Նորություններ
Վառվեցին Գավառի կենտրոնական հրապարակի և տոնածառի լույսերը
25.12.2018
Դեկտեմբերի 25-ի երեկոյան վառվեցին Գավառի կենտրոնական հրապարակի և գլխավոր տոնածառի լույսերը: Հրապարակն ստացավ տոնական շքեղ տեսք: Լույսերի միացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, քաղաքի մշակութային հաստատությունների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ: « Ես շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան պահի առթիվ և ուրախ եմ, որ մեր քաղաքի հրապարակն ունի այսքան գրավիչ տեսք: Համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ այս հրապարակը իր շքեղությամբ չի զիջի հանրապետության շատ ու շատ հրապարակների: Այս ամենի առթիվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել, աջակցել և կյանքի են կոչել այս հրապարակի բարեկարգման ծրագիրը: Այսօր վառվեցին նաև տոնածառի լույսերը և մաղթում եմ, որ հաջորդ տարին բոլորիս համար լինի լուսավոր և ապահով տարի, թող իրականանան մեր բոլորի երազանքները: Իսկ մեր բալիկները թող միշտ հնարավորություն ունենա վառելու տոնական լույսեր, որոնք թող պարգևեն նրանց լուսավոր մանկություն և խաղաղ կյանք»,- իր շնորհավորանքի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
« Շնորհավորում եմ բոլորիս , մաղթում խաղաղ, երջանիկ ու բարեբեր տարի: Այս գեղեցիկ հրապարակի բարեկարգման հարցում իրենց մասնակցությունն են ունեցել նաև մեր քաղաքի բնակիչները, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև նրանց: Հավատացած եղեք, Գավառի քաղաքապետարանը շարունակելու է քաղաքի տարբեր հատվածներում բարեկարգումներ իրականացնել նաև հաջորդ և հետագա տարիների ընթացքում»,- նշեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Հավաքվածները բաժակ բարձրացրին և շնորհավորանքի խոսքեր հնչեցրին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: