Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Մարտունու տարածաշրջանի համայնքներում ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին և հիմնախնդիրներին

16.11.2018

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Լիճք համայնքում: Մարզպետը զրույց ունեցավ համայնքի բնակիչների և մանկավարժական կոլեկտիվի հետ , այցելեց միջնակարգ դպրոց, նորակառույց մանկապարտեզ և մշակույթի տուն: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ պետական միջոցների հաշվին կառուցված մանկապարտեզը և մշակույթի տունը շուտով կհանձնվեն շահագործման: Այստեղ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կատարվել են ճանապարհաշինական և խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: «Եկող տարի Լիճքի հանքային ջրերի գործարանի վերակառուցման ու բացման արդյունքում համայնքում կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-հավաստեց համայնքի ղեկավարը:
Լիճքում առաջ քաշվեցին միջնակարգ դպրոցի գույքի, գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման, լուսավորության ցանցի կառուցման խնդիրները: «Հարյուրավոր ընտանիքներ ձեռնարկել են բնակարանների կառուցումներ, սակայն շինարարության համար ավազ չեն կարողանում ձեռք բերել, քանի որ չեն գործում Ձորագյուղի տարածքի ավազի հանքերը»,-հարց բարձրացրին լիճքեցիները:
Մարզպետը հավաստիացրեց, որ առաջիկա օրերին գործել կսկսի գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ավազահանքերից մեկը, իսկ մնացած խնդիրները լուծում կստանան եկող տարվա ընթացքում:
Ներքին Գետաշենում մարզպետին ներկայացվեցին համայնքային բնույթի մի շարք խնդիրներ: Գնել Սանոսյանը ծանոթացավ տեղական բյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական և այլ բնույթի աշխատանքներին, դիտարկեց պետական միջոցների հաշվին հիմնանորոգվող թիվ 1 միջնակարգ դպրոցի շինարարության ընթացքը: Դպրոցի տնօրենի ներկայացմամբ՝ արդեն երկու ամիս է, ինչ մեկնարկել է դպրոցական նոր մասնաշենքի շինարարությունը, որը կավարտվի առաջիկա երկու տարիների ընթացքում: «Արդյունքում մենք կունենանք արդի պայմաններին համապատասխան դպրոցական շենքային պայմաններ և կանցնենք միահերթ ուսումնական պրոցեսի»,-ներկայացրեց նա: Գնել Սանոսյանը եղավ նաև Ներքին Գետաշենի գյուղապետարանի հիմնանորոգված շենքում և նորակառույց մանկապարտեզում, որը շահագործման է հանձնվել այս տարվա սեպտեմբեր ամսին: Համայնքի բուժամբուլատորիայում մարզպետը ծանոթացավ բուժանձնակազմի աշխատանքային պայմաններին, զրուցեց նրանց հետ:
Գեղհովիտում մարզպետն այցելեց 515 աշակերտ ունեցող թիվ 2 միջնակարգ դպրոց, որի շենքը խիստ վթարային է: «Դպրոցը կառուցվել է նախորդ դարի 50-ական թվականներին և գտնվում է անմխիթար վիճակում: Աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է, իսկ նման պայմաններում ավելի է դժվարանում մեր աշխատանքը»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:
«Մենք անպայման ելք կգտնենք խնդրի լուծման համար: Այս դպրոցի շենքի կառուցումը մեզ համար առաջնային կարևորության հարցերից է, և ես վստահեցնում եմ ձեզ, որ դուք կունենաք նոր մասնաշենք, կաշխատեք բոլորովին նորացված պայմաններում»,-ասաց Գնել Սանոսյանը:
Մարզպետի այցի հաջորդ կանգառը Գեղհովիտ համայնքի վարչական կազմում ընդգրկված Լեռնակերտ բնակավայրում էր: Հիմնական դպրոցի շենքում մարզպետը զրուցեց համայնքի բնակիչների, դպրոցի մանկավարժների հետ՝ տեղում քննարկելով բնակավայրի հիմնախնդիրները:
«Լեռնակերտը չունի դպրոցի շենք, մշակույթի տուն, բուժկետ, ենթակառուցվածքների հիմնանորոգման խնդիր կա»,-մարզպետին ներկայացրին լեռնակերտցիները: «Տեսնում ենք, որ բարձրլեռնային այս գյուղում կյանքն ունի իրեն յուրահատուկ դժվարությունները, որը մեզ պարտավորեցնում է՝ առավել ուշադրություն սևեռել ձեր կենսապայմանների բարելավմանը: Մի վհատվեք ու հավատացեք, որ շատ շուտով դուք ականատեսը կլինեք դրական փոփոխությունների»,-լեռնակերտցիներին քաջալերեց մարզպետը:
Մադինայի միջնակարգ դպրոցում Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների, դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ՝ քննարկելով համայնքային առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներ: Դրանք են ջրամատակարարման, դաշտամիջյան ճանապարհների նորոգման, միջհամայնքային ճանապարհի ձմեռային սպասարկման, վարելահողերի մշակման, դպրոցական շենքի հիմնանորոգման, մանկապարտեզի շենքի կառուցման հետ կապված խնդիրների կարգավորումները:
«Մեր բարձրլեռնային գյուղում ավելի քան 600 հեկտար վարելահող մնացել է անմշակ և վերածվել է խոտհարքերի, իսկ Ագրիջայի խոտհարքերը հսկայական տարածքների վրա վաղուց չեն հնձվում: Չե՞ք կարծում, որ մեր երկիրն այսօր պետք է ուշադրություն դարձնի բարձրլեռնային գյուղերին, որոնց շարքում է Մադինան»,-խնդիր բարձրացրին համայնքի բնակիչները:
Գնել Սանոսյանը, համակարծիք լինելով բարձրացված հարցին, հավելեց, որ սահմանամերձ Ճամբարակում արդեն դրամական փոխհատուցում է տրվում աշնանացան կատարած տնտեսություններին, ուստի մարզային իշխանությունները կձգտեն այդ քաղաքականությունն առաջիկայում տեղափոխել դեպի բարձրլեռնային գյուղեր:
«Ոգևորող է, երբ տեսնում ես կատարված աշխատանք, նորակառույց դպրոց ու մանկապարտեզ, ճանապարհներ, ծնունդների աճ, նորանոր հետաքրքիր նախաձեռնոթւյուններ, և միաժամանակ անչափ մտահոգիչ է, երբ տեսնում ես տարիներով լուծում չստացած կենսական կարևորագույն խնդիրներ: Բայց այդ մտահոգությունը մեզ ոչ թե պետք է հիասթափեցնի, այլ նոր եռանդով առաջ մղի դեպի գործ, դեպի մեր հողի վրա ապրող մարդկանց բարեկեցության ապահովում բոլոր ուղղություններում»,-ամփոփիչ խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:23:44