Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի նորաբաց թատրոնը հանդես եկավ առաջին ներկայացմամբ

24.11.2018

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը, հիմնավերակառուցումից հետո, նոյեմբերի 23-ին իր դռները բացեց թատերասեր հասարակության առջև: Բեմում «Սալոմե» ներկայացումն էր՝ դերասանների հիացնող կատարումներով:
Ներկայացմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզը 2011-2018 թվականներին ղեկավարած մարզպետները, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Տեղական ինքնակառավարման մարմինների, մարզի ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հյուրեր: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ղափանցյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի նախկին մարզպետներ Նվեր Պողոսյանին, Ռաֆիկ Գրիգորյանին, Կարեն Բոթոյանին, Իշխան Սաղաթելյանին և ներկա մարզպետ Գնել Սանոսյանին, ովքեր իրենց ղեկավարած ժամանակահատվածում մեծ աջակցություն են ցուցաբերել թատրոնի շինարարական աշխատանքների ընթացքին եւ գործունեության ապահովմանը: « Ողջ քալանթարցիներս շնորհակալ ենք՝ այս հոյակապ շինությունը մեզ տրամադրելու համար: Թատրոնի դերասանական կազմը երեբեք չի հուսահատվել, նույնիսկ ամենադժվարին պայմաններում նրանք խաղացել են, հյուրախաղերով շրջել մարզի տարածքում, հույս ունենալով, որ գալու է այս օրը: Այսուհետև այս շքեղ կառույցում նրանք ավելի հարուստ խաղացանկով հանդես կգան՝ հաճույք պատճառելով հանդիսատեսին: Հույս ունեմ, որ մարզի թատերասեր հասարակությունը կվերականգնի նախկին ավանդույթը և սիրով ու հետաքրքրությամբ կայցելի թատրոն»,- նշեց թատրոնի տնօրենի պաշտոնակատարը:
Իր խոսքում Ղափանցյանը ներկայացրեց նաև թատրոնի անցած ճանապարհը՝ սկսած 1892 թվականից, նշելով, որ այն տվել է ճանաչված ու վաստակաշատ դերասաններ. հյուրախաղերով այս թատրոնի բեմում խաղացել են հայ մեծանուն դերասաններ Վահրամ Փափազյանը, Բաբկեն Ներսիսյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը և այլոք:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր շնորհակալական և շնորհավորական խոսքը հղեց դերասանական կազմին, թատրոնի տնօրինությանը, մարզի բնակիչներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել թատրոնի կայացման գործում: « Իսկապես օրը շատ պատմական է: Հաճելի է ներկա գտնվել այս հանդիսությանը և վայելել մեր դերասանների գեղեցիկ կատարումները: Սա միակ կառույցն է, որը համատեղում է բոլոր մարզպետների աշխատանքը: Ես ուզում եմ բոլորիդ անունից շնորհակալություն հայտնել և ծափահարել իմ գործընկեր մարզպետներին, ովքեր տարիներ շարունակ աջակցել և ուշադրության կենտրոնում են պահել այս հոյակապ կառույցի ստեղծման աշխատանքները: Հավատացած եղեք,եթե պետության տրամադրած այդ միջոցներն ուղղեիք որևէ ենթակառուցվածքի վերանորոգմանը, բնականաբար դրա կարիքը կար, այսքան տեսանելի և անհրաժեշտ չէր լինի, որքան այս թատրոնի առկայությունը: Մեր նորանկախ երկրում նմանակը չունեցող այս կառույցը իր գործունեությամբ կնպաստի մարզում մշակութային և համայնքային կյանքի աշխուժացմանը, մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը, ինչի պակասը մենք շատ ունենք: Սա բոլորիս թատրոնն է, մեր տունը, թող բոլորը այցելեն մեր տուն: Հավատացած եմ, որ նրանք այստեղից մշակութային մեծ բավարարվածությամբ կհեռանան: Մենք էլ մեր հնարավորությունների սահմաներում կնպաստենք այս թատրոնի գործունեությանն ու թատերական կյանքի աշխուժացմանը»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Թատրոնի բացման առթիվ շնորհավորանքի խոսքեր հնչեցրին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վարսենիկ Գրիգորյանը, դերասաններ, հյուրեր:
Գավառի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի տնօրինության անունից շնորհակալագրեր հանձնվեցին թատրոնի և «Սալոմե» ներկայացման դերասաններին, ներկա և նախկին մարզպետներին, Գավառի քաղաքապետարանին, թատրոնի կայացման գործում աջակցություն ցուցաբերած բարեգործներին:
Մշակութային կյանքում ունեցած ավանդի համար Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակազմը խրախուսվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59