Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա պատկերը /10.11-18. 11.2018թ./

20.11.2018

Նոյեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածաշրջանի Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ և Ծովասար համայնքներում, անմիջական զրույց ունեցավ տեղի բնակիչների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկությունները՝ կապված ճանապարհաշինության, փողոցային լուսավորության անցկացման, մատչելի գներով պարարտանյութ, դիզելային վառելանյութ ձեռք բերելու, համայնքային նշանակության այլ թեմաների հետ: Այցի շրջանակներում Գնել Սանոսյանը հանդիպեց նաև Վարդենիսի տարածաշրջանի Ախպրաձոր համայնքի բնակիչներին, որոնց հետ քննարկեց Ծովակ-Ախպրաձոր միջհամայնքային նշանակության շուրջ 12 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքներում առաջացած խնդիրները: Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ ճանապարհի վերանորոգումը պլանավորվում է իրականացնել հաջորդ տարի՝ պետական ծրագրով:
Նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի ժառանգության պահպանման և ապակենտրոնացված համագործակցության փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին, միջազգային համագործակցության հարցերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային և «Ֆրանս Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության ղեկավար Լիլյա Շալունցին: Ողջունելով հյուրերին՝ Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին՝ նախորդ տարիների համագործակցության և Գեղարքունիքի մարզում առողջապահական, կրթական ու զբոսաշրջության զարգացման ծրագրեր իրականացնելու համար, միաժամանակ հավաստելով, որ մարզպետարանը պատրաստակամ է նոր ու հետագա համագործակցության:
Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնակցեց Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստեղծված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի ապակենտրոնացված համագործակցության «IRAPA» հարթակի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարին, որի ընթացքում հանդիպման մասնակիցներն ամփոփեցին 2016-2018թթ. ընթացքում իրականացված ծրագրերը, սահմանեցին 2019-2021թթ. աշխատանքային առանցքները:
Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Գավառի տարածաշրջանի Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Ծաղկաշեն համայնքներ, ծանոթացավ 2018 թվականի ընթացքում պետական կամ տեղական բյուջեների միջոցներով համայնքներում իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող համայնքային ծրագրերին, առաջիկա անելիքներին, լսեց բնակիչների առաջարկությունները՝ կապված առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ, հույս հայտնելով, որ հաջորդ տարվա ընթացքում պետական աջակցությամբ լուծում կստանան շատ ու շատ խնդիրներ:
Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում ավարտվեց Գեղարքունիք- Իզեր ապակենտրոնացված համագործակցության IRAPA հարթակի կողմից կազմակերպված սեմինարը: Հանդիպման մասնակիցները ամփոփեցին երկօրյա քննարկման արդյունքները, փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերեցին տուրիզմի ոլորտում 2019-2021թթ. իրականացվելիք բազմաբնույթ ծրագրերի շուրջ, երկկողմ արդյունավետ համարելով նման հագեցած օրակարգով և նպատակային քննարկումները: Գրենոբլ քաղաքում հաջորդ տարվա ընթացքում կողմերը կստորագրեն համագործակցության նոր հուշագիր:
Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու բժշկական կենտրոնում, ծննդատանը, զրուցեց բուժում ստացողների և բուժանձնակազմի հետ, շրջայց կատարեց հիվանդասենյակներում: Գնել Սանոսյանը Մարտունիում դիտարկեց այն տարածքը, որտեղ եկող տարվանից պետական ներդրումների հաշվին կմեկնարկի արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը: Մարզպետին հիացրեց այն փաստը, որ վերջին երեք օրերի ընթացքում այս ծննդատանը ծնվել է 24 երեխա:
Նույն օրը Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Լիճք, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա համայնքում: Մարզպետը զրույց ունեցավ համայնքի բնակիչների և մանկավարժական կոլեկտիվների հետ , այցելեց դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, բուժամբուլատորիաներ, տեղեկացավ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, լսեց համայնքների բնակիչների առաջարկությունները՝ համայնքային հրատապ ծրագրերի իրականացման նպատակով:
Նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Սևանի տարածաշրջանի Ծովագյուղ, Գեղամավան, Դդմաշեն, Վարսեր, Ծաղկունք, Զովաբեր համայնքներ, հանդիպումներ ունեցավ համայնքների բնակիչների, առողջապահական և կրթամշակութային հիմնարկների աշխատակիցների հետ, տեղեկացավ այս տարի պետական և տեղական միջոցներով իրականացված աշխատանքներին, որոնք առնչվում էին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատմանը, ջրամատակարարման համակարգերի բարելավմանը, գիշերային լուսավորվածության ցանցի ընդլայնմանը, բազմաբնակարան երեք շենքերի կոյուղու հիմնանորգման և սեպտիկ հորի կառուցման աշխատանքներին: Մարզպետի հետ ունեցած զրույցի ընթացքում համայնքի բնակիչները խոսեցին մի շարք առաջնահերթ խնդիրների մասին: Գնել Սանոսյանը, գնահատելով այցի արդյունքները, այն համարեց ճանաչողական և արդյունավետ: Նույն օրը Գնել Սանոսյանը ճանաչողական այցով եղավ նաև Գավառի բժշկական կենտրոնում, ծանոթացավ հիվանդանոցային պայմաններին, զրուցեց բուժանձնակազմի հետ:
Նոյեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Մարտունու տարածաշրջանի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Արծվանիստ համայնքներ: Վաղաշենում Գնել Սանոսյանն այցելեց Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի, Սարդարապատի հերոսամարտի, Հայոց ցեղասպանության , Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշահամալիր՝ մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցելով Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Համայնքային այցերի ընթացքում Գնել Սանոսյանը հանդիպեց համայնքների բնակիչների հետ, լսեց նրանց ներկայացրած խնդիրները, կապված ճանապարհաշինության, գյուղատնտեսական տեխնիկաների բացակայության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավման, հնարավորությունների բացակայության հետևանքով անմշակ մնացած վարելահողերի, համայնքային և մարզային նշանակության կառույցների հիմնանորոգման հրատապության հետ:
«Մենք աշխարհի ջրառատ երկրների թվին ենք դասվում, սակայն մեր համայնքները հիմնականում զուրկ են մնում կանոնավոր ջրամատակարարումից, ինչը հետևանք է անարդյունավետ կամ սխալ կառավարման: Ոռոգման ջրի խնդրի լուծումը մենք տեսնում ենք Աստղաձորի ջրամբարի կառուցման մեջ: Չենք կարող կառուցման համար հստակ ժամկետներ հիմա նշել, սակայն ջրամբարի կառուցումն այլընտրանք չունի», -հավաստեց մարզպետը:

Ծովինարում համայնքի ղեկավարը մարզի ղեկավարին ներկայացրեց այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները: «Գյուղը հիմա չունի ոռոգման ու խմելու ջրի մատակարարման խնդիր, այն նաև ամբողջովին գազաֆիկացված է, տարեցտարի ավելանում է ասֆալտապատ փողոցների մակերեսը, ընդարձակվում գիշերային լուսավորության ցանցը: Հիմնանորոգման խիստ կարիք ունեն մանկապարտեզը և մշակույթի տունը: Եթե այդ խնդիրներին էլ լուծում տանք, Ծովինարում բարելաված կլինենք թե նախադպրոցական կրթության կազմակերպումը, թե մշակութային ու մարզական կյանքի առաջընթացը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Նոյեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս քաղաք և տարածաշրջանի Կարճաղբյուր, Ծովակ, Լուսակունք, Խաչաղբյուր, Ակունք համայնքներ՝ տեղերում ծանոթանալով կատարված աշխատանքներին և առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներին: Մարզպետի հետ հանդիպման ընթացքում բնակիչները հարց բարձրացրին հողերի անձնագրավորման, խաղահրապարակների կառուցման, երիտասարդ ընտանիքներին տնամերձ հողամասեր հատկացնելու, նոր գյուղտեխնիկայի ձեռքբերման, ոռոգման ջրի սակավության հետ կապված: Մարզպետն այցելեց դպրոցներ, բուժհիմնարկներ, մշակույթի տներ ու մանկապարտեզներ, տեղում քննարկելով հրատապ լուծում պահանջող խնդիրները և հույս հայտնելով, որ հաջորդ տարվա ընթացքում պետության կողմից մարզերին տրամադրվող ֆինանսական միջոցներն ավելանալու են, ինչի արդյունքում հնարավոր է համայնքում իրականացնել զգալի թվով ծրագրեր: «Այցերի ընթացքում արձանագրված բոլոր հիմնախնդիրներն ուսումնասիրում ենք, կանոնակարգում, պատկան մարմինների հետ քննարկում լուծման հնարավոր տարբերակները: Բոլոր հիմնահարցերի շուրջ ցուցաբերելու ենք հետևողականություն ու հասնելու ենք տեսանելի արդյունքի»,-շաբաթվա այցի արդյունքներն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59