Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ծանոթացավ Մարտունու տարածաշրջանի համայնքների հիմնախնդիրներին

19.11.2018

Նոյեմբերի 17-ին Վաղաշեն համայնքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այցելեց Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի, Սարդարապատի հերոսամարտի, Հայոց ցեղասպանության , Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշահամալիր՝ մոմավառությամբ հարգանքի տուրք մատուցելով Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Վաղաշենի միջնակարգ դպրոցում Գնել Սանոսյանին ներկայացվեց դպրոցի շենքային պայմանները: «Թեև դպրոցի շենքը շահագործման է հանձնվել ընդամենը 5 տարի առաջ, սակայն արդեն սկսել է փտել հատակը, տանիքից կաթոցներ են նկատվում, սեպտիկ հորը նորմալ չի գործում: Խնդրում ենք  ընդառաջել՝ դպրոցի  տնտեսված միջոցների հաշվին  նկատված շինարարական թերությունները վերացնելու համար»,-մարզպետին դիմեց դպրոցի տնօրենը:
Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ Վաղաշենի համար հիմա օրախնդիր հարց է դարձել մանկապարտեզի հիմնանորոգումը և նորակառույց թաղամասի բնակիչներին բնական գազով ապահովելը: «Գազամատակարարման ցանցը կառուցված է, մնում է ստանալ շահագործման թույլտվություն, ինչի համար խնդրում ենք Ձեր միջամտությունը»,-մարզպետին դիմեց համայնքի ղեկավարը:
Աստղաձորում համայնքի ղեկավարի և բնակիչների կողմից որպես առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր՝ ներկայացվեց խմելու և ոռոգման ջրի անկանոն մատակարարումը, և մանկապարտեզի շենք ունենալու անհրաժեշտությունը: «Խմելու ջրի մատակարարման արտաքին ցանց, օրվա կարգավորիչ ջրամբար չունենք, իսկ ներքին ցանցը, մոտ 30 կիլոմետր երկարությամբ, հիմնանորոգման կարիք ունի: Գյուղը չունի մանկապարտեզի շենք, թեև տարեցտարի մեզ մոտ ավելանում են ծնունդները»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Անդրադառնալով բարձրացված հիմնահարցերին՝ մարզպետը շեշտեց, որ դրանց լուծման համար թեև պահանջվում են մեծ ներդրումներ ու որոշակի ժամանակ, սակայն առավել կարևոր է ջրի արդյունավետ կառավարումը: «Մենք աշխարհի ջրառատ երկրների թվին ենք դասվում, սակայն մեր համայնքները հիմնականում զուրկ են մնում կանոնավոր ջրամատակարարումից, ինչը հետևանք է անարդյունավետ կամ սխալ կառավարման: Ոռոգման ջրի խնդրի լուծումը մենք տեսնում ենք Աստղաձորի ջրամբարի կառուցման մեջ: Չենք կարող կառուցման համար հստակ ժամկետներ հիմա նշել, սակայն ջրամբարի կառուցումն այլընտրանք չունի: Համատեղ ուժերով կփորձենք լուծել նաև խմելու ջրի մատակարարման համակարգի և մանկապարտեզի կառուցման հիմնախնդիրները», -հավաստեց մարզպետը:
Աստղաձորի մշակույթի տանը մարզի ղեկավարը ծանոթացավ արվեստի ու մարզական խմբակների հաջողություններին, եղավ համայնքային գրադարանում:
Զոլաքար համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում Գնել Սանոսյանը զրուցեց մանկավարժական կոլեկտիվի հետ, ծանոթացավ շենքային պայմաններին ու առաջնահերթ անելիքներին: Դպրոցի տնօրենի և մարզպետի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ՝  դպրոցի  տնտեսված միջոցների հաշվին որոշակի շինարարական աշխատանքներ իրականացնելու, որոնցից առաջնահերթը մարզադահլիճի հատակի նորոգումն է: Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում Գնել Սանոսյանը ծանոթացավ լայնածավալ շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են պետբյուջեի միջոցներով: Մարզպետն այցելեց նաև Զոլաքարի մշակույթի տուն, որտեղ դիտարկեց վերջերս իրականացված հիմնանորոգման աշխատանքները, ծանոթացավ արվեստի և մարզական խմբակներին, գրադարանային ֆոնդին:
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը խնդիր համարեց խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգումը և մանկապարտեզի նոր շենքի կառուցումը:
«Մեր համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցը հիմնանորոգման կարիք ունի մոտ 40 կիլոմետր երկարությամբ: Բարվոք վիճակում չեն նաև աղբյուրակապերը: Նորակառույց թաղամասերում գազատար ցանցի կառուցման կարիք կա, կրթահամալիրում՝ հիմնանորոգման:Վարդենիկով հոսող Վարդենիս գետը վարարումների ընթացքում վնասներ է հասցնում տնտեսություններին, որի կանխարգելման համար անհրաժեշտ է գետի հունը գաբիոնապատել մոտ 2 կիլոմետր երկարությամբ»,-ներկայացրին վարդենիկցիները:
Մարզի ղեկավարը վստահեցրեց, որ եկող տարվանից կառավարությունը կավելացնի մարզերին տրամադրվող միջոցները, ինչն էլ հնարավորություն կտա, որպեսզի կուտակված համայնքային խնդիրները ստանան արմատական լուծումներ:
Արծվանիստում Գնել Սանոսյանը հանդիպումը սկսեց լավ լուրով. «Քաջածանոթ եմ ձեր գյուղի թիվ 1 հիմնախնդրին՝ ներհամայնքային ճանապարհների անբարեկարգ վիճակին: Այդ հարցը կարող եք չբարձրացնել, քանի որ եկող տարվա ծրագրում այն արդեն ներառված է, ու դուք ունենալու եք միանգամայն բարեկարգ ճանապարհներ»,-արծվանիստցիներին հավաստիացրեց մարզպետը:  «Մենք 1800 հեկտար վարելահող ունենք, որի մեծ մասը մնացել է անմշակ, քանի որ չունենք բավարար վարող տեխնիկա, կոմբայն, շարքացան: Եթե աջակցություն լինի, մեր հողերը մենք անմշակ չենք թողնի»,-ասացին բնակիչները: Արծվանիստում բարձրացվեց նաև մանկապարտեզի  բացակայության խնդիրը: 
Ծովինարում համայնքի ղեկավարը մարզի ղեկավարին ներկայացրեց այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները: «Գյուղը հիմա չունի ոռոգման ու խմելու ջրի մատակարարման խնդիր, այն նաև ամբողջովին գազաֆիկացված է, տարեցտարի ավելանում է ասֆալտապատ փողոցների մակերեսը, ընդարձակվում գիշերային լուսավորության ցանցը: Հիմնանորոգման խիստ կարիք ունեն մանկապարտեզը և մշակույթի տունը: Եթե այդ խնդիրներին էլ լուծում տանք, Ծովինարում բարելաված կլինենք թե նախադպրոցական կրթության կազմակերպումը, թե մշակութային ու մարզական կյանքի առաջընթացը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
«Մեր այցելած բոլոր համայնքներում արձանագրված խնդիրները և միանման են, և բազմազան ու մտահոգող: Սակայն մենք չպետք է սպասենք ավելի լավ ժամանակների կամ միջոցների գտնվելու, այլ փորձենք հնարավորինս արագ գտնել լուծումներ ու միջոցներ՝ ընդգրկելով համագործակցության բոլոր օղակներն ու հնարավորությունները:Այս այցերը լինելու են բովանդակային, որոնց արդյունքները շուտով տեսանելի կլինեն բոլորի համար»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:10:05