Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի փոքրիկ հանդիսատեսը Գավառի թատրոնում էր

29.12.2018

Դեկտեմբերի 29-ին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի ամանորյա հերթական ներկայացման հյուրերն էին Գեղարքունիքի մարզի 39 խոշոր համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներից ընտրված 5-6 ական երեխաներ, Գավառի մանկատան և հատուկ դպրոցի սաները: Նախաձեռնության հեղինակը և հովանավորը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էր: Բեմում Գևորգ Սարգսյանի «Կախարդական սփռոցը» ներկայացումն էր, որի բեմադրիչը Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասան Նորայր Հերգնյանն էր, իսկ երաժշտական ձևավորողը՝ նույն թատրոնի դերասան Հովհաննես Օհանյանը: Մարզի տարբեր համայնքներից ժամանած փոքրիկ հանդիսատեսները հիացմունքով ու մեծ ոգևորությամբ դիտեցին ներկայացումը, որն իր բովանդակությամբ սովորեցնում էր՝ կյանքում լինել ազնիվ, աշխատասեր ու բարի: Ներկայացման անվարտին փոքրիկ հանդիսատեսները հնարավորություն ունեցան հանդիպելու նաև Ձմեռ պապին, ով ողջունեց և շնորհավորեց նրանց Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
«Մենք առաջին անգամ ենք թատրոն հաճախում և մեծ տպավորություն ստացանք ներկայացումից: Շնորհակալություն ենք հայտնում նման ուշադրության համար և շատ կցանկանանք, որպեսզի հաճախակի այցելենք և դիտենք դաստրարակչական նշանակություն ունեցող այլ ներկայացումներ ևս»,- նշեցին Գավառի մանկատան սաները:
«Սա իսկապես շատ կարևոր նախաձեռնություն էր, որի համար մենք մեծապես շնորհակալ ենք Գեղարքունիքի մարզպետին: Հատուկ կարիքներ ունեցող երեխաներն իրենց ծնողների հետ այսօր եկել են ներկայացում դիտելու, և սա հասարակությանն ինտեգրելու նրանց հերթական և կարևորագույն քայլերից մեկն է»,- իր շնորհավորական խոսքում նշեց Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի մանկավարժ Լուսինե Նաջարյանը:
Ինչպես տեղեկացրին Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ղափանցյանը և թատրոնի ռեժիսոր Արմեն Սաֆարյանը, վերջին մեկ ամսվա ընթացքում թատրոնում կատարվել է մեկ տարվա աշխատանք: Բեմադրվել են տարբեր ներկայացումներ՝ մեծահասակների և փոքրերի համար, հյուրախաղեր են ունեցել մարզի տարբեր տարածաշրջաններում՝ հանդիսականներով լեփ լեցուն դահլիճներով : Դեկտեմբերի 29-ին եզրափակվում է ներկայացումների ցուցադրությունը , իսկ հաջորդ տարվա հունվարի 13-ին կմեկնարկի նոր խաղաշրջանը: Խոսելով հաջորդ տարվա անելիքների մասին՝ թատրոնի տնօրենը և ռեժիսորը հավաստեցին, որ իրենց սպասվում է բուռն թատերական տարի՝ հետաքրքիր ու բազմաբովանդակ խաղացանկով և հյուրախաղեր՝ նաև հանրապետության տարածքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 17:51:27