Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվեց Ծովասար գյուղի մուտքի կամարը

24.11.2018

Ծովասար գյուղի հիմնադրման 190-րդ տարեդարձը նշանավորվեց մուտքի կամարի բացման հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու տարածքի համայնքների ղեկավարները, մայրաքաղաքից հրավիրված հյուրեր, համայնքի բնակիչներ: Բացման խոսքով հանդես եկավ եւ Ծովասարի 190 տարիների պատմությունը ներկայացրեց ծովասարցի մանկավարժ եւ ազգագրագետ Դերենիկ Գեւորգյանը: « Ծովասարի պատմությունը գալիս է վաղնջական ժամանակներից, որի մասին փաստում են մեր վարչական տարածքում պահպանված հնագիտական հուշարձանները: Սակայն նրա պատմության արշալույսը շատ առավել բոցկլտում է վերջին երկու դարերի ընթացքում, երբ ծովասարցին իր հողի վրա խաղաղ ապրելու եւ արարելու հնարավորություն է ստացել: Ծովասարի հերոս զավակները պատմական արհավիրքների օրերին նաեւ սուր են վերցրել՝ մաքառելու մեր գոյությանը սպառնացող թշնամիների դեմ ու նպաստել են լուսավոր հաղթանակների կերտմանը:Ծովասարը հայոց հայրենիքին տվել է նշանավոր գիտնականներ, գուսաններ, գրողներ, բժիշկներ, մանկավարժներ, բազմազավակ ծնողներ: Մեր հողի մարդու կերպարով կարելի է անվերջ հիանալ»,-նշեց բանախոսը:
«Շատ ծովասարցիներ համայնքի անունը հռչակել են աշխարհով մեկ՝ բնակություն հաստատելով շատ ու շատ երկրներում: Նրանք ճանաչված շինարարներ են, գործարարներ, գիտության ու մշակույթի գործիչներ, ովքեր, սակայն, չեն մոռանում իրենց ծննդավայրը, ինչի վկայությունը նաեւ բարեգործական այս ձեռնարկն է, որն իրականացրեց մեր համագյուղացի Զարզանդ Մուրադյանը: Այս կամարի բացումը խորհրդանշում է մեր փառավոր անցյալն ու լուսավոր ներկան, ապրելու եւ արարելու ձգտումը:Մեր վաղվա օրը տեսնում ենք շատ ավելի պայծառ»,-ներկաներին դիմեց Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը:
«Շուտով կբոլորենք երկու դարը, երբ Արեւմտյան Հայաստանից ու Իրանից Գեղարքունիքի մարզի տարածքում վերաբնակված հայ ընտանիքները նոր շունչ ու ոգի, հայկականություն հաղորդեցին մեր հողին: Արդյունքում այսօր մենք ունենք Գեղարքունիքի ծաղկուն մարզը՝ բազմահազարանոց քաղաքային ու գյուղական համայնքներով: Նման ձեռնարկներն ու միջոցառումները մեկ գաղափարի ու նպատակի շուրջ են համախմբում բոլորիս, մեզ մղում նոր ազգասիրական նախաձեռնությունների: Այս տոնը ոչ միայն ծովասարցիների, այլ նաեւ մեր մարզի բնակչության հոգեւոր տոնն է»,-շնորհավորանքի խոսքում ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Այս կամարը, որը ես նվիրել եմ իմ հայրենի գյուղի անցյալին ու ապագային, թող լինի իմ հայրենի Ծովասարի հաղթանակի, բարեկեցության ու հզորացման կամարը»,-նշեց կամարի կառուցման հովանավոր, բարեգործ Զարզանդ Մուրադյանը:
Տոնախմբությունը շարունակվեց մինչեւ երեկո, որի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկան Ծովասարի մշակույթի տան «Ալաշկերտ» երգի-պարի համույթը:
Ծովասարի մուտքի կամարի բարձրությունը կազմում է 6,80 մետր: Կամարը կառուցվել է 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Սամվել Բաղդասարյանի ճարտարապետությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42