ Վ.Գետաշեն գյուղի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցումը, որտեղ ներդրվել է 79.9 մլն դրամ, եւ Զոլաքար համայնքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը, որտեղ ներդրվել է 196.6 մլն դրամ:
2018 թվականին ՀՀ պետական և համայնքային բյուջեների հաշվին մարզում ներդրվել է 3միլիարդ 339.5 մլն. դրամ, որից 2869.7մլն.դրամը ՀՀ պետական բյուջեից, 469.7 մլն.դրամը՝ համայնքային բյուջեներից: Ընդհանուր առմամբ հիմնանորոգվել են 28.9կմ տարբեր նշանակության ճանապարհահատվածներ և փողոցներ, 3 կամուրջներ, 3 փլվածքներ, տեղադրվել են 5169 գծամետր մետաղական արգելափակոցներ, ինչպես նաև իրականացվել են պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման աշխատանքներ:
Զարգացման ծրագրերի, տուրիզմի եւ վերլուծության ոլորտում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն են ներկայացվել 46 սուբվենցիոն ծրագրային հայտեր, որոնցից հաստատվել է 41-ը: Դրանք իրականացվել են ամբողջությամբ: Համատեղ աշխատանք է իրականացվում Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտալ խորհրդի և Գեղարքունիքի մարզպետարանի միջև 2019-2021թթ. Համագործակցության համաձայնագիր վերաստորագրելու, ինչպես նաև ՌԴ Սարատովի և Գեղարքունիքի մարզերի միջև հուշագիր կնքելու ուղղությամբ: Աշխատանքներ է իրականացվում մարզի բոլոր համայնքների հետ՝ 2019 թվականի ապրիլին կազմակերպվելիք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի կազմակերպման գործում: «Մենք համաժողովի հրավիրման օր ենք սահմանել 2019 թվականի ապրիլի 19-ը, որպեսզի բոլոր համայնքները կարողանան հավուր պատշաճի ներկայացնել իրենց համայնքների զարգացման առաջնահերթությունները, հնարավորությունները, գործարարներին ներկայացվող հստակ առաջարկները, ապահովել բոլոր գործարարների մասնակցությունը: Այդ համաժողովի աշխատանքներին պետք է հաջորդեն կոնկրետ ու արդյունավետ քայլերը, տեսանելի լինեն թե սպասվող ներդրումները, թե իրականացվող ծրագրերը եւ ձեռքբերումները»,-շեշտեց Գնել Սանոսյանը:
ՏԻ և ՀԳՄՀ ոլորտում կայացել են համայնքային ծառայողների թափուր պաշտոնների վերաբերյալ մրցույթներ, հաղթոները նշանակվել են աշխատանքի: Մարզի 16 համայնքներում անցկացվել են 35 համայնքային ծառայողների ատեստավորումներ: 2018թ.նոյեմբերին հերթական վերապատրաստում են անցել 11 համայնքային ծառայողներ:Աջակցություն է ցուցաբերվել հասարակական կարգի պահպանության, փրկարարական աշխատանքների, տեղական կամ համապետական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ուղղություններում:
Իրավաբանական ոլորտում մարզի համայնքների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան են ներկայացվել համայնքների ավագանիների թվով 458 որոշումներ: Դրանց իրավական փորձաքննության արդյունքում 13 որոշումներ համապատասխան պարզաբանմամբ վերադարձվել են տվյալ համայնքներ՝ թերությունները վերացնելու նպատակով: ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին են ներկայացվել 2 հայցապահանջներ: Իրավաբանական բաժինը ընդհանուր իրավասության, վերաքննիչ դատարաններում շուրջ 12 անգամ հանդես է եկել որպես հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչ, ինչպես նաև պատասխանել է թվով 8 քննչական պահանջների:
Ներքին աուդիտի ոլորտում հաշվետու ժամանակահատվածում խորհրդատվական ծառայություն է մատուցվել մարզի առողջապահական հաստատություններին, Սարուխանի բուժամբուլատորիայում անցկացվել է աուդիտ 2015-2018 թվականների գործունեության վերաբերյալ: Մարտունու ՍԱՏԳ-ում կատարվել է 2016-2018 թվականների գործունեության ուսումնասիրություն: Կազմվել է 2019 թվականի աուդիտի ռազմավարական եւ տարեկան ծրագիրը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտում 2018 թվականի հոկտեմբերի 10-ից բաժնի կողմից իրականացվում է Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի տեղեկատվական սպասարկումը: Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է տեղեկատվական բնույթի 275 տպագիր նյութ, իսկ նույն էջով և մարզային հեռուստաընկերությունների հետ ունեցած համագործակցության արդյունքում թողարկվել է 138 տեսանյութ: Պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 40 համայնքային այցեր են կատարվել, հավաքագրել է 110-120 հիմնախնդիր, որոնք բարձրաձայնել են բնակիչները կամ ՏԻՄ ներկայացուցիչները։ Հիմնախնդիրները հիմնականում կրկնվել են։Բաժինն համագործակցել է նաև մարզային թերթի և «Արմենպրես» լրատվական գործակալության հետ:
Զորահավաքային նախապատրաստության ոլորտում ընթանում է 2019 թվականի ձմեռային զորակոչը, որն անցնում է սահմանված ընթացակարգի եւ ժամանակացույցի համաձայն, առանց խոչընդոտների:Նորակոչիկները Հայոց բանակ են ճանապարհվում հանդիսավորությամբ, որոնց մասնակցում են մարզպետը եւ մարզպետի տեղակալները: 2019 թվականի ընթացքում անցկացվել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի 1 նիստ։
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Գավառի մանկատանը խնամվում են 50 երեխաներ: 2018թ. մանկատնից կենսաբանական ընտանիքներ են տեղափոխվել 4 երեխաներ: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից ներկայացված տվյալների հիման վրա ձևավորվել է մարզի մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ և հանցագործություն կատարած անչափահասներին վերաբերող մարզային շտեմարան, որտեղ 2018թ. հաշվառված է 13 անչափահաս իրավախախտ երեխա:
Անձնակազմի կառավարման ոլորտում կնքվել է 27 աշխատանքային և ժամանակավոր աշխատանքային պայմանագիր՝ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ և ՊՓԲԸ տնօրենների հետ։ Անցկացվել է 3 մրցույթ:
Հաշվետվության ներկայացումից հետո մարզպետ Գնել Սանոսյանը պատասխանեց լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին համայնքների խոշորացման քաղաքականությանը, Սեւան-Քաղսի կոյուղու կոլեկտորի շինարարությանը, գյուղմթերքների իրացմանը, ճանապարհաշինական նոր ծրագրերին, Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կարգի սահմանմանը, պետական ապարատի կրճատմանը, մի շարք այլ կարեւոր ուղղությունների:
Գնել Սանոսյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման հարցին, շեշտեց, որ ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում այն ընթացել է՝ առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու, առանձին պաշտոնյաների,ոչ թե մարդկանց շահերը հաշվի առնելու: «Մեր մարզում խոշորացումը տվել է թե բացասական, թե դրական արդյունքներ: Առայժմ խոշորացման քաղաքականությունը չի վերանայվում, սակայն վերանայելու կամ շարունակելու դեպքում անպայման անցկացվելու են հանրային քննարկումներ, այն լինելու է միայն եւ միայն բնակչության համաձայնությամբ»,-հավաստիացրեց մարզպետը: Գնել Սանոսյանն անդրադարձավ մարզպետարանի աշխատակիցներին տրված տարեվերջյան պարգեւավճարների խնդրին, որը օրերս լայնորեն շրջանառվում է հանրապետական զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով: «Այդ պարգեւատրումները մենք կատարել ենք օրենքի շրջանակներում՝ առանց իրավախախտումների: Գումարը վճարվել է մարզպետարանում թափուր պաշտոններից առաջացած խնայողությունների հաշվին: Մենք միաժամանակ պետբյուջե ենք վերադարձրել 116 միլիոն դրամ, որը կատարել ենք խնայողությունների հաշվին: Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա պետք է շեշտեմ, որ վերջին կես տարվա ընթացքում մարզպետարանի աշխատակազմը, կապված երկու մարզպետների նշանակման հետ, աշխատել է նկատելի ծանրաբեռնվածությամբ, ուստի եւ արժանի էր այդ պարգեւատրմանը»,-շեշտեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը միաժամանակ հույս հայտնեց, որ 2019 թվականին Գեղարքունիքի մարզում կարձանագրվեն նկատելի ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում, կնկատվի եւ մասնավոր ներդրումների հոսք, տնտեսական վերելք, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի եւ կենսապայմանների բարելավում:
«Մեզ շատ բարդ, բայց հետաքրքիր ու պարտավորեցնող աշխատանքային տարի է սպասվում: Արդեն մենք շփումների մեջ ենք մի շարք գործարարների հետ, ովքեր ցանկանում են խոշոր ներդրումներ կատարել հատկապես գյուղատնտեսության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:Շատ են մեր սպասելիքները նաեւ պետական ներդրումներից, որոնց շնորհիվ համայնքներում կիրականացվեն սոցիալ-տնտեսական ու կենսական կարեւորության բազմաթիվ ծրագրեր: Մենք քայլ առ քայլ լուծում կտանք մեր կողմից արձանագրված բոլոր հիմնահարցերին: Մեր ժողովրդից խնդրում եմ մի քիչ համբերություն դրսեւորել, որպեսզի կարողանանք միջոցներ ու ժամանակ գտնել՝ տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրների ծանրագույն բեռը հիմնավորապես թոթափելու համար»,- ասուլիսը եզրափակեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11