Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրենի հետ քննարկեց համագործակցության հետ կապված հարցեր

22.01.2019

Հունվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը մանակցեց նաեւ Վարդենիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը:
Ինչպես հանդիպման սկզբում նշեց Անատոլի Գոգոտինը, միայն Սոթքի ոսկու հանքավայրում 2019 թվականի հունվարի դրությամբ աշխատում են 752 հոգի, ովքեր հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի համայնքների բնակիչներ են: Նրանց միջին աշխատավարձը կազմում է ավելի քան 307 հազար դրամ: Ըստ գլխավոր տնօրենի՝ ընկերությունը, որը Հայաստանում համարվում է չորրոդ խոշոր հարկատուն, ոչ միայն ժամանակին ու անթերի կատարում է իր հարկային պարտավորությունները, այլ նաեւ իրականացնում է սոցիալական աջակցության ու մշակութային նշանակության ծրագրեր՝ համագործակցելով իշխանության պետական ու տեղական մարմինների հետ:
«Մենք պատրաստ ենք առաջիկա ամիսների ընթացքում եւս ավելացնել աշխատատեղերը Սոթքի հանքավայրում, շարունակել համայնքներում սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերը»,-նշեց Անատոլի Գոգոտինը:
Մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով ընկերության դերն ու նշանակությունը մարզի տնտեսական կյանքում, նշեց այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է ծավալվի համագործակցությունը երկու կողմերի միջեւ:
«Առաջին հերթին մենք պետք է համատեղ ուժերով լուրջ ուշադրություն սեւեռենք բնապահպանական խնդիրներին՝ անելով հնարավորը, որպեսզի հանքավայրի շահագործումից չտուժի շրջակա միջավայրը: Երկրորդ հերթին մենք պետք է շեշտը դնենք աշխատատեղերի ավելացման վրա, որպեսզի Վարդենիսի տարածքի բնակավայրերում կարողանանք նվազեցնել աղքատությունն ու գործազրկությունը եւ դժգոհությունների այն ալիքը, որն առկա է հանքի շահագործման նկատմամբ: Համագործակցության երրորդ ուղղությունը վերաբերում է համայնքներում սոցիալ-տնտեսական նշանականության ծրագրերի աջակցությանը: Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը հաջող ընթացք կունենա նշված երեք ուղղություններում»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
«Բնապահպանական խնդիրը մեզ համար եւս ունի առաջնահերթ նշանակություն: Հանքավայրի շահագործումն իրականացվում է բնապահպանական նորմերին համապատասխան, միջազգային փորձագետների գնահատմամբ : Ինչ վերաբերում է աշխատատեղերի ավելացմանը, ապա պետք է ասեմ, որ առաջիկա երկու ամիսներին մենք պատրաստ ենք աշխատանքի ընդունել 50 մասնագետների: Հանքարդյունաբերության ծավալների ավելացմանը զուգընթաց՝ պատրաստ ենք առաջիկայում ավելացնել նաեւ աշխատատեղերի թիվը: Պատրաստ ենք նաեւ աջակցել համայնքներում սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի իրականացմանը: Այս դեպքում ցանկալի է, որ մեզ ներկայացվեն կոնկրետ ծրագրեր, որպեսզի մեր համագործակցությունն ավելի տեսանելի արդյունք տա»,-նշեց Անատոլի Գոգոտինը:
Վարդենիսի քաղաքապետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանը համագործակցության շուրջ ներկայացրեց իր դիտարկումները, հույս հայտնելով, որ քաղաքի առջեւ ծառացած հիմնախնդիրները կարող են լուծում ստանալ փոխըմբռնման եւ համատեղ աշխատանքի դեպքում:
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կծավալվի բարձր մակարդակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52