Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գնել Սանոսյանը լսեց Վարդենիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տարեկան հաշվետվությունը

22.01.2019

Ելնելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի մոտ կայացած խորհրդակցության համապատասխան հանձնարարականից` Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ մարզի բոլոր համայնքների ղեկավարները հունվար ամսվա ընթացքում, ըստ մարզպետարանում կազմված ժամանակացույցի, իրենց համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի շրջանակում հաշվետվություն են ներկայացնում 2018 թվականի բյուջեների ծախսային մասի վերաբերյալ: Հաշվետվություններն անցնում են Գեղարքունիքի մարզպետի, մարզպետի տեղակալների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Հունվարի 22-ին Վարդենիսի քաղաքապետարանում ավագանու անդամների և համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների մասնակցությամբ Վարդենիսի քաղաքապետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանը ներկայացրեց հաշվետվություն 2018 թվականին տեղական բյուջեի ծախսային մասի, համայնքում կատարած աշխատանքների, գրանցած հաջողությունների, ձեռքբերումների և աշխատանքային բացթողումների վերաբերյալ: Խոսվեց համայնքում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը ակտիվացնելու, 2019 թվականին այն համայնքային առավել հրատապ և առաջնահերթ խնդիրների կարգավորմանն ուղղելու մասին: Արամ Մելքոնյանը նաեւ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
«Այս ձևաչափով հաշվետվությունները կարելի է նաև հանրային լսում համարել: Այն նպատակ ունի ցույց տալ հանրությանը, թե ինչ ուղղությամբ են ծախսվել իրենց կողմից վճարած հարկերից գոյացած գումարները, նպատակայի՞ն են արդյոք դրանք, թե ոչ: Այս գործընթացը համայնքային բյուջեների ծախսման ողջ գործընթացը թափանցիկ դարձնելու նպատակ ունի, իսկ հանրությունը այս կերպ ավելի իրազեկ կլինի և իր մասնակցությունը կունենա սեփական եկամուտների արդյունավետ և նպատակային օգտագործմանը»,- իր խոսքում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հանդիպման մասնակիցները հարց բարձրացրին միջհամայնքային, ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, ջրամատակարարման որակի բարելավման, բազմաբնակարան շենքերի ջեռուցման և այլ խնդիրների մասին: Մարզպետ Գնել Սանոսյանն առաջարկեց՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնել համայնքում սեփական եկամուտների հավաքագրումը, որը կնպաստի համայնքում բազմապիսի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, որոնցից անմասն չեն մնա նաև նշված խնդիրները: Համայնքի ֆինանսական միջոցները նպատակային ծախսելու համար մարզպետը հորդորեց համայնքապետարանի պատասխանատուներին՝ դրամական աջակցություն ցուցաբերել միայն սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին, ովքեր իսկապես ունեն դրա անհրաժեշտությունը: Գնել Սանոսյանը առաջարկեց համայնքում իրականացնել գույքագրում և վեր հանել առավել հրատապ խնդիրները՝ այս գարնանը մարզում կայանալիք գործարարաների համաժողովին ներկայացնելու համար: Մարզպետն իր դժգոհությունն հայտնեց Վարդենիսում վարձակալած հողերի վարձավճարների հավաքագրման ցածր մակարդակից՝ նշելով այդ ուղղությամբ նախատեսվող անելիքները:
«Ցանկալի կլիներ, որպեսզի այս հաշվետվությունը ավելի մանրամասնորեն ներկայացվեր, և դրան մասնակցեին ավելի շատ թվով մարդիկ: Սակայն այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և նախատեսել ենք, որպեսզի մարզի համայնքների ղեկավարները նմանատիպ հաշվետվություններով հանդես գան յուրաքանչյուր եռամսյակի ավարտին, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե համայնքի առջև ծառացած խնդիրները ինչ միջոցներով և ինչպես են լուծվում»,- նշեց մարզպետը:
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ Վարդենիսի թիվ 2, 3 և 4 հիմնական և միջնակարգ դպրոցների տնօրենների և համայնքի ավագանու անդամների հետ: Այդ ընթացքում քննարկվեց նշված դպրոցներում հրատապ համարվող ջեռուցման խնդիրները: Նշվեց, որ դասասենյակներում լուրջ դժվարություններ են ստեղծվում հեղուկ վառելանյութով ջեռուցման ընթացքում:
Գնել Սանոսյանը խոստացավ համապատասխան մասնագետներ գործուղել նշված դպրոցներ, որոնք կկատարեն համապատասխան դիտարկումներ և կգտնեն անհրաժեշտ լուծումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59