Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2019 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

09.01.2019

Հունվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում մարզպետն աշխատակազմի անդամներին հորդորեց՝ բարձրացնել աշխատանքային կատարողական կարգապահությունը եւ պատասխանատվությունը, տվեց հանձնարարականներ առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրների կարգավորման ուղղությամբ:
Այնուհետ Գնել Սանոսյանն անդրադարձավ մարզի գործարարների մասնակցությամբ բիզնես համաժողովի հրավիրման կազմակերպչական աշխատանքներին: «Մեր նախնական որոշման համաձայն՝ մարզի գործարարների մասնակցությամբ կազմակերպվող համաժողովը հրավիրվելու է այս տարվա մարտի 27-ին: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի դրան մասնակցեն բոլոր գործարարները, իսկ մյուս կողմից համայնքները պետք է այնտեղ հստակորեն ներկայացնեն իրենց մոտ առկա բոլոր հիմնախնդիրները, զարգացման հեռանկարային ծրագրերը, որպեսզի գործարարների եւ իշխանությունների համար պարզ լինի տվյալ համայնքի զարգացման տեսլականը, իսկ ներդրումները լինեն իրատեսական ու արդյունավետ»,- հանձնարարեց մարզպետը:
Հաջորդ քննարկում-հանձնարարականը վերաբերում էր աղբահանության ոլորտին, որտեղ մարզպետը կարեւորեց աղբահանության կազմակերպումը բոլոր համայնքներում:
«Այսօրվա դրությամբ աղբահանություն իրականացվում է մարզի 31 համայնքերում: Հարկավոր է աշխատանք տանել, որպեսզի մարզի բոլոր համայնքներում կազմակերպվի և իրականացվի աղբահանություն: Դրա համար աղբահանություն չիրականացնող համայնքները պետք է իրենց բյուջեներում համապատասխան միջոցներ նախատեսեն, որպեսզի մենք կարողանանք աղտոտումից զերծ պահել թե՛ Սեւանա լիճը, թե՛ շրջակա միջավայրը», -շեշտեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նաեւ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացման, ապօրինի շինությունների գույքագրման եւ կանխման, մարզի տարածքում գործող գազալցակայաններում սանհանգույցների պարտադիր առկայության, դպրոցների դասասենյակներում սենյակային ջերմաստիճանի ապահովման, շնչառական հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման, մարզպետարանում ներքին փաստաթղթաշրջանառությունը օրենքով և սահմանված կարգով իրականացնելու հետ կապված խնդիրներին:
Մարզի ղեկավարը հրահանգեց նաեւ առանձնակի ուշադրություն սեւեռել սուբվենցիոն ծրագրերի կազմման եւ ներկայացման վրա: «Մենք այս տարի լուրջ ակնկալիքներ ունենք սուբվենցիոն ծրագրերից, սակայն մինչ այդ պետք է համայնքների հետ կատարենք նպատակամղված ու կազմակերպչական լուրջ աշխատանք: Անցած տարում մենք սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով առաջինն էինք Հայաստանի Հանրապետությունում եւ այս տարի էլ պետք է անենք հնարավորը, որպեսզի ավելի շատ ծրագրեր իրականացնենք մարզում»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Խորհրդակցության ավարտին հանձնարարականներով ու առաջարկություններով հանդես եկան մարզպետի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11