Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

30.12.2018

Հարգելի հայրենակիցներ
Ավարտին է մոտենում 2018 թվականը, որը մեր երկրի պատմության մեջ կմնա որպես թավշյա, սիրո, ոչ բռնի, հեղափոխության, հայ ժողովրդի անօրինակ համախմբման տարի, երբ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները վճռականորեն մերժեցին միահեծան, ընտրակեղծարար իշխանությանը:
Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարությունը կարողացավ ոչ միայն մեր երկիրը զերծ պահել քաղաքական ու տնտեսական ցնցումներից, այլ նաեւ կազմակերպել ու անցկացնել բացառապես ազատ, արդար ու թափանցիկ համապետական ընտրություններ, որոնց անվիճարկելի արդյունքներով էլ ավելի ամրապնդվեց ժողովրդավարությունը, ձեւավորվեց նոր կառավարություն, որին, սակայն, սպասվում է քրտնաջան ու հետեւողական աշխատանք՝ մեր երկրի առջեւ ծառացած բազմաբնույթ հիմնախնդիրները լուծելու համար:
Չնայած քաղաքական փոփոխություններով լի իրադարձություններին՝ Գեղարքունիքի մարզում արձանագրվեցին որոշակի ձեռբերումներ կենսագործուներության տարբեր ոլորտներում: Բարձր ցուցանիշ արձանագրեց մարզի ճանապարհաշինությունը: Պետական ու տեղական բյուջեների միջոցներով հաջողվեց հիմնանորոգել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության 25,4 կիլոմետր երկարության ճանապարհներ: ՀՀ կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության արդյունքում մարզի համայնքներում իրականացվեց սուբվենցիոն 41 ծրագիր, որոնց արդյունքում կառուցվեցին կամ հիմնանորոգվեցին ներհամայնքային ճանապարհներ, ոռոգման եւ խմելու ջրի մատակարարման համակարգեր, հանդիսությունների սրահներ, կրթամշակութային հաստատությունների շենքեր: Պետական միջոցներով շարունակվեց Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի եւ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը, Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնավերակառուցումը: Շահագործման հանձնվեց Սեւանի բժշկական կենտրոնի արդիականացված շենքը, որն առաջընթաց քայլ է մարզի առողջապահական համակարգի զարգացման ճանապարհին: Համայնքներում ընթացքի մեջ են գտնվում առաջնահերթ ու հրատապ լուծում պահանջող ծրագրերը, որոնք կավարտվեն 2019 թվականին: Անցնող տարվա ընթացքում նկատելի հաջողություններ են արձանագրվել նաեւ կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության, արտաքին կապերի եւ այլ ոլորտներում: Մեր կողմից համայնքներում գույքագրվել են բոլոր հիմնախնդիրները, որոնց համարժեք լուծումներ տալու համար առաջիկա տարիների ընթացքում կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները:
Մենք լի ենք կամքով ու վճռականությամբ՝ զարգացնելու եւ զորացնելու մեր երկիրը, ավելի բարեկեցիկ ու ներդաշնակ դարձնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը մեր աշխատանքով:
Հարգելի հայրենակիցներ
Նոր տարին իր հետ բերում է նորանոր հույսեր ու սպասելիքներ, ծրագրեր ու նպատակներ: Թող 2019 թվականը ոչ միայն լինի այդ հույսերի ու նպատակների իրականացման, այլ նաև խաղաղության, համազգային սիրո, միաբանության և տնտեսական առաջընթացի տարի: Թող երջանկությունը գալիք տարում լույսի պես հորդի ձեր ընտանիքում:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Ջերմ բարեմաղթանքներով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36