Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացման խնդիրը

19.12.2018

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում կայացած հանդիպմանը հրահանգեց սեփական եկամուտների հավաքագրման մեջ ցածր եկամուտ ապահոված մի շարք համայնքների ղեկավարներին՝ մինչեւ տարեվերջ բարձրացնելու սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը: Տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման համար մարզպետն առաջարկեց իր եւ մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների աջակցությունը, հավելելով, որ բերված պատճառաբանությունները չեն կարող արդարացնել ներկա անմխիթար վիճակը, ինչից դուրս գալու համար հարկ կլինի համատեղ ջանքերի գործադրում ու հետեւողական աշխատանքի կազմակերպում: «Ցուցանիշներն անբավարար են ստացվել թե՛ հողի հարկի, թե՛ գույքահարկի, թե՛ տեղական տուրքերի ու հողի վարձավճարների գանձման ուղղություններում: Առավել վատ պատկեր ունենք Վարդենիսի տարածաշրջանում: Իհարկե, կարող են այստեղ շատ պատճառաբանություններ հնչել, սակայն թվերն արտացոլում են աշխատանքի ճշգրիտ պատկերը, որն արդարացման ոչ մի տեղ չի թողնում:Մի բան հստակ է, որ նման տեմպերով անհնար է շարունակել աշխատանքը, եւ մինչեւ տարեվերջ մենք պետք է համատեղ ուժերով կարողանանք շտկել իրավիճակը: Պատրաստ ենք աջակցել ու օժանդակել ձեզ բոլոր խնդիրներում, որպեսզի մոտակա օրերի ընթացքում կարողանանք նկատելի առաջընթաց գրանցել»,-համայնքների ղեկավարներին առաջարկեց մարզպետը:
Մարզի տարբեր տարածաշրջանների համայնքների ղեկավարները նշեցին,որ ցուցանիշների ցածր կատարողականը հիմնականում կապված է առանձին հողատերերի կամ վարձակալների անպատասխանատվության հետ: Նրանց նկատմամբ պետք է կիրառվեն տարբեր լծակներ կամ օրենքով սահմանված պատժամիջոցներ: «Մեր շատ հարկատուներ աշխատում են պետական տարբեր գերատեսչություններում կամ մասնավոր հիմնարկներում, սակայն ձգձգում են հարկերի մուծումը: Եթե մեզ աջակցեն հիմնարկների ղեկավարները, ապա դրական արդյունքներ կգրանցենք»,-հավաստիացրին համայնքների ղեկավարները: Հանդիպման ավարտին մարզպետ Գնել Սանոսյանի կողմից հստակ խնդիր դրվեց համայնքների ղեկավարների առջեւ՝ մինչեւ դեկտեմբերի 27-ը կտրուկ բարձրացնել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը՝ այն մոտեցնելով 100 տոկոսի: «Ցուցանիշները որոշ տեղերում նույնիսկ նկատելիորեն ցածր են ստացվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա խոսում է անհոգի վերաբերմունքի, անկազմակերպ ու բարձիթողի աշխատանքի մասին, ինչը չի կարող այսպես շարունակվել: Հույս ունեմ, որ տարին բոլորս միասին պատվով կեզրափակենք»,-նշեց Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59