Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

09.11.2018

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ ԵՄ ֆինանսական օժանդակությամբ 2018 թվականի փետրվարի 1-ից մեկնարկած «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում համագործակցության մասին: Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել Գեղարքունիքի մարզի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ խթանելով համայնքային զբոսաշրջության զարգացմանը, մշակութային և բնապահպանական իրազեկվածությանն ուղղված նախաձեռնությունները:
Գեղարքունիքի մարզում ծրագրով նախատեսված հիմնական աշխատանքները կիրականացվեն հանրային քննարկման ընթացքում վերհանված և մարզային մակարդակի բազմաշահառու խմբի հետ առանձին քննարկման արդյունքում ընտրված ՍեԳաՄա կլաստերում, որն իր մեջ ներառում է Սևան-Լճաշեն, Գավառ-Նորատուս, Մարտունի-Մադինա բնակավայրերը: Հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի տարածաշրջանային զարգացման ռազմավարության (2017-2025) առաջնահերթությունները՝ ծրագիրը նպատակ է հետապնդում՝ թիրախավորել զարգացման չբացահայտված հնարավորություն ունեցող, ինչպես նաև խոցելի համայնքները՝ մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրային գործունեության միջոցով: Արդյունքում կազմակերպությունը պարտավորվում է տրամադրել դրամաշնորհային և մեկնարկային ֆինանսական միջոցներ՝ համայնքային և բիզնես նախագծերի իրականացման համար, բացահայտել համայնքահենք զբոսաշրջության զարգացման նախագծերի մշակումը, համայնքային ակտիվ խմբերի և ՔՀԿ-ների կարողությունները, իրականացնել ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ: Ըստ հուշագրի՝ նշված աշխատանքների իրականացման համար Գեղարքունիքի մարզպետարանը պետք է աջակցի ընտրված կլաստերում ծրագրային աշխատանքների արդյունավետ իրականացմանը՝ ապահովելով մարզային և տեղական իշխանությունների մասնակցությունը խորհրդակցական հանդիպումներին և բազմաշահառու խմբի աշխատանքներին, կազմակերպչական աջակցություն ցուցաբերի մարզային միջոցառումների, այդ թվում փառատոնների իրականացման ժամանակ, աջակցի ծրագրի իրականացման և մշտադիտարկման գործընթացներին՝ այդ թվում նաև խրախուսելով տեղական իշխանությունների մասնակցությունը, ինչպես նաև օգնություն ցուցաբերի ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածման և ծրագրային արդյունքների հրապարակման գործում: «Մենք հնարավորություն ունենք՝ կազմակերպելու բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ: Սակայն այդ հանդիպումներին պետք է հաջորդեն գործնական քայլերն ու տեսանելի արդյունքները: Այս ոլորտը ինձ շատ հոգեհարազատ է, և ես պատրաստակամ եմ՝լիարժեք աջակցություն ցուցաբերել ծրագրերի իրականացման ընթացքում, որպեսզի համագործակցությունը գրանցի նորանոր արդյունքներ: Մենք մարզի որոշ տարածաշրջաններում ունենք ենթակառուցվածքների զարգացման որոշակի խնդիրներ, որոնք ՀՀ կառավարության աջակցությամբ հաջորդ տարվա ընթացքում լուծում կստանան, որպեսզի ձեր կողմից ընտրված ծրագրերն ավելի արդյունավետ իրականացվեն: Մեր երկրում շատ լավ աշխատանքային տրամադրություն կա, ինչը նշանակում է, որ մենք բոլորս ակտիվ ու ջանասիրաբար, մեկս մյուսին օգնելով պետք է լավ գործ անենք՝ ավելի ամրացնելով Գեղարքունիքի մարզում ստեղծված հիմքերը»,- փոխըմբռնման հուշագրի ստորագրման առթիվ շնորհավորելով ներկաներին՝ նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի ղեկավար Էսթեր Հակոբյանն էլ նշեց, որ Գեղարքունիքի մարզը զբոսաշրջության զարգացման համար ունի բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները և հույս հայտնեց, որ 2019 թվականի վերջին մարզում ակնառու կլինեն այդ ուղղությամբ իրենց կողմից իրականացված աշխատանքները:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06