Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի բենզագազալցակայանների սանհանգույցները պետք է լինեն սանիտարական նորմերին համապատասխան

14.01.2019

Հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվեցին մարզի ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա հասարակական զուգարանների նկատմամբ հաստատված սանիտարական կանոններով և ներկայացված պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Հանդիպմանը հրավիրված էին մարզում նշված ծառայություններն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ և պատասխանատուներ: Քննարկումն անցկացնում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արամ Թարվերդյանը: Ըստ մարզպետի տեղակալի՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի համապատասխան հանձնարարականով ստեղծված մարզային հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբեր ամսին ուսումնասիրության է ենթարկել մարզի թվով 47 բենզագազալցակայաններ, որոնցում առկա են սանիտարական կանոնների և նորմերով ներկայացված պահանջների բազմաթիվ խախտումներ և որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: «Գրեթե բոլոր տեղերում վիճակն անմխիթար է, տեղեր էլ կան, որ ընդհանրապես սանհանգույցները բացակայում են: Մենք գնում ենք դեպի քաղաքակրթություն և զարգացում, մեր մարզը հայտնի է զբոսաշրջիկների մեծաքանակ հոսքով: Սակայն այս խնդիրը լուրջ խոչընդոտ է ստեղծում մեր մարզի համար: Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի համատեղ քննարկենք կուտակված խնդիրները և փորձենք համագործակցության մթնոլորտում, յուրաքանչյուրս մեր հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում լուծում տալ այդ խնդիրներին»,- դիմելով ներկաներին` նշեց Արամ Թարվերդյանը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիս-արևելյան տարածքային կենտրոնի պետի տեղակալ Սվետլանա Հովհաննիսյանը խոսեց կատարված ստուգայցերի արդյունքում մի շարք նորմատիվների բացակայության կամ դրանց խախտման մասին, որոնք բխում են ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլ ամսվա համապատասխան որոշման պահանջներից: «Հարկավոր է կանոնակարգել ջրամատակարարումն ու կոյուղու կանոնավոր գործունեությունը, մի շարք այլ ծառայություններ բերել պահանջվող չափորոշիչների դաշտ, այլապես մենք չենք կարող ապահովել պահանջվող արդյունքը և հարկադրված կլինենք տնտեսվարող սուբյեկտների գործունեության հանդեպ կիրառելու վարչական պատասխանատվություն»,- նշեց Սվետլանա Հովհաննիսյանը :
Տնտեսվարող սուբյեկտների ղեկավարները և ներկայացուցիչները առաջ քաշեցին մի շարք մտահոգություններ` կապված առևտրի կետերում առկա հասարակական զուգարանների նկատմամբ հաստատված սանիտարական կանոններով ներկայացված պահանջների ոչ լիարժեք կատարման կամ դրանց բացակայության հետ: Մասնավորապես, նրանք իրենց անհամաձայնությունն արտահայտեցին մանրածախ առևտրի կետերի հանդեպ միասնական պահանջ ներկայացնելը, խոսեցին ցուրտ եղանակային պայմանների հետևանքով օբյեկտներում շինարարական որոշակի աշխատանքների հետաձգման, վարձավճարների սահմանման, մաքրման կայանների բացակայության և այլ խոչընդոտների մասին: Տնտեսվարող սուբյեկտների ղեկավարները դժգոհություն արտահայտեցին նաև սանհանգույցներից օգտվելու կանոնների բացակայության վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արամ Թարվերդյանը նշեց, որ անկախ մատուցած ծառայությունների քանակից, օրենքի պահանջը միասնական է գործում բոլոր սուբյեկտների համար: Նա տեղեկացրեց, որ առաջիկա օրերին նախատեսվում է հերթական ստուգայցը կազմակերպել նշված օբյեկտներում , ուստի ցանկալի կլինի ապահովել պահանջվող նորմերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59