Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացվեցին «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը
29.11.2018
Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Գագիկ Մանուկյանը Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներին եւ հանրակրթական դպրոցների տնօրեններին ներկայացրեց ՀՀ զինված ուժերում ներդրված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասները:Հանդիպումը բացեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, ով մասնակիցներին հորդորեց՝ ՀՀ ՊՆ կողմից ներդրված ծրագրերը մասսայականացնել տեղերում՝ շահագրգռելով ապագա զորակչիկներին և նրանց ծնողներին:
«Արդեն մեկ տարի է, ինչ մեր զինված ուժերում ներդրվել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնցում ընդգրկված են նաև Գեղարքունիքի մարզից զորակոչված զինծառայողները: «Ես եմ» ծրագրի համաձայն՝ զորակոչվող ՀՀ քաղաքացին պայմանագիր է կնքում իր բնակավայրի զինկոմիսարիատի հետ՝ ցանկություն հայտնելով 2 տարվա փոխարեն 3 տարի ժամկետով ծառայելու համար:Դիմողը պետք է ունենա հիմնական կրթություն և առողջական բավարար վիճակ՝ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու համար: Առաջին 5 ամիսներին, զորակոչից անմիջապես հետո, նա գտնվելու է մարտավարական պատրաստվածության դասընթացներում, որի ավարտից հետո գալիս է կարճաժամկետ արձակուրդ ու մեկնում մարտական հերթապահության: Մնացած 2 տարի 7 ամիսների ընթացքում նա յուրաքանչյուր ամսվա 1 շաբաթն անցկացնում է տանը՝ ամեն ամսվա համար վճարվելով 35 հազար դրամի չափով: Ստացվում է, որ զինծառայողն այդ 3 տարիներից 7 ամիսը գտնվելու է տանը և միայն 2 տարի 5 ամիսը՝ ծառայության վայրում:Զորացրումից հետո զինծառայողի անունով բանկում բացվում է հաշվեհամար, որի հասցով փոխանցվում է 5 միլիոն դրամ՝ նպատակային օգտագործման համար: Մշակված են համապատասխան մեխանիզմներ, որպեսզի զինվորական ծառայությունից հետո երիտասարդներն այդ գումարները ծախսեն հիպոթեկով բնակարաններ ձեռք բերելու, կրթություն ստանալու, ձեռնարկչատիրությամբ զբաղվելու,այլ ոչ թե գումարը կանխիկ ստանալու և Հայաստանից մեկնելու համար:2018 թվականի ամառային զորակոչի ժամանակ Վարդենիսից այս ծրագրով զորակոչվել են երկու եղբայր, ովքեր ծառայության ավարտից հետո իրենց ընտանիքի համար 10 միլիոն դրամ են ստեղծում: Բավականին շահագրգռող կողմեր ունի նաեւ «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի դեպքում պետությունը զինծառայողին փոխհատուցում է բակալավրի կրթության 4 տարիների դիմաց, պայմանով, որ նա երեք տարի ժամկետով ու սպայական աստիճանով ծառայության անցնի ՀՀ զինված ուժերում:Ծառայության ընթացքում ծրագրի շահառուն պետության կողմից ստանալու է մինչև 10-12 միլիոն դրամ:Եթե շահառուն ծառայությունից հետո ցանկանում է կրթություն ստանալ մագիստրատուրայում, ապա պետությունը փոխհատուցում նաև այդ երկու տարիների ուսման վարձը:Այս ծրագրերը, բացի պրոֆեսիոնալ բանակին անցում կատարելուն նպաստելը, միաժամանակ սոցիալական խնդիրներ են լուծում մեր երկրի քաղաքացիների համար»,-ներկայացրեց Գագիկ Մանուկյանը:
Ծրագրերի ներկայացումից հետո Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին: