Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորակոչիկների առաջին խումբը մեկնեց Հայոց բանակ

08.01.2019

Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատում հանդիսավոր պայմաններում մեկնարկեց 2019 թվականի ձմեռային զորակոչի առաջին փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին Մարտունու տարածքի նորակոչիկները: Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի տեղեկացմամբ՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքները մարզում անցել են առանց խոչընդոտների: Այն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի և աշխատակարգի, իսկ մարզը պատրաստ է զորակոչի առաջադրանքի կատարմանը:
Նորակոչիկներին շնորհավորելու և բանակ ճանապարհելու նպատակով մարզային զինվորական կոմիսարիատում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունու տարածաշրջանի ուժային կառույցների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ: Բանակ ճանապարհելու արարողություն կազմակերպվեց Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հնչեց զինվորների համար գրված հատուկ աղոթքը, ապա Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածքի հոգեւոր հովիվ Տեր -Սիմոն քահանա Մկրտչյանը կատարեց օրհնության կարգ: Նորակոչիկների ծնողներին շնորհավորեց և նրանց զավակներին բարեմաղթանքի խոսքեր հղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Սիրելի նորակոչիկներ, ամենակարևորը, որ ցանկանամ եմ ձեզ, ծառայեք միայն և միայն խաղաղաղ պայմաններում: Առաջիկա երկու տարիների ընթացքում դուք եք իրականացնելու մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործը, խորապես համոզված եմ, կատարելու եք պատվով և փառքով տուն եք վերադառնալու: Սիրելի ծնողներ, խորապես շնորհակալ ենք ձեզանից՝ Հայոց բանակի քաջ զինվորներին արժանի փոխարինողներ ծնելու, սնելու և դաստիարակելու համար: Բարի ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում բոլորիդ, սիրելի նորակոչիկներ»,-ներկաներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Նորակոչիկների ծնողներն ու հարազատները առանձնակի հպարտությամբ էին բանակ ճանապարհում իրենց զավակներին: «Այսօր մեր համար առանձնակի օր է, քանի որ մեր զավակներին ճանապարհում ենք Հայոց բանակ: Թող մեր երկրի սահմաններում խաղաղություն տիրի և մեր զավակները պատվով ծառայեն ու վերադառնան իրենց հայրենի օջախներ»,- նշեցին նորակոչիկների ծնողները:
«2019 թվականի ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև հունվարի վերջ: Հաջորդ զորակոչը կանցկացվի Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Գավառի և Վարդենիսի, ապա Սևանի և Ճամբարակի տարածքային բաժանմունքներում»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27