Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ոստիկանության պետի հանդիպումը՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուների հետ

01.12.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի թիվ 8 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուների հետ:Հանդիպմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ բաժանմունքների պետերն ու աշխատակիցները: Ոստիկանության պետը հորդորեց թեկնածուներին՝ քարոզարշավի եւ ընտրության օրերին զերծ մնալ հակաօրինական որեւէ գործողությունից եւ ամեն ինչ կազմակերպել միայն օրենքի շրջանակներում, որպեսզի դեկտեմբերի 9-ին անցկացվեն բացառապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: «Ոստիկանությունն ամենայն ուշադրությամբ հետեւում է իրադարձությունների զարգացմանը:Որեւէ վարչական ռեսուրսի չարաշահում, որեւէ ընտրակաշառք, ընտրակեղծիք, հակաօրինական գործողություն մեր կողմից արժանանալու են համարժեք արձագանքի: Քարոզարշավի ողջ ընթացքում մենք ապահովելու ենք քարոզչության հավասար պայմաններ բոլորի համար, ինչպես նաեւ՝ բոլոր թեկնածուների, վստահելի անձանց անվտանգությունը եւ հասարակական կարգի պահպանությունը: Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաք Երեւանում եւ հոկտեմբերի 21-ին մարզերում կայացած ՏԻՄ ընտրություններում մենք ապացուցեցինք, որ ի զորու ենք՝ մաքուր, արդար ու թափանցիկ ընտրությունների ընթացք ապահովելու, այն էլ՝ մեր իսկ ուժերով: Բայց ցանկալի է, որ այս համապետական կարեւորագույն ընտրություններում մենք ունենանք նաեւ ձեր աջակցությունը, քանի որ ձեր հետ համագործակցությունը, համոզված եմ, կհանգեցնի ավելի դրական ու նկատելի արդյունքների»,-թեկնածուներին դիմեց Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետը հորդորեց հանդիպման մասնակիցներին՝ անհաշտ վերաբերմունք դրսեւորել հատկապես ընտրակաշառքի կամ ընտրակեղծիքների դեպքում: «Ընտրակաշառքը լինում է փողով, բնամթերքով, կոմունալ վճարումներով, նվիրատվություններով, խոստումներով, այլ ձեւերով, որոնց մենք հետեւում ենք ուշիուշով: Ընտրակաշառք բաժանողները, վերցնողները կամ ընտրակեղծիքով զբաղվողները ոչ մի կերպ չեն խուսափի օրենքի պատժից: Ոչ ոք թող չմտածի կաշառք տալու կամ վերցնելու մասին: Միաժամանակ որեւէ մեկը չի կարող մյուսին ստիպել՝ իր կամ իր ուզած թեկնածուի օգտին քվեարկելու, մարդկանց խմբերով ընտրատեղամասեր բերելու: Ընտրատեղամասից 50 մետր շառավղով ոչ մի մեքենա չի կանգնելու: Ընտրատեղամաս մեքենայով կարող են գալ միայն նրանք, ովքեր զրկված են շարժվելու հնարավորությունից: Հարգելի թեկնածուներ, հարգելի քաղաքացիներ, ընտրությունների հետ կապված ցանկացած հակաօրինական գործողություն նկատելիս անմիջապես ահազանգեք ոստիկանություն: Ձեր աջակցությունը մեզ համար անչափ կարեւոր է, որպեսզի մենք դեկտեմբերի 9-ին Հայաստանում ապահովենք ամենամաքուր, արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունը, ինչը էապես կավելացնի մեր երկրի միջազգային կշիռն ու հեղինակությունը»,-խոսքը եզրափակեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 11:29:44