Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2019 թվականի աշխատանքային առաջին շաբաթվա ամփոփ պատկերը /08.01.-12.01.2019թ/
15.01.2019
Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատում մասնակցեց 2019 թվականի ձմեռային զորակոչի առաջին փուլի արարողությանը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին Մարտունու տարածքի նորակոչիկները: Բանակ ճանապարհելու արարողությունը կազմակերպվեց Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ, ի թիվս այլ արարողությունների, մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց նորակոչիկների ծնողներին և բարեմաղթանքի խոսքեր հղեց նրանց զավակներին: «Սիրելի նորակոչիկներ, ամենակարևորը, որ ցանկանամ եմ ձեզ, ծառայեք միայն և միայն խաղաղ պայմաններում: Առաջիկա երկու տարիների ընթացքում դուք եք իրականացնելու մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործը, խորապես համոզված եմ, կատարելու եք պատվով և փառքով տուն եք վերադառնալու: Սիրելի ծնողներ, խորապես շնորհակալ ենք ձեզանից՝ Հայոց բանակի քաջ զինվորներին արժանի փոխարինողներ ծնելու, սնելու և դաստիարակելու համար: Բարի ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում բոլորիդ, սիրելի նորակոչիկներ»,-ներկաներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հունվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց 2019 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում մարզպետն աշխատակազմի անդամներին հորդորեց՝ բարձրացնել աշխատանքային կատարողական կարգապահությունը եւ պատասխանատվությունը, տվեց հանձնարարականներ առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրների կարգավորման ուղղությամբ: Այնուհետ Գնել Սանոսյանն անդրադարձավ մարզի գործարարների մասնակցությամբ առաջիկայում բիզնես համաժողովի հրավիրման կազմակերպչական աշխատանքներին, կարեւորեց աղբահանության կազմակերպումը բոլոր համայնքներում, այդ ուղղությամբ տվեց ցուցումներ և հանձնարարականներ, մասնակիցների ուշադրությունը հրավիրեց տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացման, ապօրինի շինությունների գույքագրման եւ կանխման, մարզի տարածքում գործող գազալցակայաններում սանհանգույցների պարտադիր առկայության, դպրոցների դասասենյակներում սենյակային ջերմաստիճանի ապահովման, շնչառական հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման, մարզպետարանում ներքին փաստաթղթաշրջանառությունը օրենքով և սահմանված կարգով իրականացնելու հետ կապված խնդիրներին:
Մարզի ղեկավարը հրահանգեց նաեւ առանձնակի ուշադրություն սեւեռել սուբվենցիոն ծրագրերի կազմման եւ ներկայացման վրա: «Մենք այս տարի լուրջ ակնկալիքներ ունենք սուբվենցիոն ծրագրերից, սակայն մինչ այդ պետք է համայնքների հետ կատարենք նպատակամղված ու կազմակերպչական լուրջ աշխատանք: Անցած տարում մենք սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով առաջինն էինք Հայաստանի Հանրապետությունում եւ այս տարի էլ պետք է անենք հնարավորը, որպեսզի ավելի շատ ծրագրեր իրականացնենք մարզում»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Հունվարի 10-ին Գրիպի և սուր շնչառական հիվանդությունների սեզոնով պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը չպլանավորված այցով եղավ Գավառի թիվ 5 միջնակարգ դպրոցում, որտեղ տեղեկացավ դպրոցականների հաճախելիությանը, ստուգեց դասասենյակներում համապատասխան ջերմաստիճանի ապահովումը: Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ նույն օրը տարածվեց Գեղարքունիքի մարզպետարանի կոչը մարզի ծնողներին՝ գրիպով վարակված երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ չուղարկելու վերաբեյալ:
Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանա լճում ձկնորսության արգելման մասին համաձայնագիր ստորագրած մնացած երեք կառույցների ներկայացուցիչներ, ափամերձ համայնքներից ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներ:
Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր դժգոհությունը հայտնեց վերջին օրերին արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
«Ձկնոսության արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Շատ շատերը թերահավատորեն են մոտենում քառակողմ համաձայնագրի կյանքի կոչմանը: Մենք պետք է հասկանանք և ընդունենք մի փաստ. ձվադրման շրջանում Սևանա լճում ձկնոսության արգելքը դա ազգային և պարենային անվտանգության խնդիր է: Մենք պետք է գնանք ձկնոսության ոլորտի կանոնակարգման»,- դիմելով ներկաներին նշեց Գեղարքունիքի մարզպետը: Արգելքի հսկողության խստացման հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքի մասին խոսեցին ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանը և Վարդան Մովսիսյանը, ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը, «Սևան» ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը: Նրանք հորդորեցին ձկնորսների ներկայացուցչական խմբին՝ մինչև 2019 թվականի հունվարի 20-ը ձեռնպահ մնալ լիճ մտնելուց և խստիվ պահպանել արգելանքի ռեժիմը: Պաշտոնյաները հավաստիացրին ձկնորսներին, որ առաջիկայում կներդրվի արտոնագրային ձկնորսության նոր կարգը, ամեն ինչ կբերվի օրենքի դաշտ, որից կշահեն և ձկնորսները և պետությունը: Ձկնորսները խոստացան պահպանել սահմանված կարգը՝ ակնկալելով , որ արտոնագրային նոր կարգը հնարավորինս շուտ կդրվի գործողության մեջ:
Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունի համայնքի մշակույթի տանը մասնակցեց շախմատի հուշամրցաշարի, որը նվիրված էր Ծակքար համայնքի բնակիչներ, շախմատային կյանքում ճանաչում և հաջողություններ ունեցած Հակոբ Հակոբյանի, Շալիկո Հակոբյանի և Գագիկ Համբարձումյանի հիշատակին: Հուշամրցաշարի նախաձեռնության և իրականացման հեղինակը արտերում բնակվող, ծնունդով ծակքարեցի, բարերար Արծրուն Հակոբյանն էր, ով արդեն շախմատի 27-րդ մրցաշարն է կազմակերպում իր հարազատների հիշատակին: Ամեն տարի այս մրցաշարին մասնակցում են Մարտունու տարածաշրջանի տարբեր համայնքներից: Մարզպետը ողջունեց և շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակին և հովանավորին՝ տարածաշրջանում ամենամյա մրցաշար կազմակերպելու համար, նշելով, որ խաղը իր նպաստն է ունենում տարածաշրջանում շախմատի զարգացման գործում: Մարզպետը միաժամանակ շնորհավորեց մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստներին, մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ:
Հունվարի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական նախաձեռնությամբ կյանքի կոչվեց նախատեսված վայրում վերջին օրերին որսված ձկան հավաքման գործընթացը: Մարզպետ Գնել Սանոսյանն անձամբ եղավ այդ վայրում, զրուցեց ձկնորսների հետ եւ հրահանգեց՝ մինչեւ հունվարի 20-ը խստիվ պահպանել արգելանքի ռեժիմը: « Վաղվանից կբացառվի որեւէ մեկի մուտքը լիճ, խստորեն կպահպանվի արգելանքի ռեժիմը, իսկ ցանցերում մնացած ձկան ողջ քանակությունը տրամադրվում է բանակին»,-հավաստեց մարզպետը:
Միաժամանակ Գնել Սանոսյանը շեշտեց, որ արտոնագրային ձկնորսության նոր կարգը, որը մշակված է եւ շուտով կդրվի գործողության մեջ, լիովին կկարգավորի ոլորտում առկա բոլոր խնդիրները: