Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի քաղաքում կվերականգնվեն ֆուտբոլային հարուստ ավանդույթները

09.11.2018

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանին և Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեց Մարտունի քաղաքում ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու և ֆուտբոլի մարզադպրոց հիմնելու հարցը:
«Ինչպես գիտեք, «Ալաշկերտ» թիմը նախկինում ներկայացրել է Մարտունի քաղաքը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մտադիր եմ զարգացնել եւ մասսայականացնել ֆուտբոլը իմ հարազատ քաղաքում: Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր: Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը: Մի քանի տարի առաջ էլ ունեցել եմ նույն նպատակը, սակայն բանակցություններն այն տարիների մարզային ու քաղաքային իշխանությունների հետ հաջող ընթացք չեն ունեցել: Հիմա ակնկալում եմ համարժեք աջակցություն՝ համապատասխան հողատարածք հատկացնելու և մարզադպրոց հիմնելու համար:Մարզադպրոցի սպասարկման ամբողջ ծախսը հոգալու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը»,- նշեց Բագրատ Նավոյանը:
«Ալաշկերտ»ակումբի նախագահի առաջարկին դրականորեն արձագանքեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մարտունու «Ալաշկերտ» թիմը սիրելի էր ոչ միայն քաղաքի, այլ նաև շրջանի գյուղերի երկրպագուների համար: Այդ թիմի կազմում խաղում էին մեր շրջանի գյուղերի շնորհալի ֆուտբոլիստներ: Համոզված եմ, որ հիմա էլ, երբ Մարտունիում վերականգնվեն ֆուտբոլային ավանդույթները, շատ շնորհալի երեխաներ ի հայտ կգան, մարդիկ կշարունակեն իրենց ժամանցը կապել հարազատ թիմի հետ: Մենք կանենք հնարավորը, որպեսզի Մարտունիում ֆուտբոլը զարգացնելու ձեր ծրագրերը կյանքի կոչվեն: Շատ ուրախալի է, որ Սևան քաղաքից հետո Մարտունիում ֆուտբոլի մասսայականացման ու զարգացման հեռանկարներ են բացվում»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Առաջարկին դրականորեն արձագանքեց նաև Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: «Քաղաքի իշխանությունները լիովին պատրաստակամ են՝ մարզադաշտի և ֆուտբոլի դպրոցի կառուցման համար համապատասխան հողատարածք հատկացնելու: Մենք հիմա «Ալաշկերտ» ակումբի նախագահի հետ քննարկում ենք երկու հիմնական տարբերակ, որոնցից արդյունավետն ընտրելու դեպքում սկսելու ենք գործնական քայլերը: Կարծում եմ, որ շատ շուտով մենք կգանք փոխադարձ համաձայնության, կընտրենք մարզադաշտի կառուցման վայրը: Մենք ունենք ֆուտբոլի մանկապատանեկան թիմ, որը զգալի հաջողություններ է գրանցում հանրապետական ստուգատեսներում: Ի դեպ, այդ թիմի արտագնա խաղերի մեկնման ծախսերը հոգում է հենց Բագրատ Նավոյանը: Հավատացած եմ, որ Բագրատ Նավոյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մենք կստեղծենք ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոց, կաճեցնենք շնորհալի ֆուտբոլիստներ »,- հավաստեց Մարտունու քաղաքապետը:
Բագրատ Նավոյանը միաժամանակ հույս հայտնեց, որ հողատարածքի հատկացման դեպքում Մարտունիում ֆուտբոլի մարզադաշտի կառուցման աշխատանքները կարող են մեկնարկել 2019 թվականի մարտ ամսից:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:35:43