Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձվադրման շրջան. հսկողության ուժեղացում

18.12.2018

Դեկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության, «Սևան» Ազգային պարկի, ՀՀ ընդերքի և բնապահպանական պետական տեսչության, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության , մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչոււթյան ներկայացուցիչներ, Սևանա լճի ափամերձ համայնքների ղեկավարներ: Խորհրդակցության նպատակն էր՝ համատեղ քննարկել եւ որոշել Սևանա լճում սիգ ձկան որսի արգելքի ժամկետները:
Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: « Այստեղ հավաքվել են բոլոր այն շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման հետ: Հաշվի առնելով սիգ ձկան ձվադրման սեզոնը, մենք պետք է համատեղ քննարկենք ու սահմանք հստակ ժամկետներ՝ արգելքի հետ կապված միջոցառումները խելամիտ ժամկետում և արդյունավետորեն իրագործելու համար»,- իր խոսքում նշեց Գնել Սանոսյանը:
Ինչպես ներկայացրեց բնապահպանության նախարարի խորհրդական Կարեն Ճենտերեճյանը, գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ, նպատակահարմար է ձկնորսության արգելքը սահմանել դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 15-ը: «Մի կողմից մենք գործ ունենք բնապահպանական, մյուս կողմից՝ սոցիալական խնդրի հետ, սակայն պետք է գտնենք ոսկե միջինը և փորձենք կանոնակարգել այս ոլորտը: Աշխատանքները կազմակերպելիս նախևառաջ պետք է շեշտը դնենք ձկնորսների շրջանում իրականացվող բացատրական աշխատանքների վրա, որում կներգրավենք շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին»,- նշեց բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը:
Թեմայի շուրջ մի շարք առաջարկություններով հանդես եկան Սևանա լճի ափամերձ համայնքների ղեկավարները, «Սևան» Ազգային պարկի,ՀՀ ընդերքի և բնապահպանական պետական տեսչության, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ներկայացուցիչները: Կարճաղբյուրր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը առաջարկեց մինչեւ դեկտեմբերի 20-ը տեղերում կազմակերպել հանդիպումներ ձկնորսների և պատկան մարմինների միջև՝ արգելանքի ռեժիմը պահպանելու նպատակով:
Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն առաջարկեց մինչև դեկտեմբերի 20-ը նախապատրաստել և ստորագրել Սևանա լճում ձկնորսության արգելման մասին քառակողմ համաձայնագիրը և այն մասսայականացնել տեղերում: «Ես չեմ կարծում, որ Գեղարքունիքի մարզում կան մարդիկ, որոնց կարելի է անվանել ձկնագողեր:Պարզապես նրանց պետք է բերել օրենքի դաշտ, ինչը կարելի է անել կանոնակարգված և բացատրական աշխատանքով: Նրանք պետք է գիտակցեն, որ ձվադրման շրջանում սահմանված արգելանքը ավելի շատ շահեկան է իրենց համար, քանի որ դա իրենց վաղվա ապրուստի միջոցն է: Մեր համատեղ աշխատանքը նաև պետք է բերի նրան, որ արգելանքի ժամանակահատվածում չլինեն որևէ արտոնյալներ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06