Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Սևանի տարածաշրջանի համայնքներ

17.11.2018

Նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Սևանի տարածաշրջանի Ծովագյուղ համայնք, հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների, առողջապահական և կրթամշակութային հիմնարկների աշխատակիցների հետ: Համայնքի ղեկավարը ներկայացրեց այս տարի պետական և տեղական միջոցներով իրականացված աշխատանքները: « Ծովագյուղում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է ներհամայնքային ճանապարհներ, բարելավվել՝ ջրամատակարարման համակարգը, ընդլայնվել գիշերային լուսավորվածության ցանցը, իսկ մի թաղամասում ընթացքի մեջ է բազմաբնակարան երեք շենքերի կոյուղու հիմնանորգման և սեպտիկ հորի կառուցման աշխատանքները»: Մարզպետի հետ ունեցած զրույցի ընթացքում համայնքի բնակիչները խոսեցին մի շարք առաջնահերթ խնդիրների մասին: «Զբաղվում ենք հնդկացորենի մշակմամբ, անասնապահությամբ, սակայն դրանց զարգացման համար մեզ հարկավոր է գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկա, մատչելի վարկային միջոցներ, արտադրանքի իրացման հնարավորություններ: Մեզ խիստ անհրաժեշտ է մշակույթի տան հիմնանորոգումն ու շահագործումը»,-ներկայացրին ծովագյուղցիները:
«Ծովագյուղում նկատվեց աշխատանքային եռանդ ու նպատակամղվածություն, ինչը բավականին հուսադրող է: Մենք ամեն կերպ կաջակցենք համայնքապետարանին՝ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը շարունակելու, նորերը սկսելու համար: ՀՀ բնապահպանության նախարարության կողմից արդեն մշակված է արտոնագրային ձկնորսության նոր կարգը: Մենք կհասնենք նրան, որ արտոնագրային ձկնորսությամբ զբաղվող մարդիկ գործեն միայն օրինականության դաշտում ու ձվադրման շրջանում ձեռնպահ մնան հակաօրինական գործողություններից: Միայն այդ դեպքում մենք Սևանա լճում կունենանք սիգի արդյունագործական որսի բավարար պաշարներ»,-նշեց մարզպետը:
Գեղամավանում, ըստ համայնքի ղեկավարի, տեղական բյուջեի միջոցներով որոշակիորեն ընդլայնվել է գյուղի լուսավորվածության ցանցը , ասֆալտապատվել գերեզմանոցի ճանապարհը , կառուցվել է մանկական խաղահրապարակ: Գյուղի մուտքի մոտ տեղադրվել է Գեղամավանի հիմնադրման 180 ամյակին նվիրված հուշակոթող: ՀՀ կառավարություն աջակցությամբ իրականացման փուլում է գտնվում գյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգումը: Համայնքի համար առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր համարվեց ոռոգման ջրի ապահովումը: Գեղամավանի միջնակարգ դպրոցում մարզպետը դիտարկեց շենքային բարվոք պայմանները, զրուցեց մանկավարժների հետ:
Վարսերում ունեցած հանդիպման ընթացքում նշվեց, որ համայնքում նկատելի աշխատանք է կատարվել կենսագործունեության տարբեր ոլորտներում, սակայն դեռևս շատ անելիքներ կան: «Վարսերի մանկապարտեզի շենքը քայքայված վիճակում է , չունենք կոմբայն, վարուցանք, հունձ ու հավաք կատարող տեխնիկա: Խմելու և ոռոգման ջրի մատակարարումը ևս լուրջ խնդիր է մեզ համար: Թերևս այդ է պատճառը, որ մեր ունեցած 1440 հեկտար վարելահողերի շատ չնչին մասն ենք կարողանում մշակել: Դպրոցը չունի նորոգված մազրադահլիճ ու խաղահրապարակ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Ծաղկունքում մարզպետն այցելեց համայնքի հանդիսությունների սրահի շինհրապարակ՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը: « Ծաղկունքի համար մեկ խնդիրը մնում է խմելու ջրի մատակարարման համակարգի նորացումը: Անհամբեր սպասում ենք «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի», միջոցներով իրականացվող ծրագրի մեկնարկին, որն այդպես էլ ուշանում է: Երկրորդ կարևոր խնդիրը մանկապարտեզի հիմնանորոգումն է, որի համար այդպես էլ բավարար միջոցներ չենք կարողանում գտնել»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Մարզպետն այցելեց նաև Ծաղկունքի բաց դպրոց, որտեղ ծանոթացավ կրթական հաստատության շենքային բարվոք պայմաններին, կրթական նորարարություններին:
«Վերջին տարիներին իրականացված մի շարք ծրագրերի շնորհիվ Դդմաշենում ունենք համայնք մտնող նորոգ ճանապարհ, խմելու ջրի շուրջօրյա մատակարարում, գործող մանկապարտեզ, նորոգված դպրոց, այլ ձեռքերումներ: Առաջնահերթ ենք համարում համայնքի մշակույթի տան հիմնանորոգումը, Դդմաշեն-Ծաղկունք հանրապետական նշանակության ճանապարհի եզրապաշտպան պատնեշի կառուցումը, Դդմաշենի երկու հատվածներն իրար կապող կամուրջը, որոնց լուծման համար անհրաժեշտ է պետական աջակցություն»,- Գնել Սանոսյանին ներկայացրեց Դդմաշենի համայնքի ղեկավարը:
Հանդիպումից հետո մարզպետն այցելեց Դդմաշենի մշակույթի տանը գործող գրադարան, որտեղ պահպանվում է ավելի քան 7 հազար գիրք: Դդմաշենի բուժամբուլատորիայում մարզպետը ծանոթացավ բուժսպասարկման պայմաններին, զրուցեց բուժանձնակազմի հետ:
Զովաբերում Գնել Սանոսյանն այցելեց միջնակարգ դպրոց և համայնքային կենտրոն, զրուցեց համայնքի բնակիչների հետ: «Համայնքի հիմնական խնդիրը կապված է խմելու և ոռոգման ջրի մատակարարման հետ: Եթե խմելու ջրատարի ներքին ցանցի ուղղությամբ որոշակի աշխատանք կատարել ենք ու ակնկալում ենք սուբվենցիոն նոր ծրագրի ներդրումով կարգավորել ջրամատակարարումը, ապա ոչ մի կերպ չենք կարողանում լուծում տալ ոռոգման ջրի խնդրին, ինչը համայնքի համար այսօր ունի ամենակենսական նշանակությունը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Համայնքային կենտրոնում մարզպետն այցելեց պարի և մարզական խմբակներ, որտեղ ընթանում էին ակտիվ փորձեր և մարզումներ:
«Մենք թեև աշխարհում համարվում ենք ջրային պաշարներով հարուստ երկիր, սակայն շատ դեպքերում մեր համայնքները զրկված են կանոնավոր ջրամատակարարումից՝ չկանոնակարգված ու վատ կառավարման հետևանքով: Այս խնդիրը մենք արձանագրեցինք մեր այցելած գրեթե բոլոր համայնքներում: Առավել լուրջ է ջրահեռացման խնդիրը Սևան –Քաղսի կոյուղու կոլեկտորի չգործելու հետևանքով: Հուսամ, որ եկող տարվա ընթացքում պետական ծրագրով կկառուցվի ջրահեռացման նորացված համակարգ, որով և արմատապես լուծված կլինի խնդիրը Սևան քաղաքի և տարածաշրջանի համայնքների համար»,-նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը, գնահատելով այցի արդյունքները, այն համարեց ճանաչողական և արդյունավետ: «Որոշ տեղերում տպավորեցին կատարած աշխատանքները, որոշ տեղերում էլ մտահոգեցին բացթողումները: Բայց առավել ոգևորիչ էր Զովաբերի համայնքային կենտրոնում երեխաների ակտիվ ներգրավվածությունը մարզական և մշակութային խմբակներում: Մենք արձանագրեցինք հիմնախնդիրներ, որոնք պահանջում են առաջնահերթ լուծում, մշտական հետևողականություն»,- այցն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ճանաչողական այցով եղավ նաև Գավառի բժշկական կենտրոնում, ծանոթացավ հիվանդանոցային պայմաններին, զրուցեց բուժանձնակազմի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55