Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև համագործակցությունը կշարունակվի

13.11.2018

Նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի ժառանգության պահպանման և ապակենտրոնացված համագործակցության փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին, միջազգային համագործակցության հարցերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային և «Ֆրանս Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության ղեկավար Լիլյա Շալունցին: Ողջունելով հյուրերին՝ Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին՝ նախորդ տարիների համագործակցության և Գեղարքունիքի մարզում առողջապահական, կրթական ու զբոսաշրջության զարգացման ծրագրեր իրականացնելու համար, միաժամանակ հավաստելով, որ մարզպետարանը պատրաստակամ է նոր ու հետագա համագործակցության:
«Նկատելի աշխատանք է մեր մարզում իրականացվել անցած տարիների ընթացքում, ինչի արդյունքում երկու կողմերի միջև ձևավորվել են ոչ միայն գործընկերային, այլ նաև՝ բարեկամական հարաբերություններ: Մեր նոր թիմը լիովին պատրաստ է՝ ավելի խորացնելու և զարգացնելու այդ ձեռքբերումները: Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ համագործակցության ոլորտային շրջանակն ավելի ընդլայնելու համար»,-ֆրանսիայի ներկայացուցիչներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Ինչպես հանդիպման սկզբում նշեց ֆրանսիական պատվիրակության ղեկավար Պատրիկ Կուրտոն, Գեղարքունիքի մարզ այցելության իրենց հիմնական նպատակն է՝ ամփոփել Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում 2016-2018 թվականների ընցացքում իրականացված ծրագրերի արդյունքները, քննարկել և հաստատել 2019-2021 թվականների ծրագրերի ցանկն ու բովանդակությունը և մասնակցել IRAPA համագործակցության հարթակի նախաձեռնած սեմինարին:
«IRAPA համագործակցության հարթակը ստեղծվել է 11 տարի առաջ՝ 4 հայկական և 4 ֆրանսիական համայնքների միավորված համագործակցության արդյունքում: Այդ ժամանակահատվածում հարթակը մեծ ձեռբերումներ է արձանագրել տուրիզմի զարգացման ոլորտում, իսկ Հայաստանում նկատվել է տուրիստական ակտիվ հոսք: Կարծում եմ, որ հարթակը դեռ շատ անելիքներ ունի Հայաստանի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի տուրիզմի զարգացման ոլորտում, որտեղ ես մեծ ներուժ եմ նկատում»,-նշեց Պատրիկ Կուրտոն:
«Ֆրանս Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության ղեկավար Լիլյա Շալունցը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող ֆրանսերեն լեզվի ուսուցման և տարածման աշխատանքներում գրանցված ձեռքբերումները: Ըստ Լիլյա Շալունցի՝ ֆրանսերենի ուսուցման դասընթացները կազմակերպվում են Սևան և Գավառ քաղաքներում, որտեղ բացված խմբակներում ընդգրկված են մինչև 150 հոգի: «Ֆրանսերենի ուսուցման դասընթացներում ընդգրկված են հիմնականում դպրոցական տարիքի երեխաներ, իսկ մեծահասակները համեմատաբար քիչ են:Կա լայն աջակցություն Գեղարքունիքի մարզպետարանի կողմից: Ձգտում ենք այնպես անել, որ մեր կողմից կապը մշտական լինի շրջանավարտների հետ: Այդ պատճառով էլ Սևանում հիմնել ենք ֆրանսիական ակումբ, նույնը ցանկանում ենք հիմնել նաև Գավառում, որպեսզի մարդիկ մշտապես ֆրանսիական մշակույթի հետ շփվելու հնարավորություն ունենան»,-ներկայացրեց « Ֆրանս Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»կազմակերպության ղեկավարը:
Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց Գավառում ֆրանսախոս ակումբ հիմնել մանկատանը, որը հնարավորություն կտա ավելի շատ երեխաներ ընդգրկել մանկատնից և զարգացնել նաև նրանց լեզվական կարողությունները, ինչպես նաև ավելի շատ ուշադրություն դարձնել մանկատան սաներին:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին վստահեցրեց, որ երկու կողմերի միջև համագործակցության շրջանակը ոչ միայն կպահպանվի, այլ ավելի կընդլայնվի ու կխորանա՝ ընդգրկելով նոր ոլորտներ, նոր մտահղացումներ ու ձեռնարկներ: «Տեսնում եմ, որ մենք համատեղ անելիքներ շատ ունենք մեր համագործակցության բոլոր ոլորտներում:Առավել մեծ ներուժ ես տեսնում եմ տուրիզմի ոլորտում, որտեղ գրավչությունները բազմազան են, զարգացման հնարավորությունները՝ հեռանկարային ու խոստումնալից:Մենք ունենք դեպի Արցախ, Իրան ու Վրաստան տանող տարանցիկ բարեկարգ ճանապարհներ, որոնց երթուղիներին մոտիկ են գտնվում պատմության ու բնության կարևոր հուշարձաններ, զբոսաշրջային շատ այլ գրավչություններ: Բացի այդ, մենք ունենք Սևանա լիճ, որը տուրիզմի զարգացման հիմնական գրավականն է: Նույն Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ունենք հարուստ թռչնաշխարհ, ինչը նույնպես առանձնահատուկ հետաքրքրություն կարող է առաջացնել զբոսաշրջիկների համար: Նախատեսում ենք զարկ տալ էկոտուրիզմին ու գյուղական տուրիզմին, բայց առաջնահերթություն ենք համարում ձմեռային տուրիզմի արմատավորումն ու զարգացումը:Առաջին կառույցն այս ուղղությամբ մարզում կլինի Չկալովկայում հիմնադրվող տուրիզմի զարգացման կենտրոնը:Շատ շուտով տեսանելի կլինեն առաջին գործնական քայլերը:Զբոսաշրջային գրավչության վայր կդարձնենք Նորաշենի Ճայերի կղզին: Մեր համագործակցության արդյունքում, հուսով եմ, կծնվեն նոր հետաքրքիր մտահղացումներ, որոնք կկարողանանք կյանքի կոչել: Ձմեռային տուրիզմի ոլորտում ունեցած ձեր փորձն ու գիտելիքները մեզ անհրաժեշտ կլինեն»,-հավելեց մարզպետը:
Ֆրանսիական պատվիրակության ղեկավարն իր հերթին վստահեցրեց, որ մոտակա տարիներին ձմեռային տուրիզմը Գեղարքունիքում կդառնա զարգացման հիմնական ուղղություններից մեկը: «Մեր մարզն էլ Գեղարքունիքին յուրահատուկ ռելիեֆ ու կլիմա ունեցող մարզ է, որտեղ առավել զարգացած է ձմեռային տուրիզմը:Կարծում եմ, որ ձեզ մոտ դահուկային մարզաձեւերը զարգացնելու մեծ պոտենցիալ կա: Մենք կարող ենք տրամադրել փորձագետներ, գտնել ներդրողներ, որպեսզի ձմեռային տուրիզմը ձեզ մոտ ամենակարճ ժամկետներում սկզբնավորվի և զարգանա: Նույնիսկ պատկերացնում եմ, որ մոտակա 10 տարիների ընթացքում Գեղարքունիքը կարող է ընդունել դահուկավազքի միջազգային առաջնության մասնակիցներին», -նշեց Պատրիկ Կուրտոն:
Գեղարքունիքի մարզպետն ու ֆրանսիական պատվիրակության ղեկավարը փոխանակվեցին հուշանվերներով:

Հանդիպման ավարտից հետո մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ֆրանսիական պատվիրակության անդամներն այցելեցին Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենք և Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ծանոթացան երկու կառույցների պատմությանը, կիսվեցին իրենց տպավորություններով, փոխանակեցին կարծիքներ:  Գնել Սանոսյանը  զրույց ունեցավ  նաև  ֆրանսիական ,,Միշել-Ալե- Էգայան,, դպրոցականների  պարային խմբի ղեկավարի հետ: Վերջինս մարզպետին ներկայացրեց իրենց  ծրագրերը, ըստ որոնց,  նախատեսվում է  Գեղարքունիքի մարզում ևս ստեղծել նմանատիպ   պարային խումբ և խորացնել համագործակցությունը նաև այդ ոլորտում:  Գնել Սանոսյանն իր գոհունակությունն հայտնեց նման նախաձեռնության համար, նշելով, որ այդ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի Գեղարքունիքի մարզի պարի խմբի դպրոցականներին փոխանցել ֆրանսիական մշակույթի հարուստ փորձը:

Շրջայցի ավարտին Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում հյուրերը դիտեցին ամռան ամիսներին Գավառում կազմակերպվող ֆրանսերեն լեզվի դասընթացների մասնակից սաների կատարումները՝ ֆրանսերեն լեզվով:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:53:02