Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված մի շարք հարցեր

11.01.2019

Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանա լճում ձկնորսության արգելման մասին համաձայնագիր ստորագրած  մնացած երեք կառույցների ներկայացուցիչներ, ափամերձ համայնքներից ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներ:
Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր դժգոհությունը հայտնեց վերջին օրերին արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
«Ձկնոսության արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Շատ շատերը թերահավատորեն են մոտենում քառակողմ համաձայնագրի կյանքի կոչմանը: Մենք պետք է հասկանանք և ընդունենք մի փաստ. ձվադրման շրջանում Սևանա լճում ձկնոսության արգելքը դա ազգային և պարենային անվտանգության խնդիր է: Մենք պետք է գնանք ձկնոսության ոլորտի կանոնակարգման»,- դիմելով ներկաներին նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Արգելքի հսկողության խստացման հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքի մասին խոսեցին ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանը և Վարդան Մովսիսյանը, ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը, «Սևան »ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը: Նրանք հորդորեցին ձկնորսների ներկայացուցչական խմբին՝ մինչև 2019 թվականի հունվարի 20-ը ձեռնպահ մնալ լիճ մտնելուց և խստիվ պահպանել արգելանքի ռեժիմը: Պաշտոնյաները հավաստիացրին ձկնորսներին, որ առաջիկայում կներդրվի արտոնագրային ձկնորսության նոր կարգը, ամեն ինչ կբերվի օրենքի դաշտ, որից կշահեն և ձկնորսները և պետությունը: Ձկնորսները խոստացան պահպանել սահմանված կարգը՝ ակնկալելով , որ արտոնագրային նոր կարգը հնարավորինս շուտ կդրվի գործողության մեջ:
«Մենք պետք է հաշվի առնենք, որ պատերազմական իրավիճակի մեջ գտնվող երկիր ենք, ուստի պետք է ամենայն պատասխանատվությամբ պահպանենք Սևանա լճի ձկնապաշարը և պայմաններ ստեղծենք նրա վերարտադրության համար, որպեսզի կարողանանք ցանկացած իրավիճակներում խուսափել անցանկալի զարգացումներից»,- խորհրդակցությունն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11