Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառի տարածաշրջանի համայնքներ

15.11.2018

Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Գավառի տարածաշրջանի Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Ծաղկաշեն համայնքներ:
Գանձակ համայնքում մարզպետին ներկայացվեցին 2018 թվականի ընթացքում պետական կամ տեղական բյուջեների միջոցներով իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող համայնքային ծրագրերը: Ինչպես ներկայացրեց համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, տարվա ընթացքում Գանձակում արձանագրվել են զգալի ձեռքբերումներ մի շարք ոլորտներում:Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է գյուղի մի թաղամասի ոռոգման ջրանցքը, պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակը Ծաղկաշենին կապող կամուրջը, կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր, իսկ տեղական միջոցներով կառուցվել է երկու հուշաղբյուր, գյուղի մուտքը, տեղադրվել է երեք կանգառ, ընդլայնվել է լուսավորվածության ցանցը, որն աշխատում է վերականգնվող էլեկտրաէներգիայի հաշվին: Մասնավոր ներդրումների հաշվին հիմնվում է ջերմոցային տնտեսություն, որը կապահովի մի քանի աշխատատեղ: Որպես գյուղի համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիր համայնքի բնակիչները համարեցին Բաղրամյան փողոցի հիմնանորոգումը, որը գտնվում է անմխիթար վիճակում: «Այս ճանապարհը ոչ միայն ներհամայնքային, այլ նաև միջհամայնքային նշանակություն ունի, որն իրար է կապում Գանձակ և Ծաղկաշեն համայնքները: 2 կիլոմետր երկարության ճանապարհը, որը ձգվում է Բաղրամյան փողոցով մեկ, հիմնանորոգման չի ենթարկվել ավելի քան երեք տասնամյակ և շահագործվում է մեծ դժվարությամբ: Մեր բյուջեի հնարավորությունները սուղ են՝ խնդրին լուծում տալու համար, ուստի ակնկալում ենք պետության աջակցությունը»,-հարց բարձրացրին համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և բնակիչները: Մի խումբ բնակիչներ էլ մարզպետին դիմեցին անձնական կամ հանրային կարևորության հարցերով: Բնակչության հետ հանդիպումից հետո Գնել Սանոսյանն այցելեց Գանձակ-Ծաղկաշեն կամրջի շինարարության հրապարակ՝ դիտարկելու աշխատանքի ընթացքը:
Սարուխան համայնքում մարզպետը ծանոթացավ ճանապարհաշինական աշխատանքներին, որոնք իրականացվել են վերջերս, սուբվենցիոն ծրագրով և գյուղի բարերարների տրամադրած միջոցների հաշվին: Մարզի ղեկավարին որպես հիմնախնդիր ներկայացվեց Սարուխանի մշակույթի տան դահլիճի հատակի անբարեկարգ վիճակը: Մարզպետն այցելեց մշակույթի տան շենքում գործող ժամանցի սենյակ, զրույց ունեցավ համայնքի բնակիչների հետ:
Լանջաղբյուր համայնքում ևս մարզպետին ներկայացվեցին տարվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կամ պետական ու տեղական միջոցների հաշվին: Համայնքի ղեկավարի, ավագանու և բնակչության կողմից բարձրացված հիմնահարցերը հիմնականում վերաբերում էին ճանապարհաշինության, ոռոգման ջրի մատակարարման, գյուղատնտեսության ոլորտներին: «Պետական միջոցներով հիմնանորոգվում է Մեսրոպ Մաշտոցի փողոցը, որտեղ նախագծից դուրս է մնացել 150 գծամետր երկարության ճանապարհ և ջրահեռացման համակարգի կառուցումը: Հրատապ խնդիր ենք համարում նաև մեր գյուղի ոռոգման մայր ջրանցքի հիմնանորոգումը, որի երկարությունը 2,7 կլիոմետր է, և որտեղ ջրի կորուստները կազմում են մոտ 70 տոկոս: Գյուղի մի թաղամաս ոռոգման ջրի խորքային հորի կառուցման խիստ կարիք ունի: Համայնքը չունի նաև հացահատիկահավաք կոմբայն, ինչի պատճառով տնտեսությունները հացահատիկի ցանք կատարելը համարում են ռիսկային:Այս տարի երկու անգամ կարկտահարվեցին մեր ցանքերը, ինչի արդյունքում շատ տնտեսություններ բերքի զգալի կորուստ ունեցան: Պետության կողմից ակնկալում ենք փոխհատուցում, սակայն մինչ օրս անորոշության մեջ ենք»,-մարզպետին դիմեցին լանջաղբյուրցիները:
Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ համապատասխան ակտերի առկայության դեպքում կառավարությունն առաջիկայում կտրամադրի որոշակի փոխհատուցում: Լանջաղբյուրում որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ներկայացվեց նաև գյուղի մշակույթի տան հատակի և գյուղամիջյան ոռոգման առուների հիմնանորոգումները:
Գեղարքունիք գյուղում որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ներկայացվեց Վազգեն Սարգսյան փողոցի ասֆալտապատումը 450 գծամետր երկարությամբ, ոռոգման ջրամբարի հիմնանորոգումը և գյուղամիջով անցնող Գավառագետի վտակի հունի կառուցապատումը: «Գետի հունը կառուցապատման կարիք ուներ մոտ 1200 մետր երկարությամբ: Անցած տարիների ընթացքում պետական միջոցներով կառուցապատվել է մոտ 600 գծամետր, իսկ ծրագիրը դադարեցվել է մի քանի տարի առաջ, ինչի արդյունքում կիսատ են մնացել 2 կամուրջի կառուցման և 600 գծամետր երկարության ափապաշտպան կառույցների տեղադրման աշխատանքները: Գարնանային վարարումների ընթացքում վնասվում են տնտեսությունների շինություններն ու ցանքերը: Այս խնդրի լուծումը մեր համայնքի համար կենսական կարևոր նշանակություն ունի»,-ներկայացրեց համայնքի ղեկավար Կարապետ Ասատրյանը:
Անդրադառնալով տարվա ընթացքում կատարված աշխատանքներին՝ համայնքի ղեկավարն առանձնացրեց մանկապարտեզի հիմնումը, որն այժմ իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ֆինանսական միջոցներով և գյուղապետարանի համաֆինանսավորմամբ:
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում Գնել Սանոսյանը դիտարկեց շենքային պայմանները և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Դպրոցի տնօրենի ներկայացմամբ՝ դպրոցական շենքը շահագործումից ի վեր, 1971 թվականից մինչ այժմ, չի ենթարկվել որևէ նորոգման: «Առաջնահերթ ենք համարում դպրոցի տանիքի և պատուհանների նորոգումը, որպեսզի դասաժամերի անցկացման համար կարողանանք ապահովել բավարար ջերմային ռեժիմ, ինչը մեզ չի հաջողվում նույնիսկ լոկալ ջեռուցման համակարգ ունենալու պայմաններում»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:
Ծաղկաշեն գյուղում որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ներկայացվեց խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգերի կառուցումը: «Խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը նախատեսված է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» միջոցներով: Համակարգի կառուցման համար նախատեսված է մինչև 423 միլիոն դրամի ներդրում: Նախագիծն արված է, սպասում ենք շինարարության մեկնարկին: Եթե խնդիրը ստանա իր լուծումը, կմտածենք ոռոգման համակարգի ստեղծման մասին: Գյուղի համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ենք համարում նաև մշակույթի տան հիմնանորոգումը, որպեսզի կարողանանք աշխուժացնել մշակութային կյանքը և միաժաման ազատ ժամացի հնարավորություն ստեղծենք տարեցների համար», -ներկայացրեց համայնքի ղեկավար Գրիշա Կարապետյանը:
Անդրադառնալով այցի ընթացքում բարձրացված հարցերին ՝ Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ դրանք կքննարկվեն կետ առ կետ և պատկան մարմինների հետ համագործակցությամբ կստանան իրենց լուծումները:
«Բոլոր տեղերում էլ մենք արձանագրեցինք տարիներով կուտակված ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ, որոնք պահանջում են զգալի միջոցներ, նաև՝ որոշակի ժամանակ ու ջանքեր: Դրա համար մենք կլինենք հետևողական ամեն մի հարցի լուծման ուղղությամբ, որպեսզի կարողանանք բավարար պայմաններ ապահովել համայնքային կյանքի զարգացման, մարդկանց կենսապայմանների բարելավման համար: Վստահեցնում եմ, որ արձանագրված ոչ մի հարց մեր կողմից անուշադրության չի մատնվի»,-այցի ավարտին նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30