Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի աջակցությամբ հիմնանորոգվում է Ճամբարակի թիվ 5 մանկապարտեզը

21.12.2018

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի նախաձեռնությամբ, ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նվիրատվությամբ եւ « Էջմիածնի մանուկներ» հիմնադրամի հանգանակությամբ 2017 թվականից մեկնարկել էր Ճամբարակի ՝ մոտ 90 սան ունեցող թիվ 5 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում փոխվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ ու պատուհաններ:
Կատարված աշխատանքների առաջին փուլի ավարտը նշանավորվեց տոնական միջոցառմամբ, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, նույն թեմի ատենապետ Սարո Ղազարյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, ծնողներ, ճամբարակ քաղաքի բնակիչներ:Մանկապարտեզի սաներն աղուհացով, գրական-երաժշտական կատարումներով ողջունեցին հյուրերին ու միջոցառման մասնակիցներին:
Օրվա առիթով մանկապարտեզի տնօրինությանը, աշխատակիցներին ու սաներին շնորհավորեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Անչափ ուրախ եմ, երբ սահմանամերձ այս համայնքում տեսնում եմ այսքան շատ փոքրիկների ժպտուն աչքեր: Դա կրկին անգամ փաստում է, որ մեր երկրի սահմաններն ամուր են ու անառիկ են: Այս փոքրիկների ուրախությունը մեզ նաև պարտավորեցնում է հայրենասիրական նորանոր ձեռնարկներ իրականացնելու հարցում: Ես շնորհավորում եմ այս մանկապարտեզի վերաբացման առթիվ և շնորհակալություն եմ հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն, որի հավատարիմ որդիների ջանքերով այս փոքրիկների համար ստեղծվում են բարեկեցիկ պայմաններ: Մաղթում եմ, որ տարեցտարի ավելանա մանկապարտեզ, ապա և դպրոց հաճախող երեխաների թիվը»,- նշեց մարզպետը:
Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի ներկայացմամբ՝ Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզը շուրջտարյա գործող հաստատություն է, որը սակայն իր շահագործման պահից ի վեր, ավելի քան 4 տասնամյակների ընթացքում հիմնանորոգման չի ենթարկվել: «Մանկապարտեզի տանիքն ամբողջությամբ գտնվում էր վթարային վիճակում, եւ տեղումների ժամանակ սաների ու դաստիարակների առօրյան անցնում էր կաթոցների ներքո: Անմխիթար վիճակում էին գտնվում նաեւ դրսի ու ներսի դռները, պատուհանները: Ստեղծված իրավիճակը շտկելու կամ մեղմելու նպատակով նախաձեռնություն հանդես բերեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, որին սիրահոժար արձագանքեցին Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ «Էջմիածնի մանուկներ» հիմնադրամի տնօրինությունը: Տանիքի հիմնանորոգման համար հատկացվեց շուրջ 10 միլիոն, նոր դռների եւ լուսամուտների տեղադրման համար՝ շուրջ 20 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացրեց «Մշո տղա» ընկերությունը»,- նշեց նա:
«Ուզում եմ իմ որդիական խոնարհումը բերել Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ կատարվեց այս ամենը: Իմ խոնարհումը բերել նաև ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ «Էջմիածնի մանուկներ» հիմնադրամին, որոնց հովանավորությամբ այս մանկապարտեզում արդեն երկու տարի է վերանորոգման աշխատանքներ են իրակակացվում: Ես վստահ եմ, որ նրանք կշարունակեն իրենց բարի գործը»,- նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Ճամբարակ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ եւ իրանահայ բարերարի միջոցներով էլ մանկապարտեզի համար ձեռք է բերվել խաղալիք և վարագույր:
«Մեր բարերարներն ԱՄՆ-ում ապրելով, կարողանում են հերթական անգամ փաստել, որ մեր եկեղեցին ազգային է: Արտերկրում ապրելով՝ նրանք իրենց լուման են ներդնում, որպեսզի սահմանամերձ համայնքների երեխաները հաճախեն բարեկեցիկ և նորանորգ մանկապարտեզ»,- նշեց Գեղարքունյաց թեմի ատենապետ Սարո Ղազարյանը:
Պետական այրերը հավաստիացրին, որ լուծում կստանան նաև մանկապարտեզի ներքին հարդարման, բակի բարեկարգման, նոր ցանկապատի ու խաղահրապարակի կառուցման խնդիրները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55