Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Արեգունի գյուղի հիմնադրման 30-րդ տարեդարձը

10.12.2018

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի բնակավայրը հանդիսավորությամբ նշեց իր հիմնադրման 30-րդ տարեդարձը, որին մասնակցեցին գյուղի բնակիչներ, Գեղամասար համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ:
2018 թվականի դեկտեմբերի դրությամբ Արեգունիում բնակվում է 383 բնակիչ՝ 120 տնտեսությամբ: Տարեկան այստեղ գրանցվում է 3-5 բնակիչ:Արեգունին կազմավորվել է Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթի ենթարկված հայ ընտանիքներից, 1988 թվականի դեկտեմբերին:
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը շնորհավորեց Արեգունու բնակչությանը՝ մաղթելով հազարամյակների տեւական ու խաղաղ ընթացք, նորանոր հաջողություններ: Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանն ընթերցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական խոսքը հոբելյանի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ,1988 թվականի փետրվար ամսին հրեշավոր ցեղասպանությունից փրկվելով ու մայր հայրենիքում հաստատվելով՝ դուք կատարեցիք պատմական կարեւոր առաքելություն՝ վերահայացնելով Սեւանա լճի հյուսիսարեւելյան ափը:Այո, ամենեւին էլ հեշտ չէր թողնել տուն, սրբացած շիրիմներ ու ամեն ինչ սկսել ունեզրկվածի, բռնագաղթվածի կարգավիճակով: Բայց դուք տոկացիք այդ պայքարում, ստեղծեցիք ձեր աշխարհը, կերտեցիք ձեր համայնքը, նոր բույն շինեցիք, զավակներ ծնեցիք, հող հերկեցիք: Դուք նվիրումով մասնակցեցիք Արցախյան գոյամարտին, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը, բանակաշինությանը, հայրենաշինությանը: Ձեր զավակներն ամրացել ու հասակ են նետել այս հողում, ստացել ուսում ու մասնագիտություն: Տարիների ընթացքում ամոքվել են ձեր վերքերը, դուք կարողացել եք գտնել արարման հաստատուն ընթացքը: Ճիշտ է, դեռ սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության շատ հարցեր Արեգունիում սպասում են իրենց լուծմանը, սակայն հիմնական ձեռքբերումը այս համայնքի կայացումն է անցած 30 տարիների ընթացքում: Թույլ տվեք շնորհավորել բոլորիս Արեգունի գյուղի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ:Նոր Հայաստանում մենք միասին ենք լծվել արարչագործությանը, միասին էլ մեր հայրենիքը կուղորդենք դեպի լուսավոր ու երջանիկ հորիզոններ»,-ասված էր Գեղարքունիքի մարզպետի ուղերձում:
Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը ներկայացրեց գյուղի հիմնադիրներին, գյուղական խորհրդի ու գյուղապետարանի աշխատակիցներին, մանկավարժներին, հողագործներին, մեխանիզատորներին, անասնապահներին, ազատամարտիկներին, ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին: «Խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր հիմնադրեցին Արեգունին, բայց չկարողացան տեսնել այս հիշարժան օրը: Սակայն այսօր ապրում ու արարում են նրանց սերունդները: Արեգունին Հայոց բանակի շարքերում այժմ ունի 5 ժամկետային եւ 11 պայմանագրային զինծառայողներ, ովքեր ապահովում են մեր հայրենիքի խաղաղությունը:Անցած 30 տարիների ընթացքում Արեգունու միջնակարգ դպրոցը տվել է 112 շրջանավարտ, որոնցից 27-ը ստացել են բարձրագույն կրթություն:Մեր երիտասարդ սերունդն ամրացել է այս հողի վրա ու վճռականորեն ծաղկեցնում ու շենացնում է Արեգունին:Այո, անցած 30 տարիների ընթացքում մենք համատեղ ուժերով պատմություն ենք կերտել, որը կշարունակեն մեր հաջորդ սերունդները»,-ներկայացրեց վարչական ղեկավարը:
Միջոցառման ընթացքում Արեգունու միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես եկան գրական- երաժշտական կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55